ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
«Փոխգործակցություն-2012» զորավարժությանը մասնակցելու համար արդեն ՀՀ ՊՆ համազորային զորավարժության են ժամանել մասնակից երկրների զինվորական ստորաբաժանումները։ Բնականաբար, առաջինը տեղ հասավ և նախապատրաստական վարժանքներն սկսեց ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հայկական բրիգադը։
-Կեցության և գործունեության համար ստեղծված պատշաճ պայմանները ստորաբաժանումներին հնարավորություն են տալիս ամբողջ ուժերը կենտրոնացնելու մասնագիտական հմտությունների կատարելագործման վրա,- ասաց բրիգադի հրամանատար գնդապետ Արտյոմ Սմբատյանը։
Զորավարժարանի առաջնային բնագծի երկայնքով պարապմունքներ էին ընթանում։ Մոտոհրաձգայինների գործողությունները ղեկավարում էր գումարտակի հրամանատար մայոր Գոռ Ուլիխանյանը։ Հղկվում էին հետևակի մարտական մեքենայում հրաձգային ջոկերի նստեցման և իջեցման գործողությունները։ Վարժության հերթական կատարումից հետո զրուցեցինք ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Անդրանիկ Գրիգորյանի հետ.
-Ես առաջին անգամ եմ մասնակցելու այսպիսի զորավարժության։ Թեև դեռևս չգիտեմ, թե ինչ առաջադրանք է տրվելու ջոկին, բայց մարզումների ծրագիրն ու բովանդակությունը հուշում են, որ մասնակցելու ենք զինված խմբավորման ոչնչացման մարտական գործողության։ Համոզված եմ, որ ջոկն առաջադրանքը հաջողությամբ կկատարի, որովհետև հատկապես կրակային պատրաստությունից ցույց է տալիս բարձր արդյունքներ։ Կարևորն այն է, որ տղաները չեն հուզվում և հոգեբանորեն պատրաստ են ցուցադրելու իրենց ունակությունները։ Մենք գիտենք, որ մեր գումարտակի զինվորները միշտ էլ հաջողությամբ են մասնակցել արագ արձագանքման ուժերի համատեղ զորավարժություններին, և պատրաստ ենք շարունակելու լավագույն ավանդույթները։ -Նշենք, որ կրտսեր սերժանտ Անդրանիկ Գրիգորյանի ջոկի անդամներն են շարքայիններ նշանառու-օպերատոր Պապին Դաբաղյանը, մեխանիկ-վարորդ Մաղաք Հովհաննիսյանը, ավագ հրաձիգ Վաչագան Մկրտչյանը, հրաձիգ Արթուր Ավետյանը, նռնականետորդներ Հարություն Հակոբյանը, Տիգրան Ռուստամյանը և նռնականետորդի օգնական Համայակ Սուքիասյանը։
Առաջնային բնագծի մեկ այլ հատվածում մարտական հրաձգություն էին կատարում բրիգադի բոլոր ստորաբաժանումների նռնականետորդները։ Պարապմունքը ղեկավարում էր հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ավետիք Հակոբյանը։ Ներկայացնելով արդյունքները, նա ասաց.
-Հատկացված զինամթերքը՝ նռնակ-հրթիռները, շատ ծանր են, սրանցով ճիշտ նշանառությամբ թիրախը խոցելը բավական դժվար է, բայց ես գոհ եմ, բոլորի մոտ էլ երկրորդ կրակոցը հաջող է ստացվել։
Հետևում ենք հրաձգությանը։ Կրտսեր սերժանտ Հովհաննես Սուքիասյանը, շարքայիններ Արարատ Մանուկյանը, Տիգրան Ռուստամյանը և Հայկ Մաթևոսյանը կրկին աչքի են ընկնում ճիշտ նշանառությամբ։ Վարժանքը տալիս է արդյունքը, տղաներն սկսում են հասկանալ «կամակոր» հրթիռին։
♦♦♦
«Ալագյազ» և «Կամխուդ» ուսումնական կենտրոններում հավաքներ և ուսումնամարզական վարժանքներ կատարելուց հետո 30 միավոր զինտեխնիկայով, ավելի քան 100 կմ-ոց ռազմերթով սեպտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ համազորային զորավարժության են հասել Հայաստանում տեղակայված ռուսական 102 ռազմակայանի զինծառայողները։ Բացարձակապես չունենալով թիկունքային ապահովման որևէ խնդիր և արժանանալով ջերմ ընդունելության՝ նրանք այստեղ հանգստանում են, մաքրում, կարգի բերում ռազմական տեխնիկան, ծանոթանում զորավարժարանի զբաղեցրած տարածքին և սպասում հրամանատարության ու ԱԱՀՈՒ մյուս ռուսական ստորաբաժանման ժամանմանը։
Սեպտեմբերի յոթին ժամանեցին ԱԱՀՈՒ Բելառուսի, ՌԴ, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինվորական ստորաբաժանումները և ներկայացուցիչները։
Սեպտեմբերի տասին նախապատրաստական պարապմունքներում ընդգրկվեցին մասնակից երկրների զինվորական, ինչպես նաև ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները։
Սեպտեմբերի տասնմեկին ժամանելով զորավարժարան՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն անցկացրեց խորհրդակցություն և, մանրամասնորեն ծանոթանալով կատարված աշխատանքին, զորավարժության ղեկավար կազմին տվեց անհրաժեշտ ցուցումներ։ Այնուհետև տեղի ունեցավ զորավարժության փորձարկում մասնակից բոլոր ստորաբաժանումների, ավիացիայի ներգրավմամբ։ Այն ցույց տվեց, որ հատկապես արտերկրից ժամանած գործընկերները լավագույնս են ուսումնասիրել զորավարժարանի զբաղեցրած տարածքը, կարողանում են ճիշտ կողմնորոշվել և միմյանց հետ համագործակցել։
Ճաշից հետո ԱԱՀՈՒ-ի մասնակիցները պարապմունքները շարունակեցին առանձին-առանձին։
Բելառուսի պատվիրակությունը ժամանել է գնդապետ Վադիմ Դենիսենկոյի գլխավորությամբ։ ԱԱՀՈՒ-ի Վիտեբսկի 103-րդ բրիգադը ներկայացել է վաշտի կազմով, որի հրամանատարն է ավագ լեյտենանտ Վալերա Բալիգոն։ Զրույցի հենց սկզբից հասկացանք, որ գործ ունենք եռանդուն, ինքնավստահ, արհեստավարժ սպայի հետ։
-Վաշտը համալրված է բացառապես ժամկետային ծառայության զինվորներով։ Բրիգադը նոր է համալրել ԱԱՀՈՒ-ի շարքերը և առաջին անգամ է մասնակցում նմանատիպ զորավարժության։ Մարտունակության մասին չեմ ուզում խոսել, մենք մեր հնարավորությունները ցույց կտանք զորավարժության ժամանակ, կասեմ միայն, որ մենք հավատարիմ գործընկերներ ենք և չենք մոռացել, որ ոչ վաղ անցյալում ապրել ենք միասին մեկ երկրի կազմում, իսկ Հայրենական պատերազմի ժամանակ հայերը, ռուսները, ղազախները, մյուս ժողովուրդները միասնաբար պայքարել են ֆաշիզմի դեմ, կռվել ու ազատագրել են գրավված տարածքները, այդ թվում նաև մեր հայրենիքը՝ Բելառուսը,- ասաց վաշտի հրամանատարը և ավելացրեց։ -Ինչպես ես, այնպես էլ զինվորները նախկինում երբեք չենք եղել Հայաստանում, սա առաջին այցն է։ Մենք սովորաբար մարզվում ենք բարդ ծրագրով, այս զորավարժարանում, եղանակային այս պայմաններում, պարապմունքներ անցկացնելը շատ օգտակար կլինի վաշտի համար։
Բելառուս զինվորները բավական լավ տվյալներ ունեն. բարձրահասակ են, ամրակազմ, ջլապինդ։ Ծանր զենքերը կրում են նկատելի թեթևությամբ։ Զրույցին մասնակցեցին սերժանտներ Ալեքսանդր Մուրզենկոն, Դմիտրի Վլասովը, շարքայիններ Ալեքսանդր Ռադչենկոն, Եվգենի Կուտեչկոն, Յուրի Մակարենկոն, Եվգենի Ժուրնասեկը, Պավել Ցիտելովը, Արտյոմ Նովիկովը և լեյտենանտ Ալեքսեյ Պոդլեպենկինը։
-Մեզ բավականաչափ տեղեկություններ են տրամադրել Հայաստանի, հայկական բանակի մասին, բայց, իմ կարծիքով, դա բավարար չէ, լավ կլինի, որ փոխայցերը շատ լինեն։ Տղաները գնացել էին Երևան՝ վոլեյբոլի մրցումների, վերադարձել էին տպավորված, եթե էքսկուրսիա կազմակերպեն, ես անպայման կմասնակցեմ,- ասաց Ալեքսեյ Ռադչենկոն։
Տղաները զորավարժարանում ստեղծված պայմաններից շատ գոհ էին, ասացին, որ ոչ մի հարցում դժվարության չեն հանդիպում, իսկ հայ գործընկերներն էլ միշտ պատրաստ են օգնելու իրենց։
Ղազախստանը զորավարժությանը մասնակցում է դասակի կազմով։ Երբ մոտեցանք, նրանք պարապում էին հայկական կողմի տրամադրած զրահատեխնիկայով։ Կապիտան Բոդան Բեգայդարովը չէր ուզում, որ լուսանկարենք զինվորներին, պատճառաբանելով, որ համազգեստն աշխատանքային է, բայց ծանոթանալուց, զրուցելուց հետո մեր միջև ջերմություն առաջացավ և, ինչպես ընդունված է ասել՝ սառույցը հալվեց։
-Դասակը համալրված է պայմանագրային ծառայության զինվորներով։ Առաջադրանքը, որին մենք արդեն ծանոթ ենք, շատ բարդ չէ, անպայման կհաղթահարենք, ու կրակայինից ցույց կտանք բարձր արդյունքներ,- ասաց նա։
Կապիտանին օգնում էր ավագ լեյտենանտ Ասադ Օսպանովը։ Երբ հարցրի, թե որտեղ է սովորել, ասաց.
-Այժմ քսանչորս տարեկան եմ, երկու տարի առաջ եմ ավարտել Ալմա-Աթայի զինվորական ուսումնարանը։
-Դժվար չէ՞ տարիքով տղաների հետ։
-Չէ՛, ինչ եք ասում, մեր բանակում հրամանատարին հարգելը, նրա հրամանները կատարելը սուրբ գործ է,- անմիջապես ասաց նա։
Հրաձիգ, սերժանտ Սակեն Բեյիսենովն իր և եֆրեյտոր Կուսանել Միրիզիկինովի մասին ասաց, որ մասնակցել են ԱԱՀՈՒ զորավարժություններին ՌԴ-ում և Տաջիկստանում։ Մարտական մեքենայի հրամանատար ավագ սերժանտ Եռբոլ Մուրադբեկովը, նշանառու օպերատոր սերժանտ Ալիշեր Սեյդգերիմովը, մեխանիկ-վարորդ շարքային Մուրադ Ախմեդովը հավաստիացրին, որ հատկացված զրահատեխնիկան շատ լավ վիճակում է, և անպայման կխոցեն թիրախը։
Սերժանտ Ազամատ Օրմանբեկովն ասաց, որ ինքը 35 տարեկան է, ամուսնացած է և ունի երեք երեխա։
-Այսօրվա պես հիշում եմ 1988թ. Սպիտակի երկրաշարժը, տասնմեկ տարեկան էի, լուրը, կործանված քաղաքների տեսարանները ցնցեցին մեզ։ Դպրոցում կազմակերպվեց Հայաստանի երեխաների օգնության շտաբ։ Տնետուն ընկած մանկական հագուստ, երեխաներին օգտակար իրեր էինք հավաքում։ Երբեք չեմ մոռանա այդ օրերը։ Անչափ ուրախ եմ, որ Հայաստանը հաղթահարել է դժվարությունները, և ես այժմ այստեղ եմ։
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