Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ



Օգոստոսի 26-ն էր` արեւային եւ խոստումնալից օր: Հանդիպման վայրում կանգնած էին պաշտպանության նախարարության երկու ավտոբուսներ եւ սպասում էին ուղեւորներին, որպեսզի ճանապարհ ընկնեն առողջարանային քաղաք Ջերմուկ: Նախաձեռնությունը «Կարոտի կանչ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանինն էր: Պաշտպանության նախարարության աջակցությամբ զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներին հնարավորություն ընձեռվեց կտրվել քաղաքի աղմուկից ու հոգնեցնող եռուզեռից եւ հանգստանալ Ջերմուկում: Առավոտյան խումբը ճանապարհ ընկավ: Բոլորը բարձր տրամադրությամբ խոսում եւ կատակում էին, երգում էին հայկական գեղեցիկ երգեր, միմյանց հյուրասիրում էին քաղցրավենիքով: Քաղաքամայր Երեւանից 173 կմ հեռավորությունը անցավ աննկատ:

Ջերմուկ տանող ճանապարհը անցնում է խոր կիրճի միջով։ Քաղաքը բոլոր կողմերից շրջապատված է գեղատեսիլ լեռնաշղթաներով, որոնց լանջերը պատված են անտառներով, եւ ուղեւորները չէին դադարում հիանալ բնությամբ: Տեղ հասնելուն պես ուղղվեցինք «Օլիմպիա» առողջարան։ Այստեղ մեզ դիմավորեց գլխավոր բժիշկ Սամվել Մարգարյանը: Նա պատմեց, որ պատերազմի տարիներին առողջարանը ջոկատներ եւ խմբեր էր ընդունում. «Տղաները այստեղ հանգստանում էին, ապա ճանապարհվում սահման: Մենք էլ աջակցում էինք սննդով, բժշկական ծառայություններ էինք մատուցում: Այժմ էլ ուրախ ենք, որ այդ տղաների ընտանիքներին ենք հյուրընկալում: Յուրաքանչյուրս պետք է աջակից լինենք հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաների հարազատներին: Նրանց շնորհիվ է, որ այսօր անկախ պետություն ունենք, որ ապրելու, արարելու և կյանքի բարիքները վայելելու հնարավորություն ունենք»:

Արշավի մասնակիցները շրջեցին քաղաքում, եղան քաղաքի կենտրոնական մասում գտնվող հանքային ջրի ըմպասրահում, հմայվեցին քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով։ Հատկապես Ջերմուկի մեծ ջրվեժով` 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքով:

Մասնակիցներից Մերուժան Գասպարյանը, որ մի քանի ամսից բանակ է զորակոչվելու, նշեց, որ պատմական հայրենիքի բոլոր տեսարժան վայրերում լինելը իր բաղձալի երազանքներից մեկն է. ««Կարոտի կանչ» կազմակերպության շնորհիվ շատ-շատ վայրերում եմ եղել, ուրախ եմ, որ հնարավորություն է տրվում ծանոթանալ մեր հայրենիքին, նրա մշակույթին ու ավանդույթներին: Ճանապարհը նաեւ նոր ընկերներ ձեռք բերելու լավ հնարավորություն է»: Իսկ արշավի ամենատարեցը` Դոնարա Անդրեասյանը, որ ամուսնու զոհվելուց հետո միայնակ է ապրում, ասաց. «Հիանալի բնությունը, թարմ օդը, կանաչի բույրը, ներդաշնակ միջավայրը հոգեկան հանգստություն ինձ պարգեւեցին: Մեր ընտանիքները հոգատարության, ջերմ խոսքի, ուշադիր վերաբերմունքի կարիք ունեն: Այս այցելությունը մեզ համար նախ բարոյական աջակցություն է»:

Վերադարձի ճանապարհին Անահիտ Սարգսյանը խոստանում է, որ նմանատիպ նախաձեռնության շրջանակներում նորից կհանդիպեն. «Ես շատ եմ կարեւորում մեր հավաքները։ Մեզ պետք է միավորեն ոչ միայն սոցիալական, իրավական եւ այլ հուզող հարցեր, այլեւ հաճելի հանդիպումները»:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #34 (950) 30.08.2012 – 05.09.2012, Բանակ և հասարակություն


05/09/2012