Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷԹՆՈՑԻԴԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Հարցազրույց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի առաջատար վերլուծաբան, տեխնիկական գիտությունների թեկնածու ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆԻ հետ

Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական աղբյուրները շարունակում են չտարբերակել երկրի de facto և de jure բնակչությունը։ Սկսած 1996-97թթ.՝ պաշտոնական վիճակագրությունը խեղաթյուրում է Ադրբեջանի բնակչության աճի տարեկան տեմպի մասին տվյալները՝ արհեստականորեն ավելացնելով այն։

Ժողովրդագրական վիճակագրության մեջ պաշտոնական Բաքվի մեքենայությունները առանձին դեպքերում կրկնվում են միջազգային որոշ կազմակերպությունների կողմից, «վավերացվում» ՄԱԿ-ի ժողովրդագրական ամենամյա տեղեկատուներում, լայնորեն տարածվում են էլեկտրոնային և այլ լրատվամիջոցների օգնությամբ։ Մինչդեռ նման գործելակերպը ոչ միայն հակասում է ՄԱԿ-ի բարձր առաքելությանը, այլև չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և բարօրրության հաստատմանը։

-Պարոն Մարջանյան, տարածաշրջանային վերջին քաղաքական զարգացումների խորապատկերի վրա ավելի ու ավելի է կարեւորվում քարոզչական պատերազմը։ Մեր թերթի «Քարոզչական պատերազմ» խորագրի տակ տպագրված վերջին հարցազրույցներից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության ազգային կազմի մասին էր։ Ձեզ հետ եկեք քննարկենք մեր մյուս հարեւանի՝ Ադրբեջանական Հանրապետության ժողովրդագրական խնդիրները։ Նախ՝ Ձեր գրքի մասին։ Մենք կարծես Ադրբեջանին նվիրված գրքերի ուսումնասիրությունների, հոդվածների պակաս չունենք, այնուամենայնիվ, ի՞նչ նոր խնդիր է արծարծում Ձեր՝ «Ադրբեջանական Հանրապետություն. «վիրտուալ» ժողովրդագրության առանձնահատկությունները» գիրքը։

-Սիրով կպատասխանեմ Ձեր հարցին, բայց նախ թույլ տվեք անդրադառնալ Ձեր հարցի առաջին մասին՝ քարոզչական պատերազմին։ Իմ համոզմամբ՝ մեր հասարակությունը, մեր մտավորականությունը, մեր զանգվածային լրատվության միջոցները մի տեսակ խորությամբ չեն ընկալում, որ մենք, մեր փոքրիկ Հայաստանը գտնվում են տեղեկատվական եւ հոգեբանական իսկական պատերազմի կիզակետում։ Մենք մոռանում ենք, որ քարոզչությունը այսօր ամենաազդեցիկ եւ հզոր զենքերից մեկն է։ Եվ այս պատերազմում հաղթանակը կամ պարտությունը կսկսվի այն պահից, երբ հակառակորդներից մեկի կամքն ու վճռականությունը տեղի կտա… Հանցագործ մարդասպան Ռամիլ Սաֆարովի հետ կապված վերջին օրերի զարգացումները իմ ասածի լավագույն վկայություններից են։ Ինչեւէ, պատասխանելով ձեր հարցին ասեմ, որ, այո՛, Ադրբեջանին նվիրված շատ ուսումնասիրություններ կան, բայց դրանք հիմնականում քննարկում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության խնդիրները՝ այդ երկրի տարածաշրջանային ու գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների ենթատեքստում։ Որոշ դեպքերում ուսումնասիրությունների նյութ են դառնում նաեւ Ադրբեջանի զուտ ռազմական ներուժի որոշ ասպեկտները, իսկ մեզ հետ հակամարտության մեջ գտնվող երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական համակարգին նվիրված ամբողջական աշխատություններ, որոնք ցույց կտան նրա իրական հնարավորությունները եւ զարգացման հեռանկարները, ավաղ, չկան։ Մինչդեռ, նման ուսումնասիրությունները ուղղակի անհրաժեշտություն են։ Մեր այս նոր գրքում, որն, ի դեպ, լույս է տեսել նաեւ առանձին ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, դիտարկվում են Ադրբեջանի բնակչության թվի եւ այլ ժողովրդագրական ցուցանիշների պաշտոնական վիճակագրական տվյալները. չէ՞ որ դրանք ամեն երկրի սոցիալ-տնտեսական համակարգի հիմքն են կազմում։

