Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆՔՆ ԱՄՈՒՐ ԳՐԿԱԾ…



Հայաստանի քսանամյա հանրապետության առաջին զինվորներից էր Վարդան Հովհաննիսյանը` մի պատանի, որ վճռել էր իր ճակատագիրը տնօրինել հասուն տղամարդուն վայել