Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՆ ՔՐԴԵՐԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ
Ադրբեջանցի քաղաքական գործիչ Իբրահիմ Իբրահիմլին «Ենի Մուսավաթ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Նախիջևանը տեղացի բնակչությունից ազատելու եւ այն արտասահմանցի քրդերով բնակեցնելու հատուկ ծրագիր գոյություն ունի, և որ Նախիջեւանը վաղուց վերածվել է Ադրբեջանի իշխանության քաղաքական լաբորատորիայի, Գուանտանամոյի նման բանտի, մռայլ կղզու: «Դրա հետևանքով բնակիչների առնվազն 50%-ը լքել են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքը եւ այժմ բնակվում են Թուրքիայում, Բաքվում, Ռուսաստանում: Նրանց փոխարեն Նախիջեւանում բնակեցվում են Իրաքից, Սիրիայից եւ Իրանից եկած Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) համակիրները: Ավելին` Նախիջեւանում անգամ նշում են PKK-ի հիմնադրման 20-ամյակը», -ասել է Իբրահիմլին:
Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 1980-ական թվականներից Թուրքիայում զինված պայքարում է քրդական ինքնավարություն ստեղծելու համար: Թուրքական ԶԼՄ-ների գնահատականներով, մինչ այժմ այդ պայքարի հետևանքով երկու կողմից զոհվել է 40 հազարից ավելի մարդ: Թուրքիան PKK-ն հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն: Սիրիայի` Թուրքիայի հետ սահմանակից հյուսիսային քրդաբնակ շրջանները սիրիացի քրդերի վերահսկողության տակ անցնելուց հետո PKK-ն ավելի է ահագնացրել պատիզանական գործողությունները Թուրքիայում: Թուրքերը վախենում են, որ քրդերն այժմ կարող են ինքնավարություն ստեղծել, իսկ փորձագետները վաղուց արդեն քննարկում են քրդական պետության` Քրդստանի ստեղծման հեռանկարը: Իրական է համարվում Սիրիայի 1.4 մլն քրդերի, Թուրքիայի 15 մլն, Իրանի 7 մլն և Իրաքի հյուսիսի 6 մլն քրդերի միավորումը մեկ պետության մեջ` ի կատարումն ամերիկացի գնդապետ Ռալֆ Պետերսի` դեռ 2006թ. հրապարակած ծրագրի:
Սակայն Պետերսի քարտեզում Նախիջևանը պատկանում է Ադրբեջանին, որի տարածքը մեծացված է Իրանի հյուսիսային շրջանների հաշվին: Հետևաբար` Նախիջևանը քրդերով բնակեցվում է ոչ թե Քրդստանին միացնելու, այլ` Թուրքիայում և Իրանում նրանց քաղաքական պայքարին նպաստելու համար, այսինքն` ունի մարտավարական նշանակություն:
Քրդական հարցում Ադրբեջանի և Թուրքիայի շահերը տրամագծորեն հակադիր են. քրդական պետության ստեղծման արդյունքում Թուրքիան տարածք է կորցնելու, իսկ Ադրբեջանը` շահելու: Ուստի առաջիկա տարիներին Ադրբեջանի և Թուրքիայի միջև հակասությունները կխորանան:
Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Տարածաշրջան