ԽՈՍՔԻ ՈՒԺԸ
«Ամեն բան, որ դրսից մարդու մեջ է մտնում, չի կարող նրան պղծել, որովհետեւ ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը, եւ դուրս է ելնում` մաքրելով բոլոր կերածները» (Մարկ. 7:18-19):
«Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՛յն է, որ պղծում է մարդուն, որովհետեւ ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում եւ պղծում մարդուն» (Մարկ.7;20-23):
Ամեն ազգ եւ ժողովուրդ ունի իր բնակավայրին եւ աշխարհագրական դիրքին հատուկ բուսականությամբ ու կենդանական աշխարհով պայմանավորված կերակրատեսակները, եւ չկա սահմանափակում կերակրի մեջ: Այս է պատճառը, որ մեր Փրկիչն ի լուր մարդկության հայտարարում է. «Այն, ինչ բերանն է մտնում, չի պղծում մարդուն, այլ ինչ դուրս է ելնում նրանից, այն է պղծում մարդուն»: Մարդու խոսքն ինչքան շիտակ է, այնքան մաքուր է մարդը, եւ ինչքան ծուռ ու նենգությամբ լեցուն է, այնքան վնասում եւ կորստյան է մատնում մարդկային հոգին:
Տեր Աստված ասաց` «Թող լույս լինի, եւ լույս եղավ»… Արդեն աշխարհի արարման պատմությունից տեսնում ենք, որ Արարիչն Աստված խոսքով ստեղծեց աշխարհը եւ միայն մարդուն Իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց` նրան տալով խոսելու շնորհը: Խոսքն ինքնին մեծ ուժ և զորություն ունի: Այս է պատճառը, որ երբ մարդիկ միմյանց բարի խոսքեր են ասում, ուրախանում են, լավ զգում, իսկ երբ վատ բաներ են ասում` տխրում են, անընդհատ վերհիշում վիրավորանքն ու խռովվում: Խոսքի ուժը նկատի ունենալով է, որ մեր Տերն ասում է. «Ձեր յուրաքանչյուր խոսքի եւ գործի համար պատասխան պիտի տաք դատաստանի օրը»:
Մի ճգնավոր իր քարոզում մարդկանց սովորեցնում էր սրտից բխած բարի եւ ճշմարիտ խոսքեր ասել` շեշտելով դրանց զորությունը եւ բարերար ազդեցությունը մարդկանց վրա: Հանկարծ ժողովրդի բազմությունից մի մարդ ասում է. «Դու հիմարություն ես դուրս տալիս»: Ճգնավորը դիտմամբ կոպիտ խոսքերով կշտամբում է նրան, և մարդն անմիջապես չարությամբ է լցվում ու բացատրություն պահանջում: Ճգնավորը կտրուկ մեղմում է ձայնը եւ ասում. «Ների՛ր ինձ, ես իրավացի չէի»: Մարդն իսկույն խաղաղվում է, իսկ ճգնավորն ի լուր բոլորի ասում. «Ահա ինքդ քո վարքով հերքեցիր ասածդ»:
Հիշեցնենք նաև Սողոմոն իմաստունի միտքը. «Շատերն են ընկել սրի հարվածից, բայց բյուրավոր են նրանք, որ ընկել են խոսքի հարվածից»:
Շատերի ենք ճանաչում, որ իրենց մեջ բորբոքված չարությունը դուրս են թափում իրենց խոսքերի միջոցով, եւ երբ հանդիմանում ես, իսկույն արդարանում են. «Երբ ասում եմ, հանգստանում եմ»: Ինչպիսի՜ ինքնախաբեություն. մարդ իր իսկ խոսքերով սպանում է իր հոգին, ատելի դառնում Արարչի և այլոց համար, բայց իրեն թվում է, թե օգուտ է ստացել:
Ալեկոծ աշխարհն արդեն հավատից հեռացած մարդու միտքը հենց այսպիսի մեղքերով է ծանրաբեռնում, որպեսզի մարդ արարածը ժամանակ չունենա մտածելու իր հոգու փրկության, Աստծո գոյության մասին եւ գնա «ինչպես դեպի ծուղակը թռչող թռչունը, ինչպես արջառը` սպանդանոց» (Առակների գրքից): Ո՜վ մարդ, Քրիստոս Աստված հեղեց Իր Փրկարար Արյունը քո փրկության համար եւ տվեց որպես փարոս` Ավետարանը եւ օրինակ` սուրբ հայրերին, հիմա քո փրկությունը քո ձեռքերում է: Վաղը ուշ կլինի, հիմա է պահը, այլապես անապաշխար, մեղքերի մեջ կմեռնես ու հավիտյան կդատապարտվես, ինչպես մեր Տերն իսկ ասաց. «Եթե չհավատաք, որ Ես Եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք»:
Պատրաստեց
Տեր Համբարձում քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆԸