Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ի՞ՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ»



Արդեն շուրջ 19 տարի է, ինչ Ադրբեջանում գործում է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ). 1993 թվականի օգոստոսին, ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ տարում, Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ ստեղծվեց «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը»: Նախատեսվում էր, որ նորաստեղծ կազմակերպությունը պետք է խթանի «հայկական կողմից Ղարաբաղը ետ վերցնելու» հասարակական տրամադրությունները։ Ի սկզբանե ՂԱԿ-ը ոչնչով աչքի չընկավ, և ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի ֆիասկոյից հետո տրամաբանական կլիներ, որ ամպագոռգոռ անվանում ունեցող կազմակերպությունը դադարեցներ իր գործունեությունը: Սակայն, դա տեղի չունեցավ, և այսօր վարկաբեկված կազմակերպությունը շարունակում է «Ղարաբաղի ազատագրման պայքարի» նմանակումը` պարբերաբար իր մասին հիշեցնելով հայատյաց հիստերիկ հայտարարություններով և ոչ համապատասխան ու բռի ակցիաներով:

Այսպես, ՂԱԿ-ը պարբերաբար հանդես է գալիս հայկական և ղարաբաղյան կողմի դեմ պատերազմ սկսելու կոչերով: ՂԱԿ-ը, ի դեմս ղեկավարի` Ակիֆ Նագիի, անընդհատ իշխանություններին կոչ է անում դուրս գալ բանակցային գործընթացից, վերսկսել ռազմական գործողությունները և որպես «դրանից բխող հետևանք` ազատագրել Ղարաբաղը»: Ընդ որում, պատերազմը վարելու ոչ մի մեխանիզմ չի հիշատակվում, երբեք չի նշվում նաև ՂԱԿ-ի անդամների` առաջին գիծ գնալու պատրաստակամության մասին: Զավեշտալի է, որ հարևան Ադրբեջանում բոլորը խոսում են պատերազմի մասին, բայց ոչ ոք չի ցանկանում զենք վերցնել և անհրաժեշտության դեպքում կյանքը զոհաբերել «բուն ադրբեջանական Ղարաբաղի համար»: Դեռ ավելին, պատերազմը վերսկսելու ամենամեծ ջատագով Ակիֆ Նագին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հետևել էր իր ներկայիս շեֆին` Իլհամ Ալիևին, և Բաքվի համալսարաններից մեկում դասախոսություններ կարդալու անվան տակ դասալքել ու չէր մեկնել մարտի դաշտ: Ասվածից հետևություն անելով` չի կարելի բացառել, որ հնարավոր պատերազմի դեպքում «Նագին և ընկերները» կրկին կերկնչեն և որևէ պատճառաբանության քողի տակ (ամենագործուն տարբերակը աղանդավոր ձևանալն է) կխուսափեն ճակատ մեկնելուց:

Կարելի է ենթադրել, որ ՂԱԿ-ի ղեկավարության և անդամների խիզախությունը բավարարում է միայն Բաքու ժամանած հայկական պատվիրակություններին իրենց բողոքը ձևացնելու համար: ՂԱԿ-ի «աշխատանքային առօրյայի» զգալի մասը Բաքվում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ ոչ աղմկոտ ակցիաների անցկացումն է` ի նշան բողոքի այդ պետության կողմից իրականացված հայանպաստ որևէ գործողության:

Այսպես թե այնպես, հասկանալի է, որ ՂԱԿ-ն երբեք ինքնուրույն մարմին չի կարող լինել, և ներկայիս պայմաններում այն խաղալիք է Ադրբեջանի իշխանությունների ձեռքերում: Խոսքի ազատության բացակայության պայմաններում Ադրբեջանում գործող ցանկացած ոչ պետական կազմակերպություն հովանավորվում կամ մանրակրկիտ վերահսկվում է իշխանությունների կողմից: Ենթադրաբար, ՂԱԿ-ի գործողություններով պաշտոնական Բաքուն ուզում է միջազգային հանրության առջև ձևացնել ադրբեջանական հասարակությունում Ղարաբաղը ռազմական ճանապարհով «ետ բերելու» արմատական տրամադրությունների առկայության պայմաններում իր «զսպողական և խաղաղասեր լինելը»:

Ամեն դեպքում,ՂԱԿ-ի գործունեությունը Ադրբեջանի համար միմիայն բացասական ներգործություն ունի. Ադրբեջանում իրականացվող հակահայկական ցանկացած ակցիա է՛լ ավելի Է հեռացնում հայ և ադրբեջանական ժողովուրդներին` բացառելով բանակցային գործընթացում որևէ առաջընթաց գրանցելու և երկկողմ փոխզիջումների գնալու հնարավորությունը, իսկ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ անցկացվող` վիրավորանքներով ուղեկցվող կոչերը և ակցիաները ցույց են տալիս ցուցարարների դաստիարակության պակասը: Հարկ է նաև նշել, որ ադրբեջանական ժողովրդի զգալի մասը ոչ միայն չի աջակցում ՂԱԿ-ին, այլև Ակիֆ Նագիին ավելի մեծ թշնամի է համարում, քան Հայաստանը:

ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Ռազմաքաղաքական


19/09/2012