ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳՈՐԾԸ
Գաղտնիք չէ` դասակի հրամանատարը ծառայական աստիճանակարգում իր ուրույն ու կարևոր տեղն է զբաղեցնում, որի պաշտոնը սպայական առաջընթացի ճանապարհին յուրահատուկ ցատկահարթակ է, որից սկսվում է ամեն մի սպայի կայացումը: Ինչքան ամուր հիմք դրվի, ինչքան գիտելիքների ու փորձառության մեծ պաշար կուտակվի այդ շրջանում, այնքան ավելի հեշտ կլինի ավելի բարձր պաշտոններում ծառայելը: Բացի այդ, հենց դասակի հրամանատարն է յուրաքանչյուր պահի շփվում զորքի հետ, իրականացնում ստորաբաժանման անմիջական ղեկավարումը: Եվ միանգամայն բնական է, որ այս պաշտոնում ծառայող սպաներին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում:
Օրինակ` անցած տարի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կազմակերպվեց ՀՀ ԶՈՒ երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ կոնֆերանսը, որին մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսպիսի համաժողովի անցկացումը և երկրի նախագահի` գերագույն գլխավոր հրամանատարի մասնակցությունը ինքնին վկայում են, որ բանակի երիտասարդ սպաների ծառայողական, կենցաղային և մյուս բոլոր հիմնախնդիրները գտնվում են պետության, պաշտպանության նախարարության ղեկավար կազմի ուշադրության կենտրոնում: Կոնֆերանսի ընթացքում արծարծվեցին նաև դասակի հրամանատարներին առնչվող բազում խնդիրներ: Իհարկե, առկա բոլոր խնդիրները մեկ կոնֆերանսի ընթացքում հնարավոր չէ լուծել, սակայն հնարավոր եղավ վեր հանել երիտասարդ սպայի աշխատանքի բարելավմանը միտված հիմնական ուղղությունները: Բոլոր մասնակիցներն էլ հաստատապես հիշում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթի հետևյալ հատվածը. «Մարտունակության բարձրացման չափազանց ճկուն և արդյունավետ մեխանիզմ կգործի, եթե երիտասարդ սպան գիտակցի, որ հիմա, հենց այս տարիքում ինքը պիտի անխնա աշխատի, որ միայն հիմա է ի վիճակի կրելու ծառայության բոլոր դժվարությունները և ամենամեծ պահանջները դնելու իր անձի առջև: Հավատացնում եմ` անխուսափելիորեն նույն ճանապարհն են անցել բոլոր այն մարդիկ, որոնք այսօր զինված ուժերում բարձրագույն հրամանատարական պաշտոններ են զբաղեցնում»:
Իսկ ինչպիսի՞ն է զորամասային իրականությունը: Արդյո՞ք բոլոր նորաթուխ լեյտենանտներն են կարողանում ինքնահաստատվել կարճ ժամանակում և հաղթահարել առաջընթացի խորդուբորդ ճանապարհը: Չէ՞ որ սահմանված լիազորություններն ու հնարավորությունները պետք է լիարժեք օգտագործել մասնագիտության մեջ հմտանալու համար:
Օրերս զորամասերից մեկում էինք, հետևում էինք մարտական պատրաստության շրջանակներում անցկացվող միջոցառումներին: Կարճատև դադարների ընթացքում զրուցեցինք մարտկոցի (հրետանային դասակի) հրամանատար կապիտան Ա. Մելոյանի հետ:
-Մեր երկրի ռազմաուսումնական հաստատությունները պատրաստում են հարուստ գիտելիքներ ունեցող մասնագետների, սակայն սպայի կայացման հիմնական փուլն սկսվում է ռազմական բուհն ավարտելուց հետո` ծառայության ընթացքում: Ռազմաուսումնական հաստատությունների ավարտական կուրսերի կուրսանտները ստաժավորման ընթացքում լինում են զորամասերում, ծանոթանում գործնականում իրենց տեսական գիտելիքների կիրառման առանձնահատկություններին: Զորամասում արդեն երիտասարդ սպան բախվում է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրների` նոր միջավայր, ավելի մեծ պատասխանատվություն, հրամանատարների, անձնակազմի հետ աշխատելու կարողության դրսևորում և այլն, որոնց ճիշտ արժեւորումը նպաստում է սպայի` որպես անհատի, հրամանատարի ու մասնագետի լիարժեք ձևավորմանը:
