Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԽԱԼՑԽԱ ԵՎ ԱԽԱԼՔԱԼԱՔ ԳԱՎԱՌՆԵՐԻ 1918Թ. ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ



Մայիսն իրավացիորեն համարում ենք մեր հաղթանակների ամիսը։ 1918թ. մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի. Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ մեր ժողովուրդը արժանի հակահարված տվեց թվաքանակով ու զենքով գերազանցող թուրքական կանոնավոր բանակին ու վերականգնեց դարեր առաջ կորցրած պետականությունը…

Հայ ժողովրդի այս գոյամարտերից չպետք է անջատել նույն օրերին տեղի ունեցած Ախալցխայի գավառի (այժմ՝ Ախալցիխեի, Ասպինձայի, Ադիգենի շրջաններ) եւ Ախալքալաքի գավառի (այժմ՝ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններ) ինքնապաշտպանական հերոսամարտերը։ Այդ օրերին մղում էին իրենց վերջին ծանր հերոսամարտերը, որոնք սկսվել էին դեռեւս 1917թ. դեկտեմբերի 27-ին։

Թուրքիան իր առաջխաղացումը դեպի Անդրկովկաս դյուրացնելու նպատակով հայ-վրացական զորքերի թիկունքում, իր ուղարկած էմիսարների եւ մուսաֆաթական կուսակցության միջոցով, ոտքի էր հանում Անդրկովկասի թուրքերին (թաթարներին), ինչպես Արարատյան դաշտում, այնպես էլ Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառներում եւ այլուր։ Այսպես, 1917թ. դեկտեմբերի 27-ին Ախալցխայի գավառի (Մեսխեթի) 10-15 հազար զինված թուրքեր գավառում թուրքական ինքնավարություն ստեղծելու պատրվակով (տեղական՝ Մեսխեթի թուրքերը գավառի ազգաբնակչության մոտ 60 տոկոսն էին կազմում (56 հազար մարդ), հայերը՝ մոտ 30 տոկոսը, մնացյալը վրացիներ էին եւ այլք) շրջապատեցին Ախալցխա քաղաքն ու շրջապատի հայկական 15 եւ վրացական 7 գյուղերը (վրացական 10-15 գյուղեր, որոնք հեռու էին գտնվում քաղաքից, հետագայում թուրքերը գլխովին ոչնչացրին դրանցից 10-ը)։ 24 հազար բնակիչ ունեցող Ախալցխա քաղաքի հայությունը, որը քաղաքի բնակչության 80-82 տոկոսն էր կազմում, 31 տարեկան երիտասարդ քաղաքագլուխ, այնուհետեւ նաեւ գավառի Հայոց ազգային խորհրդի նախագահ Զորի Զորյանի (հայրը Գողթն գավառի Ցղնա գյուղից էր, մայրը՝ Թիֆլիսից) գլխավորությամբ ստեղծելով «Քաղաքի ինքնապաշտպանության գվարդիա», դիմեց ինքնապաշտպանության, որը տեւեց մինչեւ հունիսի 5-ը։ Քաղաքում հայերը ստեղծեցին նաեւ երկու հետեւակային եւ մեկ հեծյալ գումարտակ, թաղային վաշտեր։ Զինված ջոկատներ ստեղծվեցին նաեւ հայկական եւ վրացական գյուղերում։

Վրացական՝ Մուսխանդ, Լագ, Մինդա, Ձվելի-Կոբա, Դադեշ, Կունձա, Րոգեթ, Թոբա, Թոլոշ, Էլնա գյուղերի ոչնչացումից հետո քաղաք մտցվեց նաեւ վրացական կարմիր գվարդիական մեկ գումարտակ գեներալ Մաղաշվիլու (Մակաեւ) գլխավորությամբ։ Շրջապատման օղակի մեջ գտնվող 150-170 ք/կմ տարածքը դարձավ անառիկ ամրոց։ Ինքնապաշտպանության զինված ուժերը Զորի Զորյանի եւ գեներալ Մաղաշվիլու գլխավորությամբ ոչ միայն պաշտպանվում էին մեծ հաջողությամբ, այլեւ, դիմելով մի շարք հարձակողական գործողությունների, տարան փայլուն հաղթանակներ։

1918-ի ապրիլին հայ-վրացական գումարտակները շտաբս-կապիտան Կոբզեւի ընդհանուր հրամանտարությամբ, գրավելով թուրքական Անդա, Աբ, Խակ, Օրալ, Արջանա, Վերին Սուֆլիս, Կուջղա, Փարախա գյուղերը, բնակչությանը տեղահանեցին՝ ապահովելով մերձակա հայկական ու վրացական գյուղերի անվտանգությունը։

Ծղալթբիլա գյուղի քաջորդիները ապրիլի 27-ին գլխովին ջախջախեցին իրենցից բազմապատիկ անգամ շատ Ջախսուի ենթաշրջանի թուրքական գյուղերի հրոսակներին։ Մայիսի կեսերին հայ-վրացական ուժերը ճակատամարտ տվեցին թուրքերի դեմ Դամալա եւ Ասպինձա գյուղերի մոտ, որտեղ երկու կողմից մասնակցում էին հազարավոր մարդիկ։ Թուրքերը կորցրին մոտ 1000 մարդ՝ կրելով ծանր պարտություն հայ-վրացական զինված ուժերի կողմից եւ փախան Ասպինձայից…

