ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ
Երկրորդ համաշխարհայինի նախօրյակին մի շարք պետություններում սկսեցին աշխատել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ: Առաջիններից էր Գերմանիան, որը սակայն մինչև պատերազմի վերջն այդպես էլ չկարողացավ գործն ավարտին հասցնել:
Առաջին պետությունը, որը ոչ միայն ստեղծեց ու փորձարկեց, այլև կիրառեց միջուկային զենք` Միացյալ Նահանգներն էր, որը առաջին փորձարկումն իրականացրեց 1945թ. հուլիսի 16-ին, իսկ արդեն օգոստոսի 6-ին և 9-ին երկու ռումբ նետեց Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա:
Ատոմային ռումբ փորձարկած երկրորդ պետությունը Խորհրդային Միությունն էր, որն իր առաջին փորձարկումն անցկացրեց 1949թ. օգոստոսի 29-ին։
Այնուհետև փորձարկումներ անցկացնելով, իրենց` ատոմային տերություն լինելու մասին հայտարարեցին Մեծ Բրիտանիան (1952թ. հոկտեմբերի 3), Ֆրանսիան (1960 թ. փետրվարի 13), Չինաստանը (1964 թ. հոկտեմբերի 16):
Այս միտումները ՄԱԿ-ի Զինաթափման կոմիտեին ստիպեցին մշակել «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագիր, որն ուժի մեջ մտավ 1970թ. մարտի 5-ին։ Այսօր դրան միացել է 190 երկիր:
Պայմանագրի համաձայն` ատոմային տերություն են համարվում այն երկրները, որոնք մինչև 1967թ. հունվարի 1-ը միջուկային զենք են փորձարկել: Հենց այդ պետություններն էլ` ԽՍՀՄ (իրավահաջորդ` Ռուսաստան), ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, ձևավորեցին այսպես կոչված «միջուկային ակումբ»:
Պայմանագրի նպատակն էր կանխել միջուկային զենք ունեցող երկրների թվի ավելացումը, հասնել այն բանին, որ պայմանագիրը ստորագրած երկրները նման զենք չփորձարկեն և չաջակցեն այլ պետություններին` միջուկային երկիր դառնալու հարցում: Միաժամանակ, պայմանագիրը ողջունում է խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործումը: Այսօր պայմանագրին չեն միացել հաշված թվով երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը: Առաջին երեքը պայմանագիրը համարել են միջուկային տերությունների կողմից այլոց հանդեպ ճնշման և խտրականության դրսևորում։
Հնդկաստանն առաջին միջուկային փորձարկումն իրականացրեց 1974թ. մայիսի 18-ին, սակայն միջուկային տերություն լինելը պաշտոնապես խոստովանեց միայն 1998-ին կատարված փորձարկումներից հետո։
Ի պատասխան, Պակիստանում նույնպես աշխատում էին միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ, և 1998թ. մայիսի 28-ին` հնդկական 2-րդ փորձարկումից հաշված օրեր անց, Պակիստանը պայթեցրեց իր առաջին միջուկային սարքը։
Իսրայելը պաշտոնապես հերքում է միջուկային զինանոց ունենալը, և իր անցկացրած միջուկային փորձարկումների մասին անկախ աղբյուրներից ստացված տեղեկություններ չկան, բայց կան կասկածներ, որ 1979 թվականին Իսրայելը Հարավային Աֆրիկայի հետ համատեղ փորձարկում է իրականացրել։ Այնուամենայնիվ, գրեթե բոլոր փորձագետներն ընդունում են, որ Իսրայելն ունի միջուկային զենքի որոշակի պաշար։
Հյուսիսային Կորեան պայմանագրից դուրս գալու մասին հայտարարեց 2003թ. հունվարին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ ծագած խնդիրների պատճառով: Արդեն 2005թ. փետրվարին կորեացիները հայտարարեցին միջուկային զենք ստեղծելու մասին, իսկ 2006թ. հոկտեմբերի 9-ին իրականացրին առաջին պայթյունը:
Բացի վերոհիշյալ երկրներից, պայմանագիրը ստորագրած որոշ այլ պետությունների տնտեսական, գիտական և տեխնոլոգիական մակարդակը միջուկային զենք ստեղծելու հնարավորություն է տալիս:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԱԾ ԵՐԿՐՆԵՐ
1989թ. ՀԱՀ նորընտիր նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկի կոչով այդ երկիրը հրաժարվեց միջուկային զենքից` խուսափելու համար միջազգային հանրության կողմից սպառնացող մեկուսացումից և պատժամիջոցներից:
1992թ. երեք երկրներ` Ուկրաինան, Բելառուսը և Ղազախստանը, որոնք իրենց տարածքում ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած միջուկային զենք ունեին, միացան Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին: Պայմանագրի ստորագրումից հետո նրանց տարածքում տեղակայված միջուկային զենքը փոխանցվեց ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանին։
Փաստորեն` այս չորս պետություններն են, որ երբևէ ունեցել են միջուկային զենք, իսկ այնուհետև հրաժարվել են դրանից։
Վերջին տարիներին փոփոխական հաջողությամբ բանակցություններ են վարվում նաև Հյուսիսային Կորեայի հետ` փորձելով համոզել հրաժարվել միջուկային զենքից։