2004թ. ավարտել եմ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Ծառայել եմ տարբեր զորամասերում, նաև` սահմանամերձ: Ծառայությանս տարիների ընթացքում ոչ մի անգամ տույժ չեմ ունեցել, այլ միայն` խրախուսանքներ: Գրեթե յուրաքանչյուր ուսումնական փուլի ավարտին ճանաչվել եմ լավագույն մարտկոցի հրամանատար` ի շնորհիվ անմիջական և վերադաս հրամանատարներիս ճիշտ խորհուրդների: Երբեմն ռազմական բուհն ավարտող երիտասարդ սպաները կարծում են, թե այլևս սովորելու բան չունեն, սակայն դա մոլորություն է, և շուտով իրենք էլ համոզվում են, որ սպան պետք է անդադար սովորի, որ ուսումնական ամեն մի վարժանքի պետք է ավելացնի իր փորձառությունը, որպեսզի հատկապես հավանական մարտական իրավիճակում կարողանա կառավարել անձնակազմը, ճիշտ հրամաններ արձակել: Ի վերջո, ինչ նպատակ է հետապնդում սպայի ուսուցումը: Նա պետք է մարտական ստորաբաժանում ղեկավարի, նաև` մարտի դաշտում: Իսկ մարտական գործողությունները վաղուց արդեն հստակ պլանավորված սցենարով չեն անցկացվում: Ուրեմն հարկավոր է անընդհատ կատարելագործվել, ծանոթանալ մարտի վարման ժամանակակից մեթոդներին` հենվելով ավագ սպայակազմի մարտական փորձի վրա: Միգուցե շատերը կասեն, թե ամենօրյա ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս լրացուցիչ ինքնապատրաստությամբ զբաղվել, սակայն հավատացնում եմ` պարբերաբար թեկուզև մի քանի էջ մասնագիտական գրականություն կարդալով, այլ օղակների փորձն ուսումնասիրելով ավելի վստահ ես դառնում քո գործողություններում: Այստեղ առկա է նաև հարցի մեկ այլ, ոչ պակաս կարևոր կողմը: Պատկերացրեք, որ ձեզ ենթակա զինվորը ինչ-որ մասնագիտական հարց է տալիս, և դուք չեք կարողանում պատասխանել: Ինչքան էլ փորձեք շրջանցել հարցը, միևնույն է, ձեր անտեղյակությունը զինվորների շրջանում համապատասխան կարծիք կձևավորի:
Ծառայության մի քանի տարիների ընթացքում միանշանակ համոզվել եմ, որ սպան, հատկապես դասակի հրամանատարը պետք է նաև հոգեբան լինի: Նա ամեն օր շփվում է տարբեր բնավորության տեր երիտասարդների հետ` ինքը լինելով նրանցից երկու-երեք տարով մեծ կամ նույն տարիքի: Ցավոք, այս հարցը դեռ պատշաճ մակարդակի վրա չէ: Հենց այդ պատճառով էլ գրեթե տարեկից երիտասարդ սպայի ու զինվորի միջև երբեմն տարաձայնություններ են առաջանում` հանգեցնելով ոչ կանոնադրային հարաբերությունների, առավելապես այն դեպքերում, երբ սպան թույլ է տալիս խախտել զինվորական ենթակարգությունը: Ճիշտ կլիներ հատուկ հոգեբանական պատրաստություն անցկացնել հենց դասակի հրամանատարների համար, ինչը, հավատացած եմ, անարդյունք չէր անցնի: Հոգեբանական պատրաստությունը կարևոր է նաև այն առումով, որ երիտասարդ սպան հաճախ կյանքում առաջին անգամ պատասխանատվություն է կրում ուրիշների համար:
Իհարկե, ինքն իր վրա աշխատելու, նվիրված ծառայության շնորհիվ երիտասարդ սպան կարող է առաջընթաց ունենալ: Նրանից է կախված ենթակա ստորաբաժանման պատրաստականության վիճակը: Սակայն ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նշեմ, որ ամեն մի երիտասարդ սպայի համար անչափ կարևոր է ծառայության սկզբնական շրջանում ավագ սպաների և հրամանատարության ցուցաբերած անաչառ վերաբերմունքը: Շրջեք տարբեր զորամասերում, զրուցեք արդեն կայացած սպաների հետ և կհամոզվեք` կայանում է այն սպան, որին ճիշտ են ուղղորդել փորձառու հրամանատարները, անհրաժեշտ խորհուրդներ և մասնագիտական օգնություն են ցույց տվել, գուցեև «չեն նկատել» որոշակի թերացումները` փոխարենը վստահություն ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Ազգային բանակ