ՊԱՐՏՎԱԾ ԵՐԿՐՈՒՄ ԱՅԴՔԱՆ ԳԵՆԵՐԱ՞Լ
«Ազադլիգ» թերթը տեղեկացնում է, որ օրերս Ադրբեջանի ընդդիմադիր կառույցներին միավորող Հանրային պալատը քննարկել է ադրբեջանական բանակում տիրող իրավիճակը: Քննարկմանը մասնակցել են քաղաքական գործիչներ, ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ եւ փորձագետներ: Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին խորը անհանգստություն է հայտնել հրադադարի ժամանակաշրջանում ադրբեջանական բանակում մահացածների չափազանց մեծ թվով:
«Թոշակառու եւ պաշտոնաթող սպաների միության» նախագահ Յաշար Ջաֆարլին Ադրբեջանի բանակի ցածր մարտունակության համար մեղադրել է երկրի պաշտպանության նախարարությանը: Փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հավելել է, որ Ադրբեջանի բանակը ղեկավարում են բանակից ոչինչ չհասկացող մարդիկ: «Բանակում այնքան գեներալներ կան, որ թվարկել հնարավոր չէ: Ինչպե՞ս կարող է պարտված երկիրն այդքան գեներալներ ունենալ: Եթե նախկինում գեներալի կոչում ուներ միայն նախագահի խորհրդականը, ապա այժմ գեներալներ են նաեւ խորհրդականի օգնականները: Գեներալների կոչումներ են տրվում անգամ Հեյդար Ալիեւի կողմից պաշտոնանկ արված սպաներին», -բողոքել է նա: Ըստ պաշտոնաթող գնդապետ, փորձագետ Շահմուրադ Մամեդովի` պետական սահմանային ծառայությունում ոմանք 6 տարում գեներալի կոչում են ստացել` լինելով նախկին առևտրական:
«Զինվորականների իրավունքների պաշտպանության կենտրոնի» նախագահ Թելման Աբիլովի կարծիքով, ադրբեջանական բանակում մահացության բարձր մակարդակի պատճառը սպայական անձնակազմի ոչ արհեստավարժությունն է: Զինված ուժերի վետերանների հասարակական միության նախագահ Դաշդեմիր Ալիեւը որպես պատճառ մատնանշել է ոչ կանոնադրային հարաբերությունները, սպաների կամայականությունները, կոռուպցիան եւ կաշառակերությունը:
Լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի նախագահ Ջասուր Սումերենլին ուշադրություն է հրավիրել բանակում ինքնասպանությունների խնդրին: Ըստ նրա` 2002-2012 թթ. ընթացքում ադրբեջանական բանակում ինքնասպանություն են գործել 100 զինվորներ, բայց նրանց ուղիղ կեսի` այդ քայլին դիմելու պատճառն անհայտ է մնում:
Հանրային պալատի անդամները նշել են, որ իշխանությունը ունակ չէ բանակում իրավիճակը շտկելու: Փաստացի ձախողվել է նաև զորակոչի համակարգի բարեփոխումը. 2012թ. հունվարին զինվորական կոմիսարիատների փոխարեն ստեղծված Ադրբեջանի մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայությունն արդեն երկու զորակոչ է անցկացրել, սակայն դրանց ընթացքում ավելի շատ թերություններ են արձանագրվել, նախկին համակարգի մեկամյա գործունեության ընթացքում. ապրիլին եւ հուլիսին ադրբեջանական բանակ են ուղարկվել տուբերկուլյոզով եւ այլ վարակիչ հիվանդություններով տառապող, հոգեկան խնդիրներ ունեցող, էպիլեպսիայով եւ շիզոֆրենիայով տառապող զինակոչիկներ:
«Եթե նկատի ունենանք, որ տուբերկուլյոզով մեկ ակտիվ հիվանդը զորանոցում կարող է վարակել 20-25 հոգու, կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվում ադրբեջանական բանակում: Ընդ որում, այդ երիտասարդները բանակ տարվելուց առաջ մի քանի բժշկական հանձնաժողովի քննության են ենթարկվում: Այդ ինչպե՞ս է պատահում, որ բանակում հայտնվելուց հետո հիվանդությունները հայտնաբերվում են, իսկ մինչ այդ` ոչ»,- հարցնում է «Ազադլիգ»-ը:
Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Ռազմաքաղաքական