Թուրքական կովկասյան 5-րդ դիվիզիայի զորամասերը, որոնք նախատեսված էին Քարախաչի, Տաշիրի վրայով, Բորչալուով Թիֆլիս գնալու, հանդիպելով Անդրանիկի հզոր դիմադրությանը, փոխեցին ուղղությունը՝ որոշեցին Ջավախքի վրայով Թիֆլիս մտնել։ Սակայն մայիսի 30-ին ու 31-ին նրանք հանդիպեցին 500 սաթխացիների (թուրքերի արտահայտությամբ՝ «Ղայա տաշի» (ժայռ) համառ դիմադրությանը։

3250 բնակիչ ունեցող Սաթխա գյուղի թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք երդվել էին կռվել մինչեւ վերջ… Երկու օրվա ընթացքում թուրքերն այնքան շատ կորուստներ կրեցին Սաթխայի մատույցներում, որ այլեւս ի վիճակի չէին արշավելու Թիֆլիս…

Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառի հայերի ինքնապաշտպանական մարտերը պետք է դիտարկել ու գնահատել համազգային համայնապատկերի վրա։ Նախ, այդ տարածաշրջաններում անհիշելի ժամանակներից մինչեւ այսօր հայերը միշտ կազմել են մեծամասնություն, հետո այդ տարածքները եղել են Մեծ Հայքի Գոդերձական կուսակալության եւ Գուգարք նահանգի հատվածները…

Հասկանալի պատճառներով տասնյակ տարիներ հնարավոր չէր բացահայտ ու հրապարակայնորեն անդրադառնալ այս հերոսամարտերին։ Թերեւս միակ քայլը այդ ուղղությամբ կատարվեց մեր կողմից 1967թ. աշնանը, երբ Ջավախքի Սաթխա գյուղի ակումբում կազմակերպեցինք Սաթխայի հերոսամարտի մոտ 50 մասնակիցների հետ հանդիպում, որոնց թվում էր նաեւ ինքնապաշտպանության մարտերի հրամանատար Հմայակ Խանոյանը…

Ռուբիկոնն անցել էինք… 1968թ. գարնանը ողջ գյուղով նշեցինք Սաթխա գյուղի հերոսամարտի 50-ամյակը…

1986թ. «Բանբեր Հայաստանի արխիվների» ամսագրի թիվ 1-ում տպագրեցինք «Սաթխա գյուղի 1918թ. ինքնապաշտպանությունը» հոդվածը, որից հետո տասնյակ հոդվածներ հրապարակեցինք մամուլում։ 1992թ. վերջապես սեփական միջոցներով լույս տեսավ իմ «Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը» գիտական աշխատությունը՝ 10.000 տպաքանակով (որը դարձավ իմ գիտական թեզը, այն պաշտպանելով՝ ստացա պատմական գիտությունների թեկնածուի կոչում)։

1992թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաղթահարելով բազում դժվարություններ (ի դեպ, դրանք շա՜տ- շա՜տ էին…) գրքիս մոտ 8.000 տպաքանակը տարածեցի Սամցխե Ջավախքի հարյուրից ավելի հայկական գյուղերում ու քաղաքներում։

Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառների հերոսամարտերի 80-ամյակի պատվին 1998թ. մեր առաջարկությամբ Արցախյան ազատամարտի նշանավոր գործիչ Կոմանդոսի գլխավորությամբ պատվիրակություն մեկնեց Վրաստանի Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շրջաններ, որտեղ մշակույթի տներում անցկացրինք մեծ հանդիսություններ…

2003թ. մեր ընտանիքը Սաթխայի հուշապուրակում 1918թ. Սաթխայի հերոսամարտի մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցրեց եւ ամեն տարի հունիսի 1-ին, ամբողջ տարածաշրջանի բնակչության մասնակցությամբ, Վրաստանի ու Հայաստանի բարձրաստիճան այրերի ներկայությամբ, տեղի է ունենում մեծ տոնակատարություն։

Ճիշտ է, տոնակատարությունը դեռեւս Վրաստանի պետական տոնակատարությունների ցանկում չկա, բայց երկրի իշխանությունները համակրանք են ցուցաբերում եւ ամեն տարի հունիսի 1-ին բարձրաստիճան պաշտոնյաներ են ուղարկում մասնակցության համար, ի դեպ, այս տարի հունիսի 1-ին տոնակատարությանը մասնակցեց եւ ելույթ ունեցավ Վրաստանի Ազգային ժողովի նախագահ Բագրաձեն…

Երկրի նախագահը՝ Միխեիլ Սաակաշվիլին, որը ծանոթ է իմ «Թշնամու դեմ ուս ուսի» գրքին, Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովի հարցերին պատասխանելիս, հիշեցրել է 1918 թվականի իրադարձությունները, երբ վրացիներն ու հայերը համատեղ ուժերով ետ մղեցին թշնամական հարձակումն ու պաշտպանեցին Վրաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը… (Տես՝ «Վրաստան» թերթ, 29 նոյեմբեր, 2008թ., թիվ 93-94)։ Ի դեպ, ամիսներ առաջ, ինչպես մեր լրատվամիջոցները հաղորդեցին, Մ. Սաակաշվիլին Ջավախքից հայ աշակերտներ էր հրավիրել Թբիլիսի եւ իր նստավայրում նրանց հետ ունեցած զրույցի ժամանակ արտահայտել էր հետեւյալ միտքը. «Դուք գիտե՞ք, որ ձեր պապերը 1918թ. թուրքերին թույլ չեն տվել մտնելու Թբիլիսի…»։

Ես կարծում եմ՝ այս տոնակատարությունները պետք է լինեն հայ-վրացական։

ԱՐՏՅՈՒՇ ՍԱՆՈՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Պատմության էջերից


05/09/2012