Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Տաղավար տոների երկրորդ օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին, ովքեր այս բոլոր հանդիսավոր օրերին մեզ տոնակից են լինում, բարեխոսում են մեզ համար, և նրանց աղոթքները ելնում են Աստծու առջև (տե՛ս Հայտ. Ը 4): Թեպետ արդարների հոգիներն ունեն անմահության հաստատ հույսը և գտնվում են Աստծու ձեռքում, խաղաղության մեջ (տե՛ս Իմաստ. Գ 1), սակայն նրանք պսակի դեռևս չեն արժանացել (տե՛ս Հայտ. Զ 9-11), ինչպես և մեղավորները` տանջանքների (տե՛ս Բ Պետ. Բ 4,9), մինչև որ բոլորս էլ մեր վախճանին հասնենք` ըստ առաքյալի խոսքի. «Սրանք ամենքը հավատի մեջ վկայված լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը: Աստված մեզ համար ավելի լավն էր նախատեսել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն» (Եբր. ԺԱ 39-40): Քանի որ որդեսեր Հայրը սպասում է, մինչև որ Իր բոլոր զավակները կհավաքվեն և այնժամ յուրաքանչյուրիս կտա իր հասանելիքը:

Առայժմ ննջեցյալները կարիք ունեն մեր աղոթքների` իրենց ներելի և անգիտությամբ գործած մեղքերի թողության համար, և հույսով սպասում են իրենց հոգիների հանգստության համար մեր հիշատակություններին: Ինչպես Հուդա Մակաբայեցին փող հավաքեց և ուղարկեց Երուսաղեմ` ննջեցյալների մեղքերի համար պատարագ մատուցելու (տե՛ս Բ Մակաբ. ԺԲ 43-46), և Բոոսն էր մեռելների և կենդանիների համար ողորմություն անում (տե՛ս Հռութ Բ 20), այդպես էլ ննջեցյալների հարազատները ողորմություն են տալիս կարոտյալներին և պատվիրում քահանաներին իրենց հարազատների անունները հիշատակել սուրբ Պատարագի մեջ: Սուրբ Պատարագով ոչ միայն ողջերի համար է փրկություն լինում, ովքեր հավատով են հաղորդվում, այլև` նրանց, ովքեր հույսով ու հավատով ննջեցին ի Քրիստոս: Որովհետև Քրիստոսի մահը ոչ միայն ողջերի համար փրկություն եղավ, այլև` ննջեցյալների, ինչպես ասում է Պետրոսը. «Գնաց ավետարանեց հոգիներին, որոնք դժոխքում էին» (Ա Պետ. Գ 19): Սակայն սուրբ Պատարագը չի փրկում հեթանոսներին, անհավատներին և բոլոր նրանց, ովքեր անզիղջ ու անտրտում թավալվում են մեղքերի ու չարիքների մեջ և չեն հիշում դատաստանի օրն ու տանջանքների սարսափը: Այսպիսիների համար օգուտ չէ պատարագ մատուցելը կամ էլ ողորմություն անելը:

Այդ պատճառով, տաղավար տոների հաջորդ օրը, եկեղեցիներում մատուցվում է սուրբ Պատարագ և Հոգեհանգստյան պաշտոն` բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, և պատարագի մեջ, Աստծու առջև, հիշատակվում են նրանց անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր` Դավթի անունը (տե՛ս Բ Մնաց. Զ 42): Ամեն նման դեպքում ննջեցյալների վրա կենաց ցող է իջնում, որը մեծ ուրախություն է պատճառում երկնային զորքերին, նաև նրանց, ովքեր ուղիղ սրտով, ճշմարիտ հավատով, ողջամիտ հույսով և սուրբ սիրով հիշատակում են սրբերին, քանի որ հանգուցյալների հիշատակությունը մեծ շահ է և կատարյալ օգուտ:

Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները և պատվիրում քահանաներին օրհնել այն, որով ավետում ենք ննջեցյալներին Տիրոջ Երկրորդ գալստյան և մեռելների հարության հույսը:

Աշխատասիրությամբ`

ԱՐԱՄ դպիր ԴԻԼԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Հոգևոր-մշակութային


19/09/2012