ԺՊՏՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
Հայոց բանակի զինվորը աչալրջորեն եւ հետեւողական մարտական հերթապահություն է իրականացնում, պատվով կատարում է խնդիրները, նրա ծառայության շնորհիվ առաջնագիծը կայուն է, չնայած այդ ահռելի պատասխանատվությանը, նրան երբեք չես տեսնի թեւաթափ կամ դժգոհ: Սահմանից հեռու գտնվողները դրանում համոզվեցին լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանի եւ նրա ընկերների նախաձեռնության շնորհիվ: «Ժպտացող զինվորներ» նախագծի շրջանակներում լուսանկարվեցին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավելի քան երկու տասնյակ զինծառայող, A0 չափսով լուսանկարները փակցվեցին Աբովյան պուրակում, այնուհետև` Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին շրջապատող մետաղյա թիթեղներին. «Մեր նպատակն էր ցույց տալ աշխարհին, որ մեր հայ զինվորը ժպտալ, ծիծաղել գիտի: Ոչ ոք ի զորու չէ կասեցնելու այդ ժպիտը: Մեր նպատակը պրոֆեսիոնալ լուսանկար ստանալը չէր, այլ` բարի էմոցիաներ փոխանցելը: Զորամասում զինվորները շարվեցին, բացատրեցի ու առաջարկեցի լուսանկարվել: Բոլորն էլ հաճույքով համաձայնեցին, ընտրեցինք տարբեր կերպարների, նրանց ժպիտը յուրահատուկ է: Ես էլ եմ զինվոր եղել եւ կարող եմ ասել, որ ծառայության ընթացքում ուրախանալու առիթներ շատ ենք ունեցել»:
Զինվորները սրամտում էին, կատակում, անեկդոտներ պատմում եւ լիաթոք ծիծաղում, իսկ լուսանկարիչներն էլ սեղմում էին կոճակը՝ որսալով հարմար պահը: «Ինձ համար կարեւոր է, որ մեր քաղաքում սկսեն ժպտալ: Քաղաքացիների արձագանքներից ելնելով` վստահ կարող եմ ասել, որ նախագծի շնորհիվ մենք հասանք դրան»:
Ալբերտ Պողոսյանը նշեց, որ «Ժպտացող զինվորներ» շարքը իրականացվել է «Inside out» նախագծի շրջանակում, և մեր հայ զինվորների ժպիտներն արդեն Նյու Յորք են հասել, որտեղ կմասնակցեն ցուցահանդեսի:
Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Բանակ և հասարակություն