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Միջուկային տերություն դառնալու հնարավորություն ունեն Ավստրալիան, Գերմանիան, Կանադան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Նիդերլանդները։
Տարբեր տարիներին միջուկային զենք ստեղծել փորձել են կամ այդպիսի փորձեր անելու համար մեղադրվել են մի շարք պետություններ, օրինակ` Արգենտինան, Բրազիլիան, Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ալժիրը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և այլն։ Ընդ որում՝ վերջինը միակ երկիրն է, որը միջուկային զենք հաջողությամբ ստեղծելուց և փորձարկելուց հետո հրաժարվել է դրանից։
Այսօր միջուկային հավակնություններ ունենալու հարցում «գլխավոր մեղադրյալն» Իրանն է: Մեղադրանքներն առաջին հերթին հնչում են Իսրայելից. վերջինս բազմիցս սպառնացել է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին:
Դեռևս 2006թ. ապրիլի 9-ին Իրանի նախագահ Ահմադինեժադը հայտարարեց, որ Իրանում ավարտվել է լաբորատոր պայմաններում միջուկային վառելիք ստեղծելու տեխնոլոգիայի մշակումը: Այնուամենայնիվ, նա բազմիցս պնդել է, որ Իրանը ատոմային ռումբի կարիք չունի։ Միջուկային զենք ստեղծելու փորձերի համար դեռևս 2011թ. Իրանին մեղադրում էր նաև Միացյալ Նահանգները: Սակայն մարտի 28-ին` BBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան նշել է, որ Իրանը շարունակում է զարգացնել միջուկային ներուժը, բայց միջուկային զենք ստեղծելու որոշում դեռ չի կայացրել:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դրանցից ամենահայտնին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն է (ԱԷՄԳ), որը հիմնադրվել է 1957թ. ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման համար` որպես ՄԱԿ-ի համակարգում գործող միջկառավարական կազմակերպություն և այսօր միավորում է ավելի քան 100 երկիր։ Կազմակերպության հիմնական գործառույթներից է անդամ երկրներում միջուկային ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը` դրանց խաղաղ ուղղվածության մեջ համոզվելու նպատակով:
ԱՏՈՄԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Աշխարհում ատոմային զենքի վերջին փորձարկումն իրականացրել է Հյուսիսային Կորեան 2009 թվականին։
Խոշորագույն երկու միջուկային պետությունները` ԱՄՆ և Ռուսաստանը, 2010թ. ապրիլի 8-ին ստորագրել են «Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման և կրճատման մասին» երկկողմ համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ից: Այդ համաձայնագիրը արդեն յոթերորդ նմանատիպ փաստաթուղթն է, ներառյալ ԱՄՆ և ԽՍՀՄ միջև կնքվածները: 10-ամյա ժամկետով պայմանագիրը նախատեսում է ամեն կողմի համար միջուկային մարտագլխիկների կրճատում մինչև 1550 միավոր և կրիչների (միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, սուզանավերի բալիստիկ հրթիռներ, ծանր ռմբակոծիչներ) կրճատում` մինչև 700 միավոր:
Սակայն փաստենք, որ պայմանագրի այն կետը, որով նախատեսվում է հասնել ատոմային զենքի լիակատար ոչնչացման, դեռևս իրատեսական չէ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ
Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի (Federation of American Scientists) տվյալների համաձայն` «սառը պատերազմի» ավարտից հետո էլ աշխարհում առկա միջուկային մարտագլխիկների թիվը անցնում է 19000-ից: Դրանցից մոտ 4830-ը աշխատանքային վիճակում են, ընդ որում՝ ռուսական և ամերիկյան մարտագլխիկներից շուրջ 2000-ը բարձր պատրաստվածության վիճակում են, պատրաստ արագ կիրառման:
Միայն Միացյալ Նահանգները և Ռուսաստանն են հրապարակում իրենց ռազմավարական միջուկային զինանոցի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ (այդ թվում՝ վերոհիշյալ պայմանագրի շրջանակներում)։ Ռազմավարական նշանակության միջուկային զենք ունեն նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, սակայն դրանց պաշարների մասին ոչինչ պաշտոնապես չի հաղորդվում։ Ոչ ռազմավարական նշանակության միջուկային պաշարների մասին ճշգրիտ տվյալներ նույնպես չկան։ Այնուամենայնիվ, ելնելով տարբեր ժամանակներում հրապարակված հատվածային տվյալներից, տվյալների արտահոսքերից, ինչպես նաև այդ երկրների ընդհանուր գիտական, տեխնոլոգիական, հումքային, տնտեսական և այլ ներուժից, հնարավոր է լինում միջուկային զենքի պաշարների բավականին ճշգրիտ գնահատականներ տալ: 2010թ. դրությամբ՝ ամերիկյան ոչ ռազմավարական B61 տիպի 160-ից 200 ռումբ տեղակայված էր Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Թուրքիայում։
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Ռազմական