Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆԱԿՆԿԱԼԸ



Որդիներս` Արսենն ու Դավիթը, ծառայում են հայոց ազգային բանակում, սահմանային զորամասերում: Մեր ընտանիքի համար պատիվ է, որ հայրենասեր, բարեխիղճ ու պարտաճանաչ զավակներ ենք ուղարկել ծառայության: Ես երջանիկ մայր եմ, որովհետեւ տղաներովս հպարտանալու եւ ուրախանալու շատ առիթներ եմ ունեցել, նրանց ծառայության ընթացքում շնորհակալական նամակներ եմ ստացել հրամանատարներից: Արսենն ու Դավիթը ծառայում են անմնացորդ նվիրումով. Դավիթը արդեն մեկ տարի է, ինչ բանակում է, կրտսեր սերժանտ է, մյուս տղաս` Արսենը, հետախուզական վաշտում է, մի քանի ամսից կզորացրվի: Համոզված եմ, որ նրանց կարելի է վստահել հայրենիքի պաշտպանությունը: Մի անգամ Արսենը ասաց. «Մա՛մ, պիտի սահմանին կանգնես, որ հասկանաս հայրենիքին ծառայելն ինչ ա»: Ու ես հասկացա, որ նա մեծացել է, որ նրա համար հայրենիքը պատուհանից բացվող տեսարանը չէ միայն:

Արդեն 1.5 տարի է` որդիներս իրար չեն տեսել: Երազում էի, որ իմ ծննդյան տարեդարձին տղաներս մեկ շաբաթով գան, բոլորս միասին հավաքվենք տոնական սեղանի շուրջ, Դավիթս նստեր դաշնամուրի մոտ ու իմ սիրելի երգերից մեկը կատարեր, կարոտս առնեի:

Քանի որ Դավիթն իր հասանելիք արձակուրդը դեռ չէր ստացել, իսկ մյուս տղաս այն ստացել էր 2011թ. սեպտեմբերին, որոշեցի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին դիմել` խնդրելով, որ երկուսին էլ արձակուրդ տան: Ես նախարարին այլ հարցերով էլ էի դիմել եւ պատասխան էի ստացել անմիջապես` նույն օրվա ընթացքում, սակայն այս անգամ քանի օր է` արձագանք չկար: Մեր ամբողջ ընտանիքը անհանգստությամբ եւ անհամբեր սպասում էր: Ես էլ մտածում էի` գոնե պատասխանեն, եթե հնարավոր չէ՝ մերժեն, միայն թե արձագանքեն:

Ծնունդիս նախօրեին թեւաթափ եղած նստել էի սենյակի մի անկյունում, կատարյալ լռության մեջ, մեկ էլ դուռը բախեցին: Ո՞վ է` հարցրի: Պատասխան չստացա: Դուռը բացեցի եւ… կանգնած էին Արսենն ու Դավիթը` ծաղկեփունջը ձեռքներին: Հոգիս լցվեց անսահման հրճվանքով, աչքերս` կարոտի արցունքներով: Չգիտեի` ինչ անել: Ամուր գրկեցի տղաներիս եւ խոր շունչ առա, որ նորից չարտասվեմ: Օրհնում էի նախարարին եւ հպարտանում, որ իր զինվորին ու նրա ծնողին նման վերաբերմունքի է արժանացրել: Ես հավատում եմ մեր երկրի հզորությանը, անսասանությանը, ապագային, որովհետեւ գիտեմ, որ մեր նախարարի նման մարդիկ էլի կան: Մարդիկ, որոնք արժանավոր հայի օրինակ են բոլորի համար:

ՀԱՅԿՈՒՀԻ ՓԱՓԱԶՅԱՆ
Պատրաստեց Շ. Ստեփանյանը

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Բանակ և հասարակություն


29/08/2012