Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

5.2. ՍԵԼԱՎՆԵՐ

Սելավ (ցեխային կամ ցեխաքարային հոսք) – կարճատև ավերիչ ջրհոսք, որը հագեցած է ցեխաքարային նյութով:

Սելավային հոսքերը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջանում են կարճատև տեղատարափ անձրևներից հետո, էրոզացված լանջերի մեծ թեքություն ունեցող, մեծ մասամբ մինչև 100 քառ. կմ ջրհավաք ավազան ունեցող գետակների հուներում:

Սովորաբար սելավ առաջացնող անձրևների օրական քանակությունը տատանվում է 40-75 մմ-ի սահմաններում, առանձին դեպքում այն հասնում է 120 մմ-ի (Տաշիր, Կապան):

1997թ. հունիսի 22□ին Գորիսում մեկ ժամում տեղաց 71,4 մմ անձրև, որն իր ուժգնությամբ գերազանցեց նույնիսկ 1970թ. օգոստոսի 14-ի Ալավերդու աղետաբեր սելավների ուժգնությունը` 1 ժամում 60 մմ:

Հայաստանի տարածքի մոտավորապես 35-40%-ը ենթակա է սելավային գործունեության: Սելավային ժամանակաշրջանն Անդրկովկասի համար հունիս ամսից մինչև սեպտեմբեր է:

Երկրի մակերևույթը վերափոխող արտածին ուժերի շարքում զգալի տեղ ունեն բեկորային նյութերով խիստ հագեցված (ընդհանուր ծավալի մինչև 50-60, անգամ 70%), ահեղ, մեծ քայքայիչ ուժի, հանկարծահաս, կարճատև սելավները, որոնք մակերևույթի ողողման և հողմահարված նյութի տեղատարման գործում վիթխարի դեր են կատարում: Սովորաբար մեկ սելավի դեպքում, ընդամենը մի քանի ժամում, այնքան նյութ կարող է գետավազանից բերվել, որքան նորմալ էրոզիայի միջոցով տասնյակ տարիների ընթացքում:

Սելավները լայն տարածում ունեն երկրագնդի չոր և կիսաչոր կլիմայական պայմաններ ունեցող լեռնային երկրներում: Նկատենք, որ Հայաստանի զգալի մասը հենց այդպիսին է: Սելավները տարածվում են հիմնականում Մեղրի, Ողջի, Արփա, Արածո, Վեդի, Մաստարա, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում, Արեգունի և Սևանի լեռնաշղթաների հարավահայաց լանջերին, ինչպես նաև Հրազդան, Քասախ, Ազատ, Որոտան, Ախուրյան գետերի մի քանի վտակների մոտ` առաջացնելով արտակարգ իրավիճակներ: Սելավային երևույթների դեմ պայքարելու համար ամենից առաջ անհրաժեշտ է հանգամանորեն դրանք ուսումնասիրել:

Ըստ հզորության սելավային հոսքերը բաժանվում են երեք խմբի`

1. հզոր, լեռների ստորոտներում քարաբերվածքների քանակությունը 100 հազ. խոր. մետր և ավելի, լինում են 5-10 տարին մեկ անգամ.

2. միջին հզորության, 10-100 հազ.խոր. մետր, լինում են 2-3 տարին մեկ անգամ.

3. փոքր հզորության, քարաբերվածքների քանակությունը 10 հազ. խոր. մետրից պակաս, լինում են ամեն տարի:

Աղետաբեր սելավները կրկնվում են 30-50 տարին մեկ, քարաբեկորային զանգվածը կազմում է 2-4 մլն խոր. մետր:

Ամենաաղետաբեր տարերային աղետները տեղի են ունեցել Գորիս քաղաքի տարածքում 1997թ. մայիսի 25-ին (տեղացած 42մմ հորդառատ անձրևներն առաջ բերեցին մի քանի սելավային հոսքեր քաղաքի երեք ձորերով) և հունիսի 22-ին (մեկ ժամում տեղաց 71, 4 մմ անձրև):

Սելավային հոսքերը մեծ վնաս են հասցնում տնտեսությանը: Նրանք մի կողմից ողողում են հողահանդակները, իսկ մյուս կողմից` ցեխաքարային նյութերով ծածկում ցանքատարածությունները, ոչնչացնում այգիները, ավերում ճանապարհները, կամուրջները, երկաթգծերը, զանազան հիդրոտեխնիկական կառույցները, բնակավայրերը, պատճառում մարդկային զոհեր:

