Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԱՆԾԱՅՐԱԾԻՐ ՀԱՅՐԵՆԻՔ



Ես ծնվել եմ «պատերազմի տարին»՝ տատս այդպես էլ ասում էր՝ պատերազմի տարի, հետո գորովանքով նայում էր մորս ու ավելացնում. «Մենակ մորդ մտքով կանցներ երեխա բերել էն տարին»… Էն տարին 1993 էր։ Ես չեմ հիշում ցուրտը, խավարը, սովը… Բայց շատ լավ եմ հիշում հորս զրույցները Հայրենիքի ու Պատերազմի մասին։ Այս երկուսը՝ Հայրենիքն ու Պատերազմը, իմ մանկության ամենակարեւոր դեմքերն էին ու ամենավառ կերպարները։ Հայրս վատ հոգեբան էր, այլապես 3-4 տարեկան երեխային չէր ասի. «Մոնթեն թողեց ամեն ինչ, եկավ Հայաստան, կռվեց ազերիների դեմ ու զոհվեց հայրենիքի համար… դու պիտի Մոնթեի նման ուժեղ ու հայրենասեր լինես եւ կյանքդ չխնայես հայրենիքի համար»։ Անկեղծ ասած, ինձ այնքան էլ դուր չէր գալիս Հայրենիքի համար զոհվելու գաղափարը։ Ես այնքան մեծ էի, որ հասկանամ, թե ինչ է մահը, եւ այնքան խելահաս, որ հարց տամ ինքս ինձ՝ ի՞նչ է հայրենիքը, ո՞վ է հայրենիքը, ինչո՞ւ պիտի նա ավելի թանկ լինի ինձ համար, քան սեփական կյանքս։ Այս հարցերի պատասխանը ես որոնում էի տարիներ շարունակ։ Ես որոնում էի Հայրենիքս՝ հավաքելով նրա խճանկարը՝ գույն առ գույն, պատկեր առ պատկեր, հույզ առ հույզ… Երբ զորակոչվելու շեմին էի, Հայրենիքիս պատկերն իմ սրտում այնքան գունեղ ու մեծ էր, որ ոչ մի երկվություն չկար զինվորական երդումն արտաբերելիս, ու հայրենիքի համար կյանքը չխնայելու խոստումը հոգուս խորքից էր գալիս։

Արդեն մեկ տարի է, ինչ բանակում եմ։ Սա բոլորովին ուրիշ աշխարհ է, այնքան մոտ է Հայրենիքին, այնքան շոշափելի է հայրենիքն այստեղ…ու ամեն օր գտնում եմ մի փոքրիկ հայրենիք՝ ավելացնում մի նոր գույն, մի նոր ապրում, մի նոր երանգ՝ իմ հայրենիքի բազմագույն ու լայնածավալ խճանկարին։ Ամեն օր ես գտնում եմ մի փոքրիկ հայրենիք՝ նվիրված ու հավատարիմ զինակից ընկերոջս մեջ… այն հրամանատարի մեջ, որը կողքիս է դժվար պահին, կիսում է հոգսս, ուրախությունս ու տխրությունս… Այն սպաների կենսագրության մեջ, որոնք Արցախյան պատերազմից հետո չեն հանել զինվորական համազգեստն ու մի ամբողջ կյանք են նվիրել հայրենիքին՝ սկսած Արցախյան պատերազմից … ու Հայրենիքս մեծանում է օր օրի։

Օրեր առաջ էլի մի գույն ավելացավ իմ հայրենիքի խճանկարին, մի տաք ու սիրելի գույն… Ես ու ընկերս՝ Գեւորգ Թովմասյանը, ազատարձակում էինք ստացել։ Թափառում էինք քաղաքի փողոցներում՝ զորամասի պատերից դուրս շնչում ազատության օդը, վայելում փթթած կանաչն ու հիանում գեղեցիկ աղջիկներով։ Հանկարծ երկու տատիկ մոտեցան մեզ։

-Զինվո՞ր եք։

-Զինվո՛ր ենք,- ասացինք,- ազատարձակում ենք ստացել։

-Գնանք մեր տուն…- այնքան սեր ու գորով կար տատիկի աչքերում,- կհյուրասիրեմ ձեզ, կնստենք, կզրուցենք։ Տաք ճաշ կուտեք…

-Այ տատի ջան, տաք ճաշ զորամասում էլ կա,- նեղսրտեց Գեւորգը,- հո սոված չե՞նք։

-Իմ եղբայրը զոհվեց հայրենական կռվում, Եգոր էր անունը, զինվոր էր։- Տատիկի աչքերի տխրությունը մգացավ, դարձավ արցունք։- Գնաց ու հետ չեկավ եղբայրս։ Ամեն զինվորի մեջ նրան եմ տեսնում, նրա կարոտը ձեզ պես զինվորներից եմ առնում։

Ես ու Գեւորգը նայեցինք իրար, լուռ վեր կացանք, վերցրինք տատիկների տոպրակներն ու առաջ ընկանք։

…Տունը մեծ էր, փայտաշեն, գեղեցիկ։ Հյուրընկալությունը ջերմ էր ու անկեղծ։ Մենք չկարողացանք հրաժարվել Լաուրա տատիկի սուրճը վայելելու հաճույքից։ Հետո նրանք սկսեցին հարցեր տալ մեզ, այնքան սեր ու սրտացավություն կար նրանց հարցերի մեջ, այդպես էր հարցնում մայրս, երբ զորակոչվելուց հետո առաջին անգամ տեսավ ինձ՝ հո դժվար չի՞, հո սոված չե՞ս մնում, հրամանատարներդ հոգատա՞ր են, հո գիշե՞րը չես բացվում, հո չե՞ս հոգնում…

-Միշտ եկեք մեր տուն,- մեզ ճանապարհելիս ասաց Լաուրա տատիկը։- Մեր տան դռները միշտ բաց են ձեր առաջ, եկեք լողացեք, բերեք շորերդ լվանամ…

Ես զգում էի, թե ինչպես է ջերմանում սիրտս նրանց տաք ու սիրով լի բառերից։ Ես ուզում էի խոնարհվել ու համբուրել նրանց խորշոմած ձեռքերը։ Այդ երկու տատիկները՝ Լաուրա Աբրահամյանը եւ Ալլա Կարայանը, մի փոքրիկ հայրենիք էին, որ ես գտա այդ օրը։ Քեզ ուժ տվող, քեզ սխրանքի կոչող մի զուլալ ակունք՝ սիրո, գթասրտության, նվիրումի…

…Հայրենիք, այսպես եմ քեզ գտնում ամեն օր։ Այդպես դու ծավալվում ես սրտիս մեջ, դառնում անսահման ու անծայրածիր։ Եւ քո մեծությունը կիլոմետրերով չէ, որ պիտի չափվի, այլ իմ սիրո մեծությամբ ու սրտիս մեջ քո ծավալների անսահմանությամբ։ Որովհետեւ քո ուժը իմ սիրո մեջ է։ Ու այդ ուժը երբեք չի պարտվի։

Տիգրան Հովհաննիսյան
շարքային

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Բանակ և հասարակություն


22/08/2012