-Կներեք անհամբերությանս համար. որքա՞ն է Ադրբեջանական Հանրապետության բնակչության իրական թիվն այսօր։

-Բանն այն է, որ «որքա՞ն է Ադրբեջանի բնակչությունը» պարզ հարցը չունի նույնքան պարզ պատասխան։ Ավելին, այս հարցն ընկած է այդ հանրապետության իշխանությունների կողմից վարվող տեղեկատվական պատերազմի հիմքում։ Եթե մենք թերթենք Ադրբեջանի ԶԼՄ-ների տպագիր եւ էլեկտրոնային էջերը, ապա հստակորեն կտեսնենք, որ այդ երկիրը հետեւողականորեն առաջ է քաշում (ե՛ւ սեփական, ե՛ւ արտաքին աշխարհի համար), երկու հիմնական առասպել. առաջին՝ եթե տասը միլիոնանոց ադրբեջանցիները միավորվեն Անատոլիայում բնակվող 70 միլիոնանոց թուրքերի եւ Իրանում ապրող մոտ 30 միլիոնանոց իրենց հայրենակիցների հետ, ապա միասին կկազմեն 110 միլիոնանոց մի հզոր պետություն, որն իր կամքը կթելադրի ողջ տարածաշրջանին, երկրորդ՝ որ հայր եւ որդի Ալիեւների դոկտրինն է. օգտագործելով նավթի եւ գազի պաշարները եւ ապահովելով բնակչության աճի միտումները՝ հզոր եւ տասը միլիոնանոց բնակչություն ունեցող Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր սեփական տարածքների կորստի մտքի հետ, եւ վաղ թե ուշ կազատագրի այն, օրեցօր «ամայացող» Հայաստանի համայնապատկերի վրա… Իսկ պատասխանելով ձեր՝ Ադրբեջանի Հանրապետության բնակչության ներկա թվի մասին հարցին, ասեմ, որ թեեւ պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ է դրել 9,1 միլիոնը, իրականում այն տատանվում է 6,9-7,1 միլիոնի միջեւ։

-Սակայն, ինչպես հայտնի է, հաղթանակը եւ հաջողությունը սկսվում է իրականության սթափ գնահատությունից, այսինքն՝ սեփական հնարավորությունների եւ հակառակորդի ռազմական, ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական ներուժի անաչառ նժարումից…

-Այդ պատճառով էլ ձեռնամուխ եղանք Ադրբեջանի ժողովրդագրական իրավիճակի հնարավորինս անաչառ եւ սթափ պատկերի վերհանմանը։ Ուստի, մեր դիտարկումների հիմքում մենք դրեցինք ոչ միայն Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի պաշտոնական տվյալները, այլեւ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ունեցած տեղեկատվությունը։ Համեմատական վերլուծության արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ էին։ Պարզեցինք, որ այդ երկիրը հետեւողականորեն խեղաթյուրել է միգրացիոն հոսքերի պատկերը, մահացությունների եւ ծնելիության վիճակագրությունը՝ արհեստականորեն ավելացնելով բնակչության պաշտոնական թվաքանակը 2-ից 2,2 միլիոն մարդով։ Ավելին, սկսած 1996-1997թթ. Բաքուն խեղաթյուրել է բնակչության աճի տարեկան տեմպի եւ բնակչության սեռատարիքային կազմի մասին տվյալները։ Եվ հատկանշականն այն է, որ պաշտոնական Բաքվի կողմից ներկայացված ժողովրդագրական վիճակագրությունը զարմանալի կերպով վավերացվել եւ տարածվել է միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից։