Այսպես` 1946թ. մայիսի 25-ի և 1950թ. մայիսի 12-ի սելավներից խիստ տուժեց Երևանը, 1947թ. հուլիսի 11-ին` Մեղրին, 1956թ. օգոստոսի 28-ին և 1960թ. հուլիսի 20-ին` Կապանը, 1954թ. օգոստոսի 12-ին` Փամբակ և Ջիլ բնակավայրերը, 1927թ. հունիսի 20-ին, 1958թ. հուլիսի 27-ին, 1960թ. մայիսի 19-ին, 1970թ. օգոստոսի 16-ին և 22-ին` Երևան-Թբիլիսի երկաթգծի Արջուտ-Այրում հատվածի մի շարք տեղամասեր, Ալավերդի քաղաքը, 1957թ. հուլիսի 12-ին` Հոկտեմբերյան քաղաքը և այլն:

Չի կարելի մտնել սելավային հոսքի մեջ (նույնիսկ մեքենայով չի կարելի հայտնվել 0,5 մ խորությամբ սելավային հոսքում):

5.3. ՋՐՀԵՂԵՂՆԵՐ

Պատճառած մարդկային զոհերի քանակով ջրհեղեղները անհամեմատ գերազանցում են մնացած բնական աղետները: Մարդկության պատմությունը հարուստ է կործանիչ ջրհեղեղներով: Հարյուր հազարավոր և նույնիսկ միլիոնավոր զոհերով ուղեկցվող ջրհեղեղներ են եղել Եվրոպական և Ասիական մայրցամաքների երկրների մեծ մասում, Ամերիկայում, անգամ սակավաջուր Աֆրիկայում: Դեռևս մ.թ.ա. 2550թ. չինական տարեգրությունում նկարագրված է մի ջրհեղեղ, որի ժամանակ իրար են խառնվել Խուան-Խե և Յանցզի գետերը և ջրածածկ արել ողջ չինական հարթավայրը: Ի դեպ, ժամանակակից պատմության ամենակործանիչ աղետը տեղի է ունեցել 1887թ., երբ Կայֆին քաղաքի մոտակայքում Խուան-Խե գետի ջրերը ավերել են պատնեշները և ոչնչացրել 3000 գյուղ, պատճառել 7 մլն. մարդկային զոհ:

Ջրհեղեղը զգալի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է գետերում, լճերում, ջրամբարներում, ծովերում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով:

Ջրհեղեղների մեծ մասի ծագումը կախված է ջրի հոսքի ձևավորման պայմաններից:

Գետի ջրի հոսքի տարեկան հոսանքն ունի 3 փուլ`

♦ ջրառատություն,

♦ վարարում,

♦ սակավաջրություն:

Ջրառատությունը գետի ջրային հոսքի փուլ է, որը բնորոշվում է ամենամեծ ջրայնությամբ, ջրի մակարդակի երկարատև բարձրացմամբ, ջրի արտահոսքով ողողահուն:

Վարարումը ջրի ելքի համեմատաբար կարճատև, ոչ պարբերական մեծացում է, գետի ջրի մակարդակի բարձրացում:

Սակավաջրությունը 10 օրից ոչ պակաս տևողությամբ գետի ջրային ռեժիմի սիստեմատիկ դիտարկվող փուլ է, որը բնորոշվում է ջրի ցածր մակարդակներով և փոքր ելքերով:

Ջրհեղեղների հետևանքները

Ջրհեղեղների վտանգը պայմանավորող գործոններն են` ջրի խորությունը, մակարդակի բարձրացումը, հեղեղման տևողությունը, արագությունը, հաճախականությունը, սեզոնայնությունը:

Ջրհեղեղների ժամանակ խոցելիությանը նպաստող գործոններն են`

F ջրածածկված վայրում բնակավայրերի առկայությունը,

♦ ջրհեղեղի մասին անտեղյակությունը,

♦ հողի կլանող հատկության նվազումը (էրոզիա, անտառածածկի վերացում),

♦ կառուցվածքները և դրանց անկայունությունը,

♦ պարենի, գյուղատնտեսական կենդանիների, չհավաքված բերքի, չպաշտպանված պաշարների առկայությունը:

Ջրհեղեղի ժամանակ տեղի է ունենում տարածքների ջրածածկում, ջրով ողողում և ջրով մասամբ ողողում: Ջրհեղեղների դեպքում արտակարգ իրավիճակը հիմնականում տարածքների ջրածածկման, ջրով ողողման պատճառով է լինում:

