Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՏՐԱԾ ՊԱՅՏԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Ճակատի գիծն առաջ էր գնացել, հրանոթների կրակոցների ձայները հազիվ էին լսվում։ Մի երեկո բացատում հանկարծակի հայտնվեցին պարտիզանները։ Պահակներին սպանեցին անմիջապես։ Պարտիզաններից մեկը մտավ դարբնոց եւ ուղիղ կրակահերթ բացեց Հանսի վրա։ Նա ընկավ մուրճը ձեռքին ու զարմացած հայացքով պառկեց հատակին։ Պարտիզանը կարմիրբանակայինի մաշված համազգեստից նկատեց Գալուստին, գոռաց, որ նա դուրս գա դազգահի հետեւից։ Այնուհետեւ՝ հարցաքննություն, տուգանային գումարտակ, հետո սանիտարական գնացքի վերանորոգում, գրավված ձիերի ուղեկցում դեպի թիկունք։

Ուրալից այն կողմ՝ աշխատանքային մեծ ճամբար, գերիների հետ աշխատանք։ Գալուստին ընդգրկեցին հացի գործարանի վերանորոգման աշխատանքներում։ Մի երեկո հացթուխ փարթամ մի կին Գալուստին իր խրճիթը տարավ։ Փայտե մեծ տաշտի մեջ լողացրեց եւ ինչպես մանկան՝ գրկեց ու դրեց բազմաթիվ բարձերով հսկայական անկողնու վրա։ Սպիտակ ու մեծ կրծքերով խեղդում էր նա Գալուստին, հեկեկում եւ բա՜րձր, բա՜րձր ինչ-որ տարօրինակ բաներ ասում.

-Վերցրու՛ ինձ, անիծյա՛լ, վերցրու՛, ների՛ր ինձ, Պրո՛շա, ների՛ր։ Պատերազմն ամեն ինչ կարդարացնի, պատերազմն ամեն ինչ դուրս կգրի…

♦♦♦
Հետպատերազմյան երկրորդ տարվա ձյունաշատ ձմեռն էր։ Քաղաքի ծայրում ծվարած դարբնոցի դուռը միշտ բաց էր։ Քուրայի կրակների կապույտ-կարմիր ածուխները երբեմն առկայծում էին փուքսի հեւքից։ Կրակի մեջ դրված մետաղի կտորները ծխում էին, դրսի սառնամանիքի հետ՝ ներսի տաքությունը, նույնիսկ շիկացած մետաղի առանձնահատուկ հոտը հաճելի էր։

Վարազդատը եկել էր լեռնային հեռավոր Սեպասար գյուղից՝ երկու ձի լծած, սահնակով։ Նա արդեն արձակել էր ձիերին, մեջները ծածկել թաղիքով, ջրել, գլուխներից կախել վարսակի տոպրակները։ Ձիերից մեկը՝ Քուռկիկը, պետք է պայտվեր։ Վարազդատը դժվարությամբ ուղղեց իր աջ ոտքի պրոտեզը, որը շատ անհարմար էր եւ ամեն շարժումից մեծ ցավ էր պատճառում, գնաց դեպի Քուռկիկը։ Դա մի աշխետ ձի էր՝ բարձրահասակ, համաչափ կազմվածքով։ Ձին փառահեղ բաշ ուներ՝ համարյա ցորենագույն, երկար մազերով։ Նա միշտ սանրում էր ձիու բաշը, հատուկ կլոր խոզանակով թիմարում, որից ձին մի փոքր ծառս էր լինում, հաճույքով վրնջում ու դունչը քսում Վարազդատի երեսին։

Քուռկիկը առանձնապես գեղեցիկ էր գարնան լեռների կիսաձյունածածկ, արեւկող մարգագետինների, նորելուկ խոտերի ու ծաղիկների մեջ։ Վարազդատն արհամարհանքով էր լցվում այն մարդկանց նկատմամբ, ովքեր չէին նկատում կենդանու ազնվությունը, կապում էին ջրկիր սայլին կամ՝ մազութ կրելու։ Վարազդատի կարծիքով՝ Քուռկիկը մրցարշավների կամ զորահանդեսների համար էր։ Բայց ձին համայնական էր, հավասար՝ բոլորինը եւ ոչ մեկինը… Նա մտքերի մեջ էր, որպես ճակատային կարող էր աշխատել առեւտրում, իրավապահ մարմիններում, նույնիսկ շրջկոմում, բայց նա ընտրել էր լուսանկարչի դժվարին գործը։ Ընկած լեռնային գյուղերը՝ նկարում էր դպրոցական շրջանավարտներին, առանձին անհատների, բնության տեսարաններ։