-Եվ դարձյալ դեմ ենք առնում արեւմտյան կառույցների երկակի ստանդարտներին… Ինչեւէ, Դուք նշեցիք Ադրբեջանի բնակչության սեռատարիքային կազմին վերաբերող խեղաթյուրումների մասին, դա, կներեք, որքանո՞վ է էական։

-Այս հարցն ունի կենտրոնական կարեւորություն. չէ որ հայր եւ որդի Ալիեւները «10 միլիոնանոց»,«հզոր ու անպարտ» Ադրբեջանի պատրանքին իրականության տեսք հաղորդելու համար անհրաժեշտ է, որ ստեղծեն դրա կենսաբանական հիմքը, այսինքն՝ ցույց տան իգական սեռի բնակչության շեշտակի աճ։ Ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ պաշտոնական Բաքուն 1997-2001թթ. ժամանակահատվածում իրականությունը խեղաթյուրելով՝ կես միլիոնով ավելացրել է երկրի իգական սեռի բնակչության թվաքանակը։ Եվ պատկերացրեք, այս անամոթ զեղծարարությունը վավերացվում է ՄԱԿ-ի ժողովրդագրական ամենամյա տեղեկատուներում։ Բայց, ինչպես գիտենք, երկրի բնակչությունը կազմված է արական եւ իգական սեռի բնակչության պարզ թվաբանական գումարից, եւ անհնարին է տեւական ժամանակ խեղաթյուրել իգական սեռի բնակչության տարեկան աճը՝ առանց ընդհանուր պատկերն աղավաղելու։ Սակայն պաշտոնական Բաքվի համար փույթ չէ։ Այսպես, 1999թ. Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը ֆիքսում է, որ երկրի բնակչությունը նախորդ տարվա համեմատ աճել է 76 հազարով, մինչդեռ արական սեռի բնակչության աճ չի գրանցվել, նույնիսկ ավելին՝ կրճատվել է 100 մարդով։ Սա ավելին է, քան զավեշտը, սա խայտառակություն է, խայտառակություն, որ լռության է մատնվում, ոչ մի կերպ չի մեկնաբանվում ժողովրդագրական հարցերով զբաղվող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից։

-Որքան տեղյակ եմ, նույնն է կամ գրեթե նույնն է Ադրբեջանի Հանրապետության ազգային կազմի մասին վիճակագրական պատկերը։

-Այո՛, չափազանց խոսուն է այդ երկրի ազգային կազմի մասին պաշտոնական վիճակագրությունը։ Չեմ ուզում անդրադառնալ այնտեղ ապրող հայ բնակչության վիճակագրությանը։ Տեսե՛ք, 1926թ. մարդահամարի տվյալներով Ադրբեջանի ԽՍՀ-ում ապրում էր 93 ազգ ու ազգություն, 2009թ. ապրիլյան մարդահամարի պաշտոնական կայքում նշված է ընդամենը 17 ազգ-ազգություն…

Այս վիճակագրությունը խոսում է բնակչության ազգային բազմազանության աղետալի, սարսափելի կորստի մասին, ինչը պետության իրականացրած հստակ քաղաքական գծի մասին է վկայում՝ Նարիմանովից մինչեւ կրտսեր Ալիեւ…

-Իսկ ի՞նչ է պատմում վիճակագրությունը, ասենք, թալիշների մասին։

-Ադրբեջանական ԽՍՀ 1926թ. մարդահամարի տվյալներով՝ այնտեղ ապրում էր 77 հազար թալիշ։ 37թ. տվյալներով, որոնք գաղտնազերծվել են միայն գորբաչովյան «գլաստնոստի» ժամանակներում՝ 1996թ., Ադրբեջանում ապրող թալիշների թիվը 100 հազար էր։ 1959թ. տվյալներով՝ այդ երկրում թալիշներ չեն եղել։ Նույնն է նաեւ 1970, 1979թթ. մարդահամարներում։ Թալիշները մեկ էլ պատմության թատերաբեմում հայտնվում են 1989թ. մարդահամարի ժամանակ՝ 21 հազար մարդ։

