Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԹԱԳՆ ՈՒ ՈՐՈՏԱՆԻ ՀԱՌԱՉԸ



Իշխանասարի վառվող թագը եւ Որոտանի խուլ հառաչը ուղեկցում է ինձ, որպես այս հողակտորին կապող անքակտելի կարոտ ու մինչ մահ ինձ ուղեկցող երազ, որը հասկանում եմ այն ժամանակ, երբ հողի ու քո միասնությունը հեռու չէ, երբ հասկանում եմ, որ այդ երազը կրկնվել չի կարող, եւ որ դու վաղվա հողն ես…

Աղվան Մինասյան, 1987թ.

Աղվան Մինասյան։ Ծնվել է 1970թ. Սիսիանի Լծեն գյուղում։ Դպրոց, տեխնիկում, այնուհետեւ սկսվել է ազատագրական պայքարը, եւ Աղվանը միացել է եղբոր՝ Աշոտի հրամանատարությամբ մարտնչող տղաներին։ Զոհվել է 1993թ., 23 տարեկան հասակում։ Մահից հետո տպագրվեցին նրա «Տապանագիր», «Սուր եւ խաչ» գրքերը։ Հետմահու ընտրվեց Հայաստանի գրողների միության անդամ։ Պարգեւատրվեց Եղիշե Չարենցի անվան մրցանակով։ Փառքի պսակի դափնիներ մեր մեծերի կողմից, որին անհաղորդ մնաց, խոսքեր, որոնք չլսեց-չտեսավ բանաստեղծը, այնքան երիտասարդ, սակայն այս անգամ ո՛չ վաղամեռիկ, որովհետեւ զոհվեց վաղ տարիքում… եւ կապրի այնքան ժամանակ, քանի դեռ կհոսի Որոտանը։

…Զանգեզուր աշխարհ։ Ծղուկ գավառ, գյուղ Լծեն… Բանաստեղծ Աղվան Մինասյանի ծննդավայր։ Եթե ոչ այսօր՝ վաղը, մյուս օրը Լծենը մեր շուրթերից պոկվելու ու շրջելու է Հայաստանով մեկ, շրջելու է ողջ հայոց գաղթօջախներով։ Որտեղ մեկ հայ կա, մեսրոպյան տառ կա ու գիր, այնտեղ է լինելու Լծենը՝ իր զոհված որդու, վաղամեռիկ որդու ձեռքը բռնած…

Վահան Թեքեյանի մասին Հակոբ Օշականը մի առիթով գրել է. «Վարուժանով կը հպարտանանք, Դուրյանով կը տառապինք, Մեծարենցով կանուշնանք, Թեքեյանով կը զգաստանանք»։ Ուզում եմ շարունակել, ասել. «Աղվան Մինասյանը, որը 23 տարեկանում զոհվեց. «այս հրաշք, այս հանճարեղ պատանին»… իր հոգում կրում էր այդ ամենը՝ նա մեր հպարտությունն է, մեր տառապանքը, մեր կարոտն ու զգաստությունը։ Մեր պետականությունը 2 տարեկան էր, երբ նա զոհվեց։ Այսօր Բանաստեղծն ու Պետությունը հասակակիցներ են. եւ հպարտություն բառը իր նեղ շապիկը պատռում ու հագնում է Անանձնական բառ-մակդիրը։ 23-ամյա բանաստեղծը փորձում է փարատել մեկ ու կես դարից ավելի իր մահկանացուն կնքած մեր մյուս վաղամեռիկ բանաստեղծի՝ Պետրոս Դուրյանի տխրությունը, որը ցավով ասում էր.

«Հայրենիք մը ունիմ թշվառ,

Չօգնած անոր մեռնիլ աննշան՝

Օհ, այս է սոսկ ցավն ինձ համար»։

Աղվան Մինասյանը եկել էր, որ արարեր, ստեղծագործեր, սակայն ճակատագրական ժամանակ նրան բաժին ընկավ։ Նա, որ պատերազմի զենքը խաղաղության հետ պիտի փոխարիներ գրչով, զգաց, որ չի հասցնի իր պատգամները թողնել, զգաց, որ բառերը պետք է դուրս գան իր հոգու հնոցուց հենց պատերազմի օրերին, ինչպես նախաստեղծ առաջին երկաթագիր գրերն էին դուրս գալիս դարբնի քուրայից…

