ԿՐԿԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Քաշաթաղի շրջանում 2012-2013 ուստարում գործելու են 51 հանրակրթական դպրոցներ։ Կովսականի քաղաքային համայնքի Կերեն և Գանձայի գյուղական համայնքի Բազմատուս գյուղերինը բացվելու են մոտ ժամանակներս: Հնչեց առաջին զանգը, և մոտ 1700 աշակերտ դասարան մտավ:
Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը բացվել է տարածքի վերաբնակեցման առաջին տարում՝ 1994 թվականին։ Ունի 200 աշակերտ, 27 ուսուցիչ։ Այս ուսումնական տարում առաջին դասարան են ընդունվել 24 աշակերտ։ Անցած տարվա 18 շրջանավարտներից 14-ը ՀՀ և ԼՂՀ տարբեր բուհերի ուսանողներ են դարձել: Դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, շնորհավորելով ԼՂՀ անկախության հռչակման 21-ամյակի և Գիտելիքի օրվա առթիվ, հույս հայտնեց, որ այս տարի ևս կրթօջախը կունենա հաջողություններ, ինչպես անցած տարիներին: Այնուհետև դպրոցը գովասանագրերով պարգևատրեց անցած ուստարում գերազանց գնահատականներ ստացած աշակերտներին:
Շնորհավորանքի խոսք ասաց նաև Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Ինչպես միշտ, այս անգամ էլ առաջին դասը վարում են զինվորականները: Շրջանի դպրոցների շեֆությունն արդեն 5 տարի է, ինչ վերցրել է առաջին բանակային կորպուսը:
Զ. Ը.
Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Բանակ և հասարակություն