Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԱՅԳԻՆ… ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ…



Բադալյաններին Եղեգնաձորի շրջանի Աղավնաձոր գյուղում ճանաչում են բոլորը։ Օջախի հիմնադիրը՝ Աշոտ Բադալյանը, որի 50-ը բոլորեց վերջերս, գյուղի միակ անասնաբույժն է՝ շրջանում ընդունված, հարգված մասնագետ։ Մինչդեռ այս ընտանիքը Աղավնաձորում ու նրա սահմաններից դուրս առավելապես հայտնի է զինվորականության ճանապարհը բռնած երեք որդիներով, հոր բնորոշմամբ՝ իր տան երեք սյուներով՝ Մանուկով, Միքայելով, Մհերով։
Աշոտը հետաքրքիր զրուցակից է, բանիմաց, խոհեմ, աշխարհի անցուդարձին լավատեղյակ, եւ ամենակարեւորը՝ հողին կպած մարդ։ Նա համոզված է, որ գյուղացու ներկան ու վաղվա օրը, միակ ապավենն ու կերակրողը հողն է։
-Ես իմ քրտինքով մշակած հողակտորից եմ քամում ընտանիքիս ապրուստ-կապուստը,- ասում է նա։
Հողակտոր ասվածն էլ կես հեկտարից քիչ ավելի խաղողի այգին է, որը նա մշակում է բացառիկ ջանասիրությամբ եւ հոգածությամբ։
-Փաստորեն, բանակը ձեզնից «խլեց» ձեր երեք օգնականներին։ Պատկերացնում եմ, թե որքան դժվար է ձեզ համար։
-Ես ձեր հարցին այսպես կպատասխանեի՝ այդ ես եմ բանակին տվել իմ երեք օգնականներին։ Հողը մենակ էլ կմշակեմ, բայց երկրի պաշտպանությունը մի հոգու բան չի։ Արու զավակը ծնված օրից երկրի զինվորն է։ Նրանք պաշտպանում են նաեւ այն այգին, այն մի թիզ հողակտորը, որի վրա վաղ գարունքից մինչեւ խոր աշուն քրտինք է թափում իրենց հայրը։ Հողն ամեն ինչ է, կյանք, արժանապատվություն, Հայրենիք… Այն իր մեջ ոչ միայն կենսական, այլեւ ժողովրդի հոգեւոր ու բարոյական սերմեր է ամբարում։
-Որդի, հող, այգի, ընտանիք, աշխատանք, Հայրենիք… Ձեր ամեն նախադասություն, միտք սկսվում կամ ավարտվում է այս բառերով…
-Ուրիշ կերպ հնարավոր չէ։ Ձեր նշած բառերը առանձին-առանձին իմաստ չունեն։ Նրանց ուժը միասնության մեջ է, եւ հենց այդ միասնությունն էլ մեր հոգեւոր ու ֆիզիկական հայրենիքն է, որը մենք կոչված ենք պաշտպանելու. մեկս՝ բահով, մյուսը՝ գրչով, երրորդն էլ՝ զենքով։ Որդիներս երեքն էլ բնավորությամբ տարբեր են, բայց նման են մի բանում՝ երեքն էլ զինվորականի մասնագիտությունն ընտրեցին, որովհետեւ գիտեն՝ իրենց ծնողին, ընտանիքը, իրենց վաղվա օրն են պաշտպանում։ Ավագ որդիս՝ Մանուկը, մայորի զինվորական կոչում ունի եւ ծառայում է սահմանամերձ զորամասերից մեկում՝ որպես գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ։ Ֆիզիկապես ուժեղ է, եռանդուն, կարող էր հրաշալի մարզիկ դառնալ։ Միջնեկս՝ Միքայելը, երեք տարի ծառայեց խաղաղապահ գումարտակում, առաքելություն իրականացրեց անկախություն ձեռք բերած Կոսովոյում, հավասարակշռված, ինքնակրթվելու ձգտող տղա է, նա էլ կարող էր լավ անասնաբույժ դառնալ։ Կրտսեր որդիս՝ Մհերը, հանգիստ, լռակյաց, պարկեշտ, ուզում էր գյուղատնտես դառնալ, բայց դարձան այն, ինչը երկրի, հայրենիքի հրամայականն է՝ զինվոր, ինչի համար ես հպարտ եմ։ Տղաներս երբեք չապրեցին երիտասարդական անհոգությամբ։
Կինս շատ է նեղվում որդիների կարոտից, բայց նա էլ հասկանում է, որ տղաների ընտրությունը նրանց ճակատագիրն է։ Հասկանում է, համակերպվում կարոտին, սպասմանը։
Ես իմ որդիներին հաջողություն եմ մաղթում իրենց դժվարին, սակայն անչափ պատվաբեր գործում, իսկ մեզ՝ համբերություն, ուժ ու եռանդ, որ իմ ընտանիքին բաժին հասած հայրենի հողակտորը խնամենք, ծաղկեցնենք մեր որդիների, մեր թոռների համար…։ Մենք միասին արարում, պաշտպանում ենք մեր սրտի թելադրանքով ապրելու իրավունքը։
Իմ այգին իմ հայրենիքն է կամ էլ հակառակը՝ իմ հայրենիքն է իմ այգին։ Այնպես որ՝ որդիներս, որտեղ էլ, ինչ զորամասում էլ ծառայեն, ինչ կոչում էլ ունենան, միեւնույն է՝ պաշտպանում են իրենց պապերի ստեղծած փոքրիկ հողակտորը՝ խաղողի այգին…

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #05 (870) 09.02.2011 – 16.02.2011, Բանակ և հասարակություն


17/02/2011