ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ
Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման օրը Սուրբ պատարագից հետո կատարում են խաղողօրհնության կարգը և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին:
Ինչո՞ւ է օրհնվում հենց խաղողը:
Աստծո Միածին Որդու գալստյամբ կրկին օրհնվեցին մարդկային բնությունը և բոլոր զգալի արարածները, որոնք անիծվել էին Ադամի մեղսագործության պատճառով: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները` Իրեն Խաղողի որթ անվանելով` ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը` Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը` այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Այնուհետև գինին` խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով` օրհնեց` ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:
Տերը նախապես մարգարեությամբ հայտնել էր, որ գինին ուրախացնում է մարդուն և լուծարում նրա տրտմությունը (Սաղմ. ՃԳ 15): Այդ մասին նաև Նոյի պատմությունից ենք իմանում, երբ նա տրտմեց` աշխարհի ապականության պատճառով, Տերը նրան գինին տվեց մխիթարվելու համար, ինչը զմայլեցրեց Նոյին (տե՛ս Ծննդ. Թ 21): Իսկ Մելքիսեդեկը հացն ու գինին պատարագեց` մատուցելով Աբրահամ նահապետին` որպես օրինակ Տիրոջ` Վերնատանը մատուցած պատարագի: Եվ երբ լրանում են ժամանակները, Տերը գալիս է Վերնատուն և տալիս Իր կենարար Արյունը` որպես կրկնակի ուրախության բաժակ, մեղքերի քավության և հոգու իմաստության համար:
Այդպիսով՝ խաղողը կրկնակի օրհնության արժանացավ` օրհնվելով և՛ առաջին արարչության ժամանակ, և՛ երկրորդ, որը և ամեն տարի որպես մեր հանդերի ու այգիների երախայրիք նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն: Այդ պատճառով էլ սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը:
Քահանան օրհնում է ժողովրդի կողմից ընծայված խաղողի ողկույզները, պտղին միացնելով Աստծու օրհնությունը, որպեսզի այդ պտուղների նյութական ճաշակմամբ մեր հոգում ընդունենք Աստծու իմանալի շնորհները` ստանալով մաքրություն, մեղքերի թողություն և լինենք արժանի` ճաշակելու Կենաց ծառից: Քահանան խնդրում է Տիրոջից նաև օրհնել նվիրատուներին և այդ անցավոր պտղի փոխարեն նրանց հատուցել անմահ կյանքի վայելչությամբ: Խնդրում է նաև, որ Տերը օրհնի այն բոլոր որթատունկերը, որոնցից հատվել են այդ պտուղները, որպեսզի դրանք լինեն պտղատու, պարարտ, իսկ հանդերն ու անդաստաններն անփորձ մնան բոլոր պատուհասներից, որոնք լինում են մեր մեղքերի պատճառով. կարկուտից, ցրտահարությունից, խորշակից, վնասատուներից և այլն:
Միաժամանակ դիմում ենք սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, Ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը` Հիսուս Քրիստոս:
Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Հոգևոր-մշակութային