-Իսկ Ձեր ունեցած տվյալներով՝ որքա՞ն է թալիշների ներկայիս թիվը…

-Մոտ 110 հազար մարդ, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան արձանագրվել է 1937թ.-ին…

-Աբսուրդ է. փաստորեն 80 տարվա ընթացքում այս ժողովուրդը ոչ մի աճ չի՞ գրանցել։

-Ասեմ ավելին՝ սա մի ժողովրդի ողբերգություն է։ Իսկ Ադրբեջանի վիճակագրությունը բոլորովին չի սահմանափակվում թալիշներով, նույնն է թաթերի, ուդինների, Շահդադի ժողովուրդների (ջեկեր, բուդուրներ, խապուտիններ, խինալուգներ, կոիզներ) պարագայում։ Ադրբեջանական ԽՍՀ եւ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության քաղաքական ղեկավարության վարած բռնի «թյուրքացման» եւ «ադրբեջանականացման» պետական քաղաքականությունը, որն արդեն մեկդարյա պատմություն ունի, շարունակվում է նաեւ այսօր։ Այդ երկիրը կիրառելով պարզունակ «դեմոգրաֆիական թվաբանություն», փորձում է հիմա էլ «թուրքացնել» Իրանի հյուսիսում բնակվող թյուրքախոս իրանական ժողովրդին, ճիշտ այնպես, ինչպես «թուրքացրել» են այդ երկրում ապրող 93 ազգություններին։ Իրանական թուրքախոս ժողովրդի դեպքում հարցն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, քանզի այն լուրջ սպառնալիք է պարունակում Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների եւ տարածաշրջանի այլ երկրների համար։

-Այս դեպքում, թերեւս, չափազանց մեղմ է հնչում «դեմոգրաֆիական թվաբանություն» արտահայտությունը, խոսքը ակնհայտորեն այդ երկրի վարած ռասիստական քաղաքականության մասին է, երբ ամբողջ ազգեր-ազգություններ օրը ցերեկով անհետանում են պատմության էջերից։

-Այո՛, հենց դա էլ կոչվում է էթնոցիդ։ Տեսե՛ք, պաշտոնական Բաքվի մարդահամարի տվյալներով՝ երկրի բնակչության թուրքական հատվածի աճը ավելին է, քան Ադրբեջանի Հանրապետության ողջ բնակչության աճը…

-Իսկ նման բան հնարավո՞ր է։

-Ադրբեջանի դեպքում՝ ավելի քան։ Թվերի լեզվով խոսենք. նորանկախ Ադրբեջանի առաջին մարդահամարի տվյալներով (1999թ.) Ադրբեջանի բնակչությունը նախորդ մարդահամարի համեմատ (1989թ.) աճել է 930 հազարով, մինչդեռ ադրբեջանցիների քանակը՝ մեկ միլիոն 400 հազարով։ Այսինքն՝ մոտ կես միլիոնով ավելի, քան հանրապետության ողջ բնակչությունը։ Ադրբեջանցի բնակչության աճի գերազանցությունը հանրապետության ողջ բնակչության նկատմամբ պետք է գնահատել որպես այդ երկրի կողմից իրականացվող բռնի ձուլման (ասիմիլյացիա) քաղաքականություն… Սա իսկական էթնոցիդ է, այսինքն՝ այլազգիներին ուղղված գենոցիդ։

-Շնորհակալություն։

Հարցազրույցը վարեց
Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #35 (951) 6.09.2012 – 12.09.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


12/09/2012