ՄԱՐԶԱԿԱՆ
ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ WBO ՎԱՐԿԱԾՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Բեռլինում կայացավ WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման մենամարտը Գերմանիան ներկայացնող երկու ուժեղագույն բռնցքամարտիկների՝ գոտու տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի եւ հավակնորդ, մեր հայրենակից Արթուր Աբրահամի միջեւ։ Հարկ է նշել, որ այս մենամարտը իսկապես չեմպիոնական գոտուն արժանի մենամարտ էր, որտեղ միմյանց դեմ էին դուրս ելել գրեթե հավասար ուժեր, մենամարտ, որտեղ բռնցքամարտիկներից եւ ոչ մեկը մյուսի նկատմամբ չուներ բացարձակ գերադասություն, թեպետ մասնագետները նախապատվությունը ի սկզբանե տալիս էին Արթուրին (Ավետիք Աբրահամյան)։ Եվ հիմնականում երկու պատճառով։ Նախ, որ մեր հայրենակիցը Գերմանիայում շատ լավ է հանդես գալիս եւ անցկացրած մենամարտերում երբեք խնդիրներ չի ունենում, եւ երկրորդ՝ նրա համար այս մենամարտը ինչ-որ տեղ ուներ նաեւ ճակատագրական նշանակություն՝ կա՛մ վերստին դառնալ աշխարհի չեմպիոն եւ շարունակել վերընթացը, կա՛մ էլ ինչպես իր մարզիչ, հանրահայտ Ուլի Վեգներն էր նկատել, պարտվելու դեպքում ընդմիշտ հրաժեշտ տալ պրոֆեսիոնալ բռնցքամարտին։
Մենամարտը պակաս կարեւոր չէր նաեւ գոտու տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի համար, որը հաղթանակի դեպքում, ինչպես Ուլի Վեգներն էր պատկերավոր ասել, կդառնար սուպերբռնցքամարտիկ, իսկ իր համար՝ սուպերհերոս։
Կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ անցկացրած երկու տպավորիչ եւ դրամատիկ մենամարտերից հետո թերեւս սա Արթուր Աբրահամի անցկացրած ամենից դիտարժան ու գեղեցիկ մենամարտն էր, որտեղ նա փայլեց իր ողջ զինանոցով՝ հարվածների ուժով, գրագետ մարտավարությամբ, հասուն տեխնիկայով։
Արթուրը հենց մենամարտի սկզբում տիրեց նախաձեռնությանը, ինչն ավելի բացահայտ դարձավ հատկապես 5-րդ ռաունդում, երբ նրա մի շարք տարաբնույթ, ուժգին հարվածները ուղղակի ցնցեցին չեմպիոնին, որի դեմքին նույնիսկ հայտնվեցին այտուցներ եւ կապտուկներ, Շտիգլիցը ստացավ աջ եւ ձախ հոնքերի պատռվածք, ինչի արդյունքում մրցավարը նույնիսկ մեկ անգամ կանգնեցրեց մենամարտը։ Շտիգլիցի մի քանի նպատակային ուժեղ հարվածներից թերեւս ամենատպավորիչը 9-րդ ռաունդում նրա կատարած ուժգին հարվածն էր, ինչը կարծես Արթուրին ուղղված «սթափության» կոչ էր։
Համեմատաբար փոխնիփոխ հաջողություններով, գրոհներով, հակագրոհներով անցան վերջին երեք ռաունդները, որից հատկապես վերջին երկուսում Արթուրը հիմնականում անցավ գրագետ պաշտպանության եւ միայն սրընթաց մեկ-երկու հակագրոհներով փորձելով «սանձել» հակառակորդին։
Այսպիսով՝ Արթուր Աբրահամը 116։112, 116։112, 115։113 հաշվով տարավ իր հերթական, բայց եւ դժվարին հաղթանակը, ինչը նրա համար վերստին ճանապարհ բացեց դեպի ապագա հաղթանակներ։ Անցկացրած 38-րդ մենամարտում Արթուրը տոնեց 35-րդ հաղթանակը եւ եռամյա ընդմիջումից հետո առաջին անգամ տիրացավ չեմպիոնական գոտուն, այս անգամ WBO վարկածով։ Նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի համար այս մենամարտը 45-րդն էր եւ 3-րդ պարտությունը։
ՖՈՒՏԲՈԼ
Բարսելոնայի «Քամպ Նոու» մարզադաշտում իսպանական գերակումբներ «Ռեալի» եւ «Բարսելոնայի» միջեւ կայացավ Իսպանիայի սուպերգավաթի առաջին հանդիպումը։ Գոլազուրկ առաջին խաղակեսին հաջորդեց հիրավի գոլային հրավառություն՝ գոլառատ երկրորդ խաղակեսը։ Նոր գլխավոր մարզչի՝ Տիտո Վիլանավայի գլխավորությամբ զգուշավորության տակտիկան ընտրած «Բարսելոնը» առաջինն իր դարպասը գոլ ընդունեց. հանդիպման 55-րդ րոպեին Քրիշտիանո Ռոնալդոն առաջ մղեց «Ռեալին», որից հետո նախ խաղի հաշիվը հավասարեցրեց Պեդրոն, ապա Մեսսին (11 մետրանոց) եւ Չավին խաղի հաշիվը դարձրին 3։1։ Միայն խաղավերջում Անխել դի Մարիան, իհարկե, առանց Վալդիսի «օգնության», հաշիվը դարձրեց 3։2։
Օգոստոսի 30-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում տեղի կունենա սուպերկլասիկայի պատասխան հանդիպումը, որտեղ էլ կորոշվի Իսպանիայի Սուպերգավաթակիրը։
Հ. ՍԱՄՎԵԼՅԱՆ
Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Մարզաշխարհ, Ուշադրության կենտրոնում