Մասամբ ջրածածկումը բերում է ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացման, գրունտի աերացիայի գոտու խոնավացման, որի հետևանքով խախտվում է տնտեսական գործունեությունը տվյալ տարածքում. ստորգետնյա ջրերի ֆիզիկական և քիմիական հատկությունների փոփոխություն, բուսահողերի վերափոխում, կենդանիների գոյատևման տեղերի, բուսական ծածկի, կազմվածքի և արդյունավետության վերաձևում: Ջուրը լցվում է շենքերի նկուղները, կոյուղու ցանց, խոնավացնում, թուլացնում է կառուցվածքների հիմքերը:

Լրիվ ջրածածկման ժամանակ հետևանքները ավելի լուրջ են և բազմազան. զոհվում են մարդիկ, կենդանական աշխարհը, ավերվում են կառուցվածքները, շինությունները, հաղորդակցուղիները, ոչնչանում են նյութական և մշակութային արժեքները, ընդհատվում է տնտեսական գործունեությունը, ոչնչանում է բերքը, լվացվում են բերրի հողերը, փոխվում է լանդշաֆտը:

Ջրհեղեղի ժամանակ ծագած արտակարգ իրավիճակների հիմնական բնութագրերն են`

♦ ջրհեղեղի գոտում հայտնված բնակչության քանակը (այդ թվում` զոհերի, վիրավորների, անօթևան մնացածների),

♦ ջրհեղեղի գոտում գտնվող բնակավայրերի (այդ թվում` լրիվ կամ մասնակի ջրածածկված) առկայությունը,

♦ ջրածածկված գոտում տնտեսության օբյեկտների քանակը,

♦ ջրածածկված գոտում հաղորդակցուղիների (երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, էլեկտրահաղորդման և կապի գծերի) երկարությունը,

♦ ջրհեղեղի հետևանքով ջրածածկված, ավերված կամ վնասված կամուրջների և թունելների քանակը,

♦ ջրհեղեղի գրաված գյուղատնտեսական հանդակների մակերեսը,

♦ տնտեսությանը հասցված կորստի ամփոփված բնութագրերի արժեքները:

5.3.1.ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Ջրհեղեղից առաջ.

♦ պարզել սպառնացող վտանգավոր ջրածածկման տարածքի սահմանները.

♦ տեղական կառավարման մարմնից նախօրոք իմանալ հնարավոր ջրհեղեղի դեպքում բնակավայրի տարհանման պլանը.

♦ իմանալ բնակավայրի ռելիեֆը և այնտեղից հարկ եղած դեպքում անվտանգ հեռանալու ուղիները.

♦ միշտ պատրաստ պահել աղետի կապոցը.

♦ նախապատրաստել փրկարարական միջոցների պահուստներ` փրկարարական օղակ, փրկարարական բաճկոն, ջրապաշտպան զգեստ, փչովի իրեր (մեծ խաղալիքներ, անվադողի ռետինե փչովի խցիկ և այլն).

♦ միշտ պատրաստ ունենալ լուսային ազդանշանային սարքեր.

♦ ջրածածկման ենթակա բնակավայրում նախօրոք պատրաստել ավազով լցված պարկեր:

Ջրհեղեղից հետո.

♦ զգուշանալ կտրտված կամ կախված էլեկտրալարերից.

♦ մինչև շենք մտնելը հավաստիանալ, որ տեսանելի կառուցվածքները վտանգավոր չեն.

♦ չբնակվել վթարային կամ վստահություն չներշնչող տանը.

♦ սենյակները զննելիս լուցկի կամ մոմ չօգտագործել, օգտվել ինքնաբավ լապտերից.

♦ զգուշանալ թունավոր օձերից, որոնք կարող են հայտնվել ջրային հոսանքների հետ.

♦ խմելու ջուրն օգտագործել եռացնելուց հետո.

♦ չօգտագործել ջրում հայտնված սննդամթերքը.

♦ ջրատար, գազատար, կոյուղու համակարգերի վնասվածքների մասին անմիջապես տեղեկացնել համապատասխան ծառայություններին.

♦ առանց անհրաժեշտության չմտնել դեռևս ջրածածկ տարածքները:

Շարունակելի

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #37 (953) 20.09.2012 – 26.09.2012, Ռազմական


26/09/2012