Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



Պատմում է Գեղամ Աբրահամյանը

Խունացած լուսանկարում Գեղամն է իր մարտական ընկերների և ադրբեջանցի 6 գերիների հետ։ Գերիները հայացքները խոնարհել են։ Լուսանկարչական խցիկին են նայում միայն մեր տղաները՝ հաղթանակած, երկար մորուքներով, բոցավառ աչքերով։ Լուսանկարը ծոցագրպանից հանելով՝ Գեղամ Աբրահամյանը պատմում է.

-1994-ի փետրվարի 17-ն էր՝ Օմարի գրավման օրը։ Ադրբեջանցիները խուճապի մեջ էին։ Ամեն կերպ փորձում էին գլուխներն ազատել։ Ուղղաթիռը երկու անգամ վայրէջք կատարեց։ Դիակներով ու ողջ մնացածներով օդ բարձրացավ։ Երբ երրորդ անգամ հետ եկավ՝ մենք արդեն մոտենում էինք։ Խուճապը սաստկացավ, ու կյանքները փրկելու համար բոլորը վազեցին դեպի ուղղաթիռը։ Իրար հրմշտելով բարձրացան, լցվեցին ուղղաթիռ, ու էլ տեղ չկար։ Ներքևում մնացել էին վեց հոգի, որոնք ամեն կերպ փորձում էին բարձրանալ։ Ճիշտ է՝ պատերազմ էր, սակայն այդ տեսարանը ապրելու ու մահվան ճիրաններից ազատվելու մի ամբողջ դրամա էր։ Ներքևում մնացածներն ամեն ճիգ գործադրում էին տեղ գտնելու ուղղաթիռում՝ խնդրում էին, գոռում, աղաղակում, կախվում էին մինչ դուռը լիքը լցված մարդկանց ոտքերից, փորձում էին վայր գցել՝ իրենց համար տեղ բացելով։ Նայելով այդ պայքարին՝ զգում էիր, թե որքան քաղցր է կյանքը։ Ուղղաթիռն արդեն պատրաստվում էր օդ բարձրանալ՝ վերջին փորձեր, վերջին հույսեր, սակայն անօգուտ՝ արդեն դռան արանքում գտնվողները իրենց կյանքը փրկելու համար վերևից հարվածում էին նրանց, ովքեր փորձում էին կախվել իրենց ոտքերից, իրենց վայր գցել… Մի խոսքով՝ ուղղաթիռը վեր բարձրացավ… Ներքևում մնացած 6 ադրբեջանցիները մի վերջին հայացքով այն ճանապարհեցին ու հուսահատ հայացքները դարձրին մեզ…Հուսահատ էին, անօգնական ու համարյա առանց դիմադրության (բացի մեկից) գերի հանձնվեցին։

Այդ օրը եռամսյա հավաքների տղաներ էին եկել Քարվաճառ, և որոշեցինք նրանց բարոյահոգեբանական վիճակը այսպես ամրացնել։ Հրամանատար Հենրիկ Մուրադյանին զեկուցեցի կատարվածի մասին։ Երբ գերիների հետ տեղ հասանք՝ նոր ծառայության եկած եռամսյա տղաները շարված էին դեմ դիմաց։ Շարքերի արանքով ծնկաչոք անցան ադրբեջանցի գերիները։ Եռամսյայի տղաներին դիմելով, ոգևորելով, հրամանատար Հենրիկ Մուրադյանն ասաց.

-Ձեր ոտնամուտը հաղթական էր։ Հիշե՛ք այս օրը, երբ պարտված բանակի զինվորները ծնկաչոք անցան ձեր առջևով։ Այսպե՛ս պետք է պահեք մեր բանակի պատիվը։ Այսպե՛ս պետք է անցնենք մեր հետագա ճանապարհը…

Գ.Շ.

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Պատմության էջերից


19/09/2012