Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎԻԹԸ ՆԵՂ ՕՐՎԱ ԸՆԿԵՐ ԷՐ



10 տարի առաջ՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ «Մարտական խաչ II աստիճանի» շքանշանակիր գնդապետ ԴԱՎԻԹ ԽԱՉՄԱՆՈՒԿՅԱՆԸ հեռացավ կյանքից։ Պատերազմ անցած ռազմիկի, կադրային սպայի, ազգային բանակի երախտավորի մասին պատմում են նրա կինը, ընկերը, զինակիցը…

Դավիթ Խաչմանուկյանին ճանաչում եմ երեք տարեկանից։ Նրա հայրը՝ Հենրիկ Խաչմանուկյանը, զինվորական էր։ Մենք ընտանիքներով մտերիմ էինք ու, կարելի է ասել, Դավիթն իմ աչքի առաջ է մեծացել։ Աչքաբաց, աշխույժ երեխա էր։ Հայրը շատ խստապահանջ էր և օրինավոր ու որդուն դաստիարակում էր ամենայն բծախնդրությամբ։ Դավիթն ու հայրը շատ մտերիմ էին, միևնույն ժամանակ Դավիթը խորին ակնածանքով էր վերաբերվում հորը։ Պատանեկան տարիներին աչքի էր ընկնում հասունությամբ ու ինքնուրույնությամբ։ Նա ուսանել է Բաքվի ռազմական ուսումնարանում։ Այդ տարիներին ես նույնպես Բաքվում էի ծառայության բերումով ու առիթ ունեի հաճախ շփվելու Դավիթի հետ։ Իսկական զինվորական էր դարձել. կազմակերպված էր, ճշտապահ, ձևավորված աշխարհայացքով, բազմակողմանի զարգացած, խելացի։ Շատ լավ գլուխ էր հանում տեխնիկայից, զենք էր սիրում, հրաշալի տիրապետում էր մի շարք զինատեսակների։ Նա Ալմա-Աթայում էր ծառայում, երբ սկսվեցին սահմանային առաջին ընդհարումները։ Դավիթը վերադարձավ հայրենիք և նշանակվեց Իջևանի զինկոմի տեղակալ։ Հետո անմնացորդ ընդգրկվեց տարածաշրջանի պաշտպանության գործում։ Նա տարածաշրջանի զինվորական պարետն էր և գնդի առաջին հրամանատարն ու հիմնադիրներից մեկը։ Ահռելի է Դավիթ Խաչմանուկյանի ավանդը Իջևանի ու հարակից շրջանների ինքնապաշտպանության ու բանակաշինության գործում։ Բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալի պաշտոնին ծառայելու տարիներին Դավիթն աչքի ընկավ իր կազմակերպչական բացառիկ ունակությամբ, նրա անվան հետ է կապվում զորային հրաձգարանի կառուցումը։ Պատահական չէր, որ նա մեծ ուշադրություն էր դարձնում մարտական պատրաստության մակարդակին։ Ես կարող եմ անվերջ խոսել Դավիթի զինվորական գործունեության մասին, թվել նրա ձեռքբերումներն ու ավանդը, սակայն ես ուզում եմ ասել, որ ամեն ինչով հանդերձ, Դավիթը հրաշալի մարդ էր, թիկունքիդ կանգնող ընկեր, նեղ օրվա ընկեր։ Գիտեք, ես մի հավատամք ունեմ. ամեն ինչ սկսվում է մարդու բարոյական նկարագրից… Դու այնքանով լավ լրագրող ես, որքանով լավ մարդ ես, ես այնքանով լավ զինվորական եմ, որքանով լավ մարդ եմ… Մեր ամբողջ մարդկային նկարագիրը, մեր ձեռքբերումները, մեր գործունեությունը հիմնված են մեր կերպարի վրա։ Ազնվությունը միշտ ճանապարհ է հարթում իր համար, ինտելեկտը միշտ բարձունքի է հասնում՝ շիտակությունը հաղթում է… Ու Դավիթը հաղթող տեսակ էր… Եթե փորձեմ մեկ բառով նկարագրել Դավիթ Խաչմանուկյանին, կասեմ՝ նա կիրթ մարդ էր, բառի ամբողջ բովանդակությամբ։

ՖԵԼԻՔՍ ԳԶՈՂՅԱՆ
Գեներալ-մայոր
Դավիթի մարտական ընկերը

ԲԱՆԱԿԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Գնդապետ Դավիթ Խաչմանուկյանը իսկական զինվորական էր և հայ տղամարդ։ Նա բացառիկ պրոֆեսիոնալ էր, օժտված զինվորականի համար անհրաժեշտ բոլոր գծերով՝ օրինավոր էր, խոսքի տեր, տոկուն, համառ, սկզբունքային, արդարամիտ ու համարձակ։ Խիզախ տեսակ էր, նախաձեռնող, ստեղծագործող։ Նա մշտապես լի էր նոր մտահղացումներով։ Դավիթ Խաչմանուկյանը բանակի նվիրյալ էր։ Պատահական չէր, որ ես մեծապես խրախուսեցի նրան ՊՆ մարտական պատրաստության վարչության պետի (իմ) տեղակալ նշանակելու որոշումը։ Ես քանիցս տեսել էի նրա զինվորական ունակությունները։ Բայց ինձ ամենից շատ ոգևորել էր նրա սրտացավությունը զինվորի հանդեպ։ Զինվոր դաստիարակելու նրա տաղանդը։ Դավիթը միշտ հասնում էր իր ուզածին։ Դավիթի մահը մեծ կորուստ էր բանակի համար։ Եզակի զինվորականի կորուստ էր։ Բայց առաջին հերթին բոլորիս համար լավ մարդու կորուստ էր։ Նա լուռումունջ տեսակ էր, հեռու ինքնագովությունից, փայլելու ցանկությունից, վերամբարձությունից, բայց նեղության պահին աննկատ կհայտնվեր կողքիդ, կդառնար հենարան… Ափսոս… շատ ափսոս…

ՄՈՒՐԱԶ ՍԱՐԳՍՅԱՆ
Գեներալ-լեյտենանտ
Դավիթ Խաչմանուկյանի զինակիցը

Մենք նույն դպրոցում ենք սովորել։ 14-15 տարեկանից ընկերություն ենք արել։ Բոլորը գիտեն, որ Դավիթը կազմակերպված էր, ուժեղ, լրջախոհ, բայց քչերը գիտեն, որ նա այնքան ռոմանտիկ էր, նուրբ, զգացմունքային։ Շատ էր կարդում, սիրում էր երաժշտություն, բարձր գեղարվեստական ճաշակ ուներ։ Երբ նա սովորում էր զինվորական բարձրագույն ինստիտուտում, ես կոնսերվատորիայի ուսանողուհի էի, և մենք նամակներ էինք գրում իրար ու պատմում էինք ամեն ինչ։ Ես դեռ այն ժամանակ եմ լսել Դավիթի համակուրսեցիների՝ Սեյրան Օհանյանի, Գարեգին Գաբրիելյանի, Իշխան Մաթևոսյանի մասին։ Երբ նրան ծառայության նշանակեցին Ալմա-Աթայում, ես տեղափոխվեցի հեռակա բաժին, որ կարողանամ կողքին լինել։ Փոքրիկ «զոհողություն» էր, բայց Դավիթն այնքան բարձր էր գնահատում։ Համատեղ կյանքի առաջին օրերից հասկացա, որ կողքիս բացառիկ տղամարդ է՝ նվիրված, անշահախնդիր, շռայլ, գթասիրտ, շիտակ, ուժեղ, սկզբունքային։ Այդքան զբաղված լինելով, օգնում էր ինձ կենցաղային գործերում, խնամում էր երեխաներին, կարդում էր նրանց համար ու գեղեցիկ մակագրություններով գրքեր էր նվիրում։

Մենք ամեն ինչ ունեինք Ալմա-Աթայում՝ հանգիստ, ապահով, բարեկեցիկ կյանք, հարգանք ու պատիվ, ընկերներ։ Նա կապիտան էր, ես աշխատում էի կոնսերվատորիայում, բայց, երբ իմացավ, որ Հայաստանում սահմանային ընդհարումներ են սկսվել, հայրենիք վերադառնալու որոշում ընդունեց։ Մենք եկանք Իջևան։ 10 կիլոմետրի վրա իսկական պատերազմ էր։ Մի անգամ ուժեղ պայթյուն լսվեց, նայեցի լուսամուտից, տեսա՝ մարդիկ գլխապատառ վազում են։ Զանգեցի Դավիթին, ասաց. «Դու զինվորականի կին ես, իրավունք չունես խուճապահար լինելու, մնա՛ տանը»։ «Դու զինվորականի կին ես» բառերը դաջվեցին ուղեղիս մեջ, այնքան հատու ու ազդեցիկ ասաց։ Այդ օրը ես առաջին անգամ մտածեցի, որ պիտի տարբերվեմ մյուս կանանցից։ Ես հատուկ կարգավիճակ ունեմ՝ զինվորականի կին, ու պիտի արժանի լինեմ այդ կոչմանը։ Ես միշտ հպարտացել եմ Դավիթով։ 30 տարեկանում նա գունդ էր տանում մարտի։ Այսօր շատ կանայք ապրում են առավել բարեկեցիկ կյանքով, քան ես, սակայն ես ունեմ այն, ինչ քչերին է տրված՝ ամուսնուս փառքն ու իմ անսահման հպարտությունը։ Երեխաներս էլ նույն կերպ են մտածում։ Նրանք հպարտանում են իրենց Խաչմանուկյան ազգանունով ու հասկանում են, որ պիտի ամեն ինչ անեն արժանի լինելու այդ ազգանվանը։ Դավիթի շքանշանը, մեդալները և սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից տրված անվանական զենքը մենք փայփայում ենք իբրև ամենասուրբ մասունք։

Նա նվիրաբերեց իր կյանքը հայրենիքին ու բանակին։ Սիրտը չդիմացավ։ Ասում էր՝ ինձ համար ամեն զինվոր իմ որդին է՝ իմ Արտաշն է։ Ասում էր՝ ամեն զոհված զինվոր իմ կյանքից 10 տարի խլում է։ Պատերազմ էր… ու սահմանին զինվորներ էին զոհվում։ Նա մահացավ սրտի կաթվածից, մեքենայի ղեկին, ծառայական պարտականություններ կատարելիս։ Գիտեք, ցավն այն է, որ նա երբեք էլ «չվերադարձավ» պատերազմից, մնաց իր ցավի հետ, կորցրած ընկերների ու զոհված զինվորների վշտի հետ։ Եվ այդ ցավը սպանեց նրան։ Նա այնքան չափավոր էր իր հանդեպ և այնքան շռայլ՝ ուրիշների։

ՆԵԼԼԻ ԽԱՉՄԱՆՈՒԿՅԱՆ
Դավիթ Խաչմանուկյանի կինը

Հպարտությամբ հիշատակենք գնդապետ Դավիթ Խաչմանուկյանի մահվան 10-րդ տարելիցը։ Հավատանք, որ նրա անունը վառ կմնա Արցախյան պատերազմի ու բանակաշինության փառքի էջերում։ Որ նրա վառած լույսը դեռ երկար կլուսավորի գալիք սերունդների ճանապարհը։ Վստահ լինենք, որ նրա կերպարով հայոց սերունդներ կարիանան։ Կգան նրա հոգեզավակները՝ հայրենիքի համար զոհաբերվելու, հայրենիքի սահմանների ամրությունը արյամբ շաղախելու պատրաստ, ու կդառնան Հայաստանի հավերժության վաղվա երաշխավորները։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #36 (952) 13.09.2012 – 19.09.2012, Ճակատագրեր


19/09/2012