Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՏ ՎԻՃԱԿԸ



Ադրբեջանական բանակում մահերի թվի աճն անհանգստացրել է իշխող վերնախավին: «Ենի Մուսավաթ» թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ նրա ռազմական հարցերով խորհրդական Վահիդ Ալիեւը զրուցել է պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ եւ հանդիմանել նրան` բանակում առկա թերությունների համար: Աբիեւին ասվել է, որ ադրբեջանական բանակում զինծառայողների հաճախակի դարձած մահերը լուրջ վնաս են հասցնում քաղաքական իշխանության հեղինակությանը:

Այս իրավիճակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ Մոբիլիզացիայի եւ զինակոչի պետական ծառայության (հանրապետական զինկոմիսարիատ) միջեւ հակամարտությունը հասել է գագաթնակետին: Այդ կառույցները միմյանց մեղադրում են ադրբեջանական բանակում տեղի ունեցող բացասական երեւույթների, զինակոչի ժամանակ հիվանդ երիտասարդներ զորակոչելու եւ ադրբեջանական բանակում առկա հազար ու մի թերության համար: Սաֆար Աբիեւի պաշտոնանկությանը ձգտող ուժերի մեջ նշվում են նաեւ Մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայության պետ Արզու Ռահիմովի, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի եւ Պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիեւի անունները, ովքեր իրար հետ կապված են բարեկամախնամիական կապերով: Ըստ ադրբեջանական gundeminfo.az լրատվական կայքի` զգալով մոտալուտ պաշտոնանկությունը` Սաֆար Աբիեւը վաճառքի է հանել Բաքվում իր ունեցած մի քանի շքեղ առանձնատները, որոնք ապօրինի կառույցներ են:

Ադրբեջանական բանակի հիմնախնդիրները փոխկապակցված են, և սխալված չենք լինի` ասելով, որ ցածր կարգապահության պատճառներից մեկն էլ սպաների սոցիալական վատ վիճակն է: Իսկ դրա հերթական վկայությունն է այն, որ Ադրբեջանի զորամասերում արգելել են բանկային վարկեր ստանալու համար աշխատավարձի չափի մասին տեղեկանքներ տրամադրել սպաներին (բացի հիպոթեկային վարկերից): Այս մասին «gafgazinfo.az»-ին հայտնել է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության զորքերի մի սպա, որը չի ցանկացել ներկայանալ: Նա ասել է, որ քիչ չեն այն սպաները, որոնք ի վիճակի չեն վերադարձնելու ստացած վարկերը և պարտք են բանկերին: «Վերոհիշյալ որոշումը թելադրված է բանկային վիճակագրությունից սպաների ծանր սոցիալական դրությունը թաքցնելու ցանկությամբ», -ասել է ադրբեջանական բանակի սպան:

Հարց է ծագում` մի՞թե այսպիսի բանակով է Ալիևը սպառնում Հայաստանին ու ԼՂՀ-ին: Հարցի պատասխանը մասամբ տրված է «The voice of Russia» ռադիոկայանի կայքում, ըստ որի` Ադրբեջանում իշխող ալիեւյան կլանը շահագրգռված չէ պատերազմով. «Ադրբեջանը հարուստ է նավթային ռեսուրսներով եւ մեծ եկամուտներ է ստանում էներգակիրների արտահանումից, սակայն երկրում իշխում է կոռուպցիան, եւ ազգային հարստությունը հասնում է միայն իշխող վերնախավին: Հակահայկական տրամադրությունները ալիեւյան ռեժիմին օգնում են կառչած մնալու իշխանության ղեկին, եւ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ընթացիկ ռեժիմին կդնի սպառնալիքի առաջ»:

Ռադիոկայանը գտնում է, որ չնայած ամեն օր Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարություններին, Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելու հավանականությունը խիստ ցածր է, քանի որ ոչ մի կողմն էլ շահագրգռված չէ պատերազմով: «Ադրբեջանում աճող դժգոհությունները կարող են վերածվել բողոքի զանգվածային ցույցերի, և այնտեղ «հարեւան թշնամական Իրանի օգնությամբ» կարող է կրկնվել «Արաբական գարնան» սցենարը», -կանխատեսում է ռադիոկայանը:

Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Ռազմաքաղաքական


29/08/2012