-Հրամանատա՛ր, բարով ես եկել, ինչպե՞ս ես,- դիմեց նրան պայտար Գալուստը, որ առավոտից արդեն կիսահարբած էր։- Ի՞նչ շահեցիր կռվելով, մեզ էլ մշտական սարսափի մեջ էիր պահում։ Իրո՛ք, խելառը Հայրենիքի մասին է մտածում, խելոքը՝ հացի… Նայի՛ր, ինչի հասան Արսենի տղաները, շնորհքով են, մեկը շրջկոմում է, մյուսը՝ դատավոր, մարդկանց բախտերն են որոշում։ Փոքրը շինարարության պետ է, որքան ուզենա ցեմենտ, մետաղ կգողանա կառուցվող շենքերից, ով կարող է նրանց բան ասել։ Բոլորը իրենք են, կապերը՝ մինչեւ Մոսկվա։ Տարին տասներկու ամիս կերուխումի ու քեֆերի մեջ են։ Նրանցից ոչ մեկը չի ծառայել բանակում։ Իսկ դու միշտ ինչ-որ ճշմարտության հետեւից ընկած բոլորին քննադատում ես՝ լավ չեք կառուցում, գողանում եք, ծառատունկ չի կազմակերպվում, բերքահավաքը մի կերպ է կատարվում։ Քեզ նույնիսկ աղջիկ չտվեցին, ասացին՝ մի ոտանի է՝ կես մարդ։ Կուտակված ոխը ժայթքում էր Գալուստի բերանից, նա գիտեր, որ եկել է իր ժամանակը։ Վարազդատը լուռ մտքերի մեջ համարյա չէր լսում Գալուստի խոսքերը։ Այդպիսինները շատացել էին, ամեն ինչ առուծախի առարկա էր դարձել, մատնությունը, երկերեսանիությունը՝ շնորհք։ Տիրացուի նման կիսագրագետ մարդիկ գաղափարական առաջնորդներ էին, իրար ամուր բռնած խնամիներ, քավոր-սանիկներ։

Նա դուրս նայեց։

Դիմացի սեւ կիսամութ պատուհաններով շենքում «Կույրերի միավորումն» էր, այնտեղ երբեք լույս չէր վառվում։ Կույրերը շաբաթը երկու անգամ հավաքվում էին երգեցողության դասերի։ Այսօր էլ լսվում էր նրանց համույթի ձայնը.

Երկնքում թռչող թռչուննե՛ր, իջե՛ք, ցածրացե՛ք։

Հա՛յր Ստալինին մեծ բարեւ տարեք։

Եվ խումբը միասին, բայց ոչ համահունչ շարունակում էր.

Արե՛ւ արե՛ք, արե՛ւ արե՛ք։

Հա՛յր Ստալինին մեծ բարեւ տարեք…

Վարազդատն իր խեղված ճակատագրի համար Ստալինին չէր մեղադրում, թերեւս հպարտանում էր նրա ռազմական ոգով, սակավապետ ապրելակերպով, ո՛չ էլ Արսենին, նա մեղադրում էր Գալուստին։

Երկար ժամանակ ստրկություն հանդուրժած ժողովուրդների մեջ հարմարվողների այդ տեսակը շատ էր։ Հիրավի, ճիշտ է եղել իմաստուն մի առաջնորդ, որ իր ազգին քառասուն տարի անապատով է տարել՝ նրա միջից ստրկությունը կաթիլ-կաթիլ քամելու համար։

Մտքերը նրան տարան հեռավոր Ղազախստանի զինվորական հոսպիտալ, որտեղ կատարել էին սրունքի վերջին վիրահատությունը, փրկել փտախտից։ Արեւ օրերին նա նստում էր դրսում, նայում անծայրածիր հովիտներին, հիշում էր մորը, Վալյային, ճակատային ընկերներին, իրենց տունը, սարերն ու ձորերը։ Տափաստաններից երբեմն-երբեմն հայտնվում էին վայրի ձիերի գիժ ու կատաղած երամակներ, չգիտես որտեղից եւ ինչ ոգով առաջնորդվելով՝ խրտնած սլանում էին դաշտերով, հաճախ իրենց հետ տանելով ընտանի ձիերին, նույնիսկ մտրուկներին։ Ոչ ոք չէր կարող կանգնեցնել նրանց խելահեղ ընթացքը։ Երամակները դարավանդներով հասնում էին բլուրներին, ձորերին, նրանցից շատերն ընկնում էին, կոտրում ոտքերը, բաժին դառնում գազաններին։ Նրանց վրնջյունների մեջ զգացվում էր ազատության ըմբոշխնումը, լծված կամ հեծնված չլինելու մշտնջենական ձգտումը։ Երամակներին մշտապես հետեւում էին գայլերի ոհմակները։ Վիրավոր ղազախներից մեկը պատմում էր, որ գայլերը հին հաշիվներ ունեին մարդկանց հետ՝ իրենցից խլված, թալանված, ապականված անտառների, ձորերի ու մարգագետինների համար։ Իսկ երբ մտնում են բնակավայր, առաջինը սպանում են շներին, ոչ թե գուժելու կամ իրազեկելու համար, այլ որպես ազգակից դավաճանների, որ մի խղճուկ թերմացքի համար ծառայում են տերերին։

ՄԱՐՏԻՆ ԿԱԿՈՍՅԱՆ

Շարունակելի

Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Հոգևոր-մշակութային


12/09/2012