Լծեն այցելելով՝ հասկանում ես, թե ինչու է բնության ամեն մի պատկեր նմանվում հրաշքի, ինչու՞ է այն փոխվում բանաստեղծական տողի ու թառում շուրթերիդ։ Այդպես է, որովհետեւ այս գյուղում են ծնվել 20-րդ դարավերջի. ինչպես նաեւ 21-րդ եւ գալիք դարերի Բանաստեղծը, Զորականն ու Զինվորը…

Այցելիր, ով անցո՛րդ, մեկ անգամ Լծեն՝ բանաստեղծ Աղվան Մինասյանի գերեզմանին։ Անաղարտ բնության գրկում վաղամեռիկ Ամալյա մայրիկի ծոցում ննջող մեր Մինուճարին… Այցելիր եւ հավատա՝ կզգաս, հոգով կզգաս, որ Աղվանից, այս երիտասարդ բանաստեղծից մենք պիտի կարոտն առնենք Դուրյանի, Վարուժանի, Մեծարենցի, Թեքեյանի ու Սեւակի… ու կթվա, թե քայլում ես նրանց ծննդավայրերով՝ Բրգնիկով, Սկյուտարով, Ակնով… ու զգում ես նրանց հպարտությունը, տխրությունը, ցնծությունը…

Անաղարտ բնության գրկում, անաղարտ հոգով կանգնենք բանաստեղծի տապանաքարի առջեւ եւ արտասանենք իր իսկ տողերից…

Տխուր են գույները այս գարնան,

Եվ սիրտս ինչ-որ բան է գուժում…

Մի՛ սպասիր էլ ինձ, հայրենական իմ տուն,

Եթե գալու չեղա, էլ չեմ գալու,

Մորս հայացքն իմ դեմ՝ ես գնում եմ հեռու՝

Հայրենիքի պարտքը արյամբ տալու։

Ապրիլ 11, 93թ.

Կռունկներն աշունը տարան,

Ոտքերս եղյամոտ են ու թաց,

Մի աշուն, մի տարի էլ տարան,

Աչքս երամի հետ գնաց։

Մի մրսած ճնճղուկ կա ծառին,

Ճնճղուկն իմ ընկերն է դարձել,

Հիմա քուն մտավ այս տարի,

Ճնճղուկն ընկերս է դարձել։

Արեւն է աշխարհից որբացել,

Արեւն էլ չվել է նրանց հետ,

Բոլորը թողել են, գնացել,

Ջերմությունը տարել են իրենց հետ։

1987թ.

Հրանտ հայրիկի հետ գնում ենք Լծեն։ Որոտանի կիրճով ձգվում է ճանապարհը։ Ճանապարհի ուղեցույցը Որոտանն է, հունը թեքում է գետը՝ ճանապարհն էլ է թեքվում, ծունկ է տալիս գետը, նույնն է անում եւ ճանապարհը։ Մեկ-մեկ էլ չափն անցնում է Որոտանը կամ փորձում է մարդու հոգու հետ խաղալ ու բերում դեմ է տալիս բարձրաբերձ ժայռերի։ Ուրիշ ճար չկա՝ պիտի կամուրջ կապել ու անցնել գետը։ Սակայն կամուրջը չպետք է սովորական լինի, այն չի դիմանա Որոտանի որոտին, բարկությանը։ Կամուրջը պիտի երեւակայության կամարով իրար կապի երկնի կապույտն ու ջրի կապույտը, կայծակի որոտն ու Որոտանի որոտը, եւ որ ամենակարեւորն է՝ աղեղնակն իր գույները պիտի դասդասի կամրջի կամարին։ Եվ կառուցվեց մելիք Թանգիի կամուրջը։ Ավարտելով կառուցումը՝ մելիքը նայեց կողքի երկնահաս ժայռերի գագաթին կանգնած Որոտնաբերդին ու վարպետին ասաց, որ հատիչով կամրջի կամարին դարերին ի պահ թողնի այս խոսքերը. «Կամուրջը կանգուն կմնա այնքան ժամանակ, քանի կանգուն են շրջակա ժայռերը»։

… Կանգուն կմնա կամուրջը, քանի տեսանելի է «Իշխանասարի վառվող թագն», ու լսելի է «Որոտանի խուլ հառաչը»…

Շարունակելի

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս. ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


19/09/2012