ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՃՆՇՈՒՄ
Սրտի աշխատանքի շնորհիվ արյունը շրջանառվում է օրգանիզմում՝ ապահովելով հյուսվածքների և օրգանների սնուցումը և կենսագործունեության արգասիքների հեռացումը: Զարկերակային ճնշումը արյան գործադրած ուժն է անոթի պատի վրա: Երբ այն երկար ժամանակ լինում է նորմայից բարձր թվերի վրա, անոթները սկսում են աստիճանաբար ախտահարվել (փոխվում է նրանց էլաստիկությունը, հաստությունը և այլն), և քանի որ բոլոր օրգաններն ունեն անոթներ, միաժամանակ ախտահարվում է դրանց կառուցվածքն ու ֆունկցիան: Այսինքն՝ բարձր զարկերակային ճնշման վտանգավորությունը ոչ թե ճնշման թվերն են, այլ, այսպես ասած, թիրախ-օրգանների ախտահարումը: Ամենազգայուն օրգաններն են սիրտը (սրտամկանի ինֆարկտ, սրտի պատի հաստացում, առիթմիաներ, սրտային անբավարարություն), գլխուղեղը (ինսուլտներ, էնցեֆալոպաթիա), աչքերը (տեսողության վատացում, մինչև կուրություն), երիկամները (երիկամների կնճռոտում, անբավարարություն): Հենց դրանով էլ տարբերվում են նորմալ և բարձր ճնշումները: Նորմալ զարկերակային ճնշումը (ցածր 120/80մմսս-ից) ճնշման այն թվերն են, որոնց դեպքում թիրախ-օրգանների ախտահարման հավանականությունը մինիմալ է: 120-139/80-89մմսս սահմանը կոչվում է նախահիպերտենզիա. այս դեպքում բարդությունների քանակը մի փոքր ավելի բարձր է քան նորման, իսկ 140/90-ից բարձրի դեպքում բարդություններ ունենալու հավանականությունը կտրուկ մեծանում է:
Այստեղից պարզ է դառնում, թե ինչի համար է պետք բուժել բարձր զարկերակային ճնշումը, որպեսզի կանխենք թիրախ-օրգանների ախտահարումը:
Ինչ պետք է անել կանխելու համար հիվանդության առաջացումը, կամ եթե դուք արդեն ունեք այն: Պետք է հիշել, որ դեղորայքային վերահսկողությանը զուգահեռ բավականին արդյունավետություն ունի կենսակերպի փոփոխությունը, այսինքն՝ անցնելը առողջ ապրելակերպի:
♦ Դադարեք ծխել:
♦ Սահմանափակեք ալկոհոլի քանակը: Ալկոհոլի մեծ քանակությունը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և դժվարացնել դրա դեղորայքային վերահսկողությունը: Արդեն կայուն բարձր ճնշում ունեցող տղամարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակվել 30-35գ/օր էթիլ սպիրտին համապատասխան խմիչքի քանակով, կանանց 20գ/օր, առողջ, բայց բարձրացումների հակում ունեցողներին մինչև 50գ/օր:
♦ Սահմանափակեք աղի ընդունումը: Շատ մարդիկ (հատկապես շաքարային դիաբետ ունեցողները, մեծահասակները և բարձր ճնշում ունեցողները) բավականին զգայուն են սննդի մեջ աղի քանակության նկատմամբ: Դրա համար հատկապես վերը նշված խմբերին խորհուրդ է տրվում սահմանափակել աղի քանակը մինչև 5-7գ/օրական:
♦ Ավելացրեք կալիումով, կալցիումով և մագնեզիումով հարուստ սննդամթերքի քանակը, քանի որ դրանց քիչ քանակությունը օրգանիզմում կարող է հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման, ուստի դրանցով հարուստ սննդի ընդունումը կարող է օգնել կարգավորելու այն: Դրանցից են կալիումական հավելումները, բանանը, չոր մրգերը, կաթը, լոլիկը և այլն: Խուսափեք շատ յուղոտ սննդից, ավելացրեք մրգերի և բանջարեղենի քանակը:
♦ Պահեք ձեր մարմնի իդեալական քաշը:
♦ Կանոնավոր զբաղվեք ֆիզիկական վարժություններով (օրական 30ր միջին ինտենսիվության վարժություններ` քայլք, հեծանվավազք, ջրային աերոբիկա), ինչը թույլ է տալիս իջեցնել զարկերակային ճնշումը, իջեցնել քաշը, կարգավորել գլյուկոզայի, ճարպերի փոխանակությունը, ինչպես նաև բարձրացնել ընդհանուր աշխատունակությունը:
♦ Խուսափեք սթրեսային իրավիճակներից:
♦ Կանոնավոր ընդունեք բժշկի նշանակած դեղորայքը: Կախված ճնշման բարձր թվերի աստիճանից, նաեւ ռիսկի գործոններից և ուղեկցվող հիվանդություններից բժիշկը ընտրում է ձեզ համար ամենահարմար դեղորայքը, որպեսզի հասնի նպատակային թվերի: Կանոնավոր այցելեք ձեզ բուժող բժշկին:
բ/ծ լ-տ Գ.ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Լեռնային Հայաստան» առողջարանի
բժիշկ-սրտաբան