Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Վերջին ժամանակաշրջանում բուժհիմնարկների համար անվտանգության նորմերը հետևողականորեն խստացվում են:

Հիվանդանոցները, հոսպիտալները, պոլիկլինիկաները, որպես կանոն, խոշոր շենքեր են, ուր մշտապես հաճախում են շատ այցելուներ, և որոնցում գտնվում են մեծ թվով բուժվող հիվանդներ: Բուժհիմնարկների շենքերում տեղադրվում են թանկարժեք, բարդ համակարգեր ու բուժսարքավորումներ: Շենքերի մեծ մասը մտնելու թույլտվությունը ազատ է գործնականում բոլորի համար: Գործոնների այս զուգակցումը մի շարք վտանգներ ունի և պահանջում է համալիր մոտեցում անվտանգության ապահովման ժամանակ:

Մասնագետները խորհուրդ են տալիս բուժհիմնարկների անվտանգության հարցը լուծել համալիր տեխնիկական միջոցների օգնությամբ, որոնցից հիմնական են համարվում՝

հիվանդանոցի կամ հոսպիտալի տեխմիջոցների վահանակային կառավարումը /տցսՖՑՏՉՏպ ցտՐՈՉսպվՌպ/ և շենքեր մտնելու վերահսկման համակարգը: Այստեղ անհրաժեշտություն է առաջանում համակարգի մեջ ինտեգրել նաև տեսախցիկային դիտարկման համակարգը, իսկ հրդեհի մասին նախազգուշացման համակարգի անհրաժեշտությունը նույնիսկ չարժե մեկնաբանել:

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոսպիտալների, հիվանդանոցների կամ պոլիկլինիկաների պահպանությունը, որտեղ բուժման են դիմում կամ մշտապես գտնվում են հիվանդ մարդիկ, ինքնըստինքյան առանձնահատուկ են և պահպանության հարցում պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում:

Փաստ է, որ բուժհիմնարկների պահակներին «ճնշում, հոգնեցնում է» ոչ այնքան ֆիզիկական, որքան հոգեբանական ծանրաբեռնվածությունը: Ուստի այդ աշխատանքը պահանջում է պահակների համապատասխան ընտրություն: Այստեղ պետք է աշխատեն մարդիկ, որոնք ունեն ոչ միայն ամուր նյարդեր, այլև կարեկցանքի զգացում, ունակ են հիվանդ մարդուն քաջալերելու խոսքով, իսկ անհրաժեշտության դեպքում օգնելու նրան գործով՝ բարձրանալ սանդուղքով կամ իջնել, վերելակի խուց մտցնել հաշմանդամով սայլակը և այլն: Պահակները, բացի իրենց պետերից, ենթարկվում են բուժհիմնարկի ղեկավարությանը և հերթապահ բժշկին:

Բուժհիմնարկի պահպանության համար նախընտրելի մարտավարությունը կառուցվում է հետևյալ կերպ (տարբերակով)`

-անցագրային ռեժիմի իրականացումը ՀԱԿ-ում, բուժհիմնարկի աշխատակիցների անցումն այնտեղով իրականացվում է անցագրերով, այցելուներինը` միայն հատուկ սահմանված օրերին և ժամերին, կարող է նաև իրականացվել անցագրերով: Բուժման ինքնուրույն ընդունված (ներկայացած) անձանց ներս են թողնում բուժման ուղեգիրը ներկայացնելու դեպքում և ընդունարանի հերթապահի հետ համաձայնեցմամբ: Հիվանդներին շտապ օգնության մեքենաներով տեղ հասցնելու դեպքում նրանց ներս են թողնում առանց փաստաթղթերի ստուգման,

– ավտոտրանսպորտը բաց են թողնում երթուղային թերթիկների առկայության դեպքում, և եթե տրանսպորտը ներառված է տվյալ օրը ավտոտրանսպորտի օգտագործման պլանում: Գիշերը ավտոտրանսպորտը բաց են թողնում, որպես կանոն, միայն հերթապահ բժիշկի կարգադրությամբ,

– Շտապ օգնության մեքենաները բաց են թողնում, որպես կանոն, անարգել,

-հիմնարկի աշխատակիցների ավտոտրանսպորտը բաց են թողնում տարածք, եթե անձնական ավտոտրանսպորտի կայանատեղին սարքավորված է հիմնարկի տարածքում, կամ նրանք գտնվում են այն աշխատակիցների ցուցակում, որոնց թույլատրված է մտնել բուժհիմնարկի տարածք իրենց ավտոտրանսպորտով: Այդպիսի ցուցակները կազմվում ու ստորագրվում են բուժհիմնարկի ղեկավարի կողմից և պահվում են ՀԱԿ-ում:

-բուժհիմնարկի հիվանդների ընդունարանի մուտքի պահպանությունը: Այստեղ ընդունվում են զինծառայողներ ու քաղաքացիներ, որոնք բուժման են եկել իրենք կամ որոնց բերել (տեղափոխել) են շտապ օգնության մեքենայով: Հիվանդների մոտ եկած այցելուներն ուղարկվում են տեղեկատու /անցագրային/ բյուրո, որը գտնվում է, որպես կանոն կամ ՀԱԿ-ի շենքում, կամ էլ ընդունարանի կողքին: Այնտեղ այցելուները ստանում են տեղեկանք, թե որ բաժնում, որտեղ և որ հարկում է գտնվում հիվանդը, որի մոտ նրանք եկել են, մթերքներից ինչն է թույլատրվում ներս տանել, իսկ ինչը` արգելվում, որտեղ կարելի է ստանալ սպիտակ խալաթներ և մաշիկներ (չստեր), եթե դա նախատեսված է այն հիվանդներին այցելելու կանոններով, որոնք չեն կարող քայլել: Եթե հիվանդին թույլատրված է քայլել, ապա նրան բաժնի հերթապահ բուժքրոջ միջոցով կանչում են այցելուների սենյակ: Որոշ բուժիչ հիմնարկներում այցելուների համար գրում են անցագրեր:

-բուժհիմնարկի մուտքի մոտ ծառայություն կատարող պահակները անցագրերի հիման վրա վարում են այցելուների հաշվառման մատյանը և հիվանդի մոտ թողնում (ուղեկցում) միայն ղեկավարության հետ համապատասխան համաձայնեցումից հետո:

-բուժհիմնարկի առավել կարևոր զետեղարանների և օբյեկտների (առանձնասենյակների, պահեստների, գարաժի, դեղատան և այլն) պահպանությունը: Տվյալ օբյեկտները պահպանության են հանձնվում աշխատանքային օրվա ավարտին: Դրանց ընդունման ուրվագիծը (սխեման) հետևյալն է` հիմնարկի աշխատողը հեռախոսով կանչում է պահակին և նրան է հանձնում զետեղարանը (սենյակը): Պահակը ստուգում է` արդյոք բոլոր էլեկտրասարքերը անջատված են, չկան արդյոք հրշեջ (հրդեհային) անվտանգության կանոնների խախտման նշաններ: Այնուհետև աշխատողը փակում ու կնքում է զետեղարանը (սենյակը) և ստորագրում է զետեղարանների (սենյակների) ընդունման-հանձնման մատյանում` հանձնելու համար, իսկ պահակը` զետեղարանը (սենյակը) պահպանության վերցնելու համար: Որոշ օբյեկտներ, իսկ դեղատները և բժշկական պատրաստուկների (պրեպարատների) պահպանման պահեստները պարտադիր կարգով դրվում են ազդանշանային համակարգի տակ: Օբյեկտի (զետեղարանի) բանալիները նույնպես հանձնվում են պահպանության, որպես կանոն, կնքված տուփի մեջ և ստորագրությամբ` բանալիների ընդունման-հանձնման մատյանում: Պահպանման ընդունված զետեղարանները (սենյակները) և օբյեկտները պարբերաբար, ըստ բուժհիմնարկի ղեկավարության կողմից հաստատված և համաձայնեցված ժամանակա-ցույցի (գրաֆիկի), շրջայցի են ենթարկվում պահպանության աշխատակիցների կողմից: Յուրաքանչյուր շրջայցից հետո նրանք նշում են կատարում տարածքի շրջայցի արդյունքների գրանցման մատյանում կամ օբյեկտի ընդունման-հանձնման մատյանում:

-բուժհիմնարկի տարածքի պահպանությունը. իրականացվում է պարեկության եղանակով: Պարեկության համար կարող են կիրառվել նաև ծառայողական շներ, բայց այդ դեպքում պարագծով պետք է տեղադրվեն ցուցանակներ, որոնք զգուշացնում են, որ տարածքը պահպանվում է շներով: Շրջայցերն իրականացվում են ըստ ժամանակացույցի (գրաֆիկի):

-բուժհիմնարկի` թմրամիջոցներ ստացող աշխատակիցների ուղեկցումը. այդ խնդիրն առաջադրվում է պահակներին այն դեպքում, եթե պահպանության ծառայության կատարման պայմանագրում նախապայման է դրված` իրականացնելու բազաներից ստացվող թմրամիջոցների ուղեկցումն ու պահպանությունը: Ստացումը կատարվում է, որպես կանոն, ամիսը մեկ-երկու անգամ: Թմրամիջոցները ստանում է դեղատան պետը կամ համապատասխան լիազորագիր ունեցող բուժաշխատողը: Այդ անձանց պահպանությունը և ուղեկցումը իրականացնում են պահպանության աշխատակիցները:

Պահպանության նմանատիպ կազմակերպման դեպքում բուժհիմնարկի հերթապահ բժշկի պարտականություններից շատ պարտավորություններ դուրս են գալիս, հնարավորինս կրճատվում է հերթապահության կազմը /չի նշանակվում առանձին զորամասի հերթապահ, չի նշանակվում օգնական, առանձին հերթապահ բժիշկ, փոխարենը հոսպիտալի հերթապահի տեղը կահավորվում է ընդունարանում` ծառայությունը տանում է ընդունարանից, իսկ օգնականի պարտականությունները կատարում է ընդունարանի հերթապահ բուժքույրը և այլն/:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ
ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ
վարչության պետի տեղակալ

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Ռազմական


22/08/2012