Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՄԱՅՐԵՐ



ԵՐԱՆԻ ԱՅԴ ՕՐԸ ԳԱ

Երբ վերջին անգամ «Արծիվ-13» ջոկատի տղաները մեկնեցին Արցախ, եւ Կարմիրավանի մարտերից հետո մինչ օրս անհայտ մնաց նրանց ճակատագիրը, այդ օրերին ջոկատի հրամանատար Ռուբիկ Եղոյանի մայրը՝ տիկին Թամարան, մի տարօրինակ, զարմանալի երազ տեսավ, որը մինչ օրս պատմում, վերհիշում է ու վերջում ավելացնում.

-Տղերքը ողջ են, բալես ողջ է՝ մի օր կգա, մի օր կգան, նրանք գերության մեջ են…

Երազում իբրեւ ես գտնվում եմ մի հարթ, կանաչ տարածության մեջ։ Դաշտավայրի միջով հոսում էր լայնահուն, առատահոս մի գետ, որի ջրերը, սակայն, սեւ-սեւ էին, պղտոր, գիշերվա մթության նման։ Իբր այդ գետի ափին մի բա՜րձր-բարձր աշտարակ էր կանգնած, որտեղ հերթով, հատ-հատ բարձրանում էին ջոկատի տղաներն ու ջրացատկորդների նման նետվում գետի էդ մութ ջրերի մեջ։ Առաջինը ջուրը նետվեց որդիս՝ Ռուբիկը, հետո ջոկատի մյուս տղաները։ Բոլորի հագին շերտավոր շորեր էին։ Հիշու՞մ եք համակենտրոնացման ճամբարներում մեր գերիների հագուստը՝ ճիշտ այդպիսի շորերով էին։ Աշտարակից նետվում էին ջուրը ու լողալով դուրս էին գալիս մյուս ափը։ Սեւ ջրից դուրս են գալիս, չեն խեղդվում՝ ուրեմն ողջ են… Տղաները, որդիս հաստատ գերության մեջ են ու մի օր տուն են գալու։

Աստված ջան, երանի տեսնեմ այդ օրը, տեսնեմ որդուս ու էն աշխարհ գնալուց ամուսնուս՝ Վաչիկին էդ բարի լուրը տամ,- արցունքն աչքերին ասում էր Թամարա մայրիկը։

ԷՆ ՔՅՈՌ ԳՅՈՒԼԼԵՆ…

Հանգստյան օրերին պաշտպանության նախարարության հատկացրած ավտոբուսներով Եռաբլուր պանթեոն են այցելում այնտեղ ննջող հերոս-նահատակների մայրերն ու քույրերը, այրիները, հարազատները։ Վշտահար սրտերը միաձուլվել են։ Խնկաբույր է տարածվում շուրջբոլորը:

Նրանք լռությամբ խնամում-ջրում են շիրմաթմբերի ծառ ու ծաղկունքը։ Հետո կեսօրին խումբ-խումբ հավաքվում են ծառերի ստվերներում ու ավելի շատ լռում են…

Բազմիցս պատմել են իրենց որդիների, ամուսինների, եղբայրների քաջագործություններից, նախասիրություններից, մանկությունից։ Ու թվում է, թե էլ պատմելու, վերհիշելու ոչինչ չի մնացել, սակայն ամեն հանդիպման ժամանակ նորից ու նորից վերհիշում են մի դրվագ, հիշողության մի մասունք… Մայրերն իրենց որդիներից, կանայք իրենց ամուսիններից, ու այդ պատմություններից շատերը ժպիտ են նկարում նրանց դեմքերին… Ճակատագիրը, հարազատների շիրիմները նրանց ձուլել, մերձեցրել է, ու ամեն մեկն ինչ-որ հարցով, ինչ-որ կերպ փորձում է օգնության ձեռք մեկնել մյուսին…

Այդպիսի օրերից մի օր Գրիգոր Կիրկոյանի (Գրիգոր Կիրկոյանը զոհվել է Վահան գյուղում, 1995-ի հունվարի 31-ին, երբ ծառայության ավարտին մնացել էր 16 օր) Տանյա մայրիկը (հրաշալի, համեստ մի հայուհի), դիմելով հավաքված մայրերին, Վարդանի Զարիկ մայրիկին, ասաց.

-Տեսնես՝ մենք կյանքում իրար կճանաչեի՞նք, կհանդիպեի՞նք, եթե չլիներ Եռաբլուրը, եթե չզոհվեին մեր հարազատները։ Էդ ի՞նչ քյոռ գյուլլա էր, որ մեզ էսպես միացրեց, կապեց իրար…

Գ. Շ.

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Հոգևոր-մշակութային


29/08/2012