ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ
Գոռ Ավալյանի հրամանատարությամբ գործող գումարտակում ենք։ Գումարտակը մեր այցելությունից մի քանի օր առաջ է վերադարձել առաջնագծից եւ, առանց ժամանակ կորցնելու, անձնակազմը ձեռնամուխ է եղել մարտական պատրաստության պլանով նախատեսված նոր ուսումնական փուլի պարապմունքների անցկացմանը։
Փոխգնդապետ Գ. Ավալյանը այս գումարտակի հրամանատար է նշանակվել երկու տարի առաջ։ Ծնվել է Ճամբարակում։ Հայրը՝ այժմ պահեստի փոխգնդապետ Սերգեյ Ավալյանը, ինչպես նաեւ հարազատներից շատերը, իրենց մասնակցությունն են ունեցել ազատագրական պայքարին։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ծառայությունը ԶՈՒ-ում սկսել է 2000թ.՝ տարբեր սահմանամերձ զորամասերում։
Զրույցի ընթացքում հրամանատարը տեղեկացրեց, որ անցած ուսումնական փուլը ստորաբաժանման համար նշանավորվել է նկատելի հաջողություններով։ Գումարտակը մարտավարական զորավարժության, մարտավարական հրաձգությունից գլխավոր ռազմական տեսչության կողմից ստացել է բավարար գնահատական։ Պաշտպանության նախարար Ս, Օհանյանի կողմից դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Թեմուր Ջամզարյանը պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան», իսկ կրտսեր սերժանտ Գոռ Գեւորգյանը «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։
Մարտական այս գումարտակն աչքի է ընկել առաջնագծում իրականացրած ինժեներական եւ ամրաշինական աշխատանքներով։ Հերթափոխի օրերին, ծառայությանը զուգընթաց, զինվորները նորոգել են բլինդաժները, բարեկարգել շրջակայքը, ստեղծել են ավելի հարմարավետ ու ապահով դիտակետեր եւ կրակակետեր։
Ստորաբաժանման անձնակազմը հանգամանորեն պատրաստվել է նաեւ ընթացիկ փուլին։ Նախապատրաստական շրջանում կահավորվել են զորանոցի մասնագիտական պատրաստության դասասենյակները, թարմացվել ու համալրվել է ուսումնանյութական բազան։
Վերապատրաստման պարապմունքներ են անցկացվել ստորաբաժանման ինչպես սերժանտական կազմի, այնպես էլ դասակների ու վաշտերի հրամանատարների հետ։
Մեր այցելության ժամանակ նախապատրաստական փուլն արդեն ավարտած նորեկները այլոց թվում համալրում էին նաեւ մարտական գումարտակները։ Նկատելի է, որ ստորաբաժանման հրամանատարությունը նորեկների հանդեպ առանձնակի վերաբերմունք ունի, ստեղծվել են հնարավորինս լավ պայմաններ, եւ արվում է առավելագույնը, որպեսզի նրանք ընտելանան ստորաբաժանման առօրյային եւ աստիճանաբար ընդգրկվեն մարտական հերթապահության մեջ:
Ստորաբաժանումում առիթ ունեցանք ծանոթանալու, զրուցելու նաեւ աչքի ընկած ծառայողների հետ՝ կրտսեր սերժանտ Արեգ Զաքարյան, շարքայիններ Արկադի Նալբանդյան, Արման Թադեւոսյան, Սեւակ Սարգսյան, Գեւորգ Սարգսյան, Արթուր Բալեյան, Վարդան Մելիքյան։ Դիրքերից հետո մարտական հերթապահության արդյունքներն ամփոփելիս այս զինծառայողները հրամանատարության կողմից արժանացել են խրախուսանքի։
-Հրաշալի տղաներ են։ Հպարտ են, որ ծառայում են մարտական ստորաբաժանումում ու պաշտպանում են մեր երկրի սահմանները։ Հենակետ պահող զինվորը հերոս է,- ասաց գումարտակի հրամանատարը։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան