ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԻ ՄԵԿ ԳԻՇԵՐԸ
-Ազատագրված հողի բույրն ու համը, գույնն ու ձայնը եւ վերջապես կարոտը զգալու համար պետք է ազատագրելուց հետո մի գիշեր քնես այդտեղ, լինի բնակավայր, թե ամայի տարածք,- խորհում էր Ալֆրեդ Ներսիսյանը՝ Աֆոն։- Այդ զգացողությունը ես ունեցա Նյուվադիի գրավումից հետո։ Փոքրիկ մի բլրակին մի տուն կար, որտեղ էլ գիշերն անցկացրինք գեներալ Գեգեի (Գրիգոր Գրիգորյան) հետ, որը լսելով, որ մեր ջոկատը պետք է իրականացնի Նյուվադիի ազատագրումը՝ սար ու ձորերով, արնոտած ոտքերով եկել-հասել էր մեզ։ Խաղաղ գիշեր էր։ Մարել էին բոլոր կրակոցների ձայները, ասես՝ չէին էլ եղել։ Գիշերվա լռության մեջ խորհրդավոր ձայնով լսվում էր Արաքսի ջրերի ձայնը, ինչպես են ձկները խայտում, պոչերով ալիք տալիս։ Ինչպես են կռանում ծառերը, կամ ինչպես են ճաք տալիս նռները։ Ինչպես է ծիծեռնակը քնեցնում իր անհնազանդ ձագերին, կատուն ինչպես է քնում այդ ձայների լռությունից հետո։ Ինչ է հարցնում քամին Արաքսի եղեգներին եւ լռում՝ ականջը պատասխանի, լսում ես ջարդած խաչքարի ճիչը, զգում նրա ցավը։
Ասացի պետք է մեկ գիշեր քնես ազատագրված հողին, սակայն չես կարող քնել, պիտի ողջ գիշեր արթուն մնաս ու լսես այն հարազատ, մոռացված ձայները՝ քարի, սարի, առվի, ծիծեռնակի, ծառի, եղեգնի, որոնք վաղուց լռել էին կամ լսող, ականջ դնող չունեին, սրտացավ չէին…
Ու երբ բացվում է առավոտը, դու ասես նոր ծնունդ ես առնում, ասես էլ առաջվանը չես՝ զորեղ ես, զորացած, հոգեպես հարստացած եւ հայրենիքի զգացողությունը նորովի ընկալած…
ԵՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ…
Ես պատմությունն եմ. ինձ մի՛ կեղծեք…
Ես ապրում եմ, շնչում, ես կենդանի էակ եմ…
Ապրում են պատմություն կերտող իմ ընկերներից շատերը, իսկ շատերն էլ, ավա՜ղ, զոհվեցին։ Եվ ժամանակի մեջ կեղծում, կեղծվում է պատմությունը, իրական պատմությունը, եւ այդ պահին իմ զոհված ընկերների հոգիները դառնում են անհանգրվան, դառնում են թափառական ու ապրողներիս հազվադեպ են գալիս անգամ երազներում։ Ու թե գալիս են՝ միեւնույն հարցն են տալիս ու պատվիրում.
-Ինչու՞ է կեղծվում, ո՞վ է կեղծում պատմությունը։ Մի՛ թողեք, որ պատմությունը կեղծվի, մի՛ թողեք, որ մենք մոռացվենք։ Գոնե դուք գիտեք, թե որքան էինք սիրում մեր հողը, մեր տունը, մեր հայրենին։ Մի՛ կեղծեք պատմությունը։ Փոխանցեք մեր սերը մեր զավակներին, ապրողներին… Նորից եմ պատգամում, աղաչում-պաղատում՝ մի՛ կեղծեք պատմությունը, թե չէ հողը խռովում է, ջուրը՝ ցամաքում, ցանքսը՝ կարկտահարվում, հող հայրենին աղքատանում, որովհետեւ ապրող եւ նահատակ հերոսների ոգիները թափառում են անանձնության տարածքներում։
Պատմությունը պատժում է կեղծարարներին։
Ես պատմությունն եմ՝ ինձ մի՛ կեղծեք…
(Ազատամարտիկ Սամվել Բեկթաշյանի մենախոսությունը այսպես վերհիշեց տիկին Սուսաննա Պետրոսյանը (Քարվաճառ))։
Գ. Շ.
Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Հոգևոր-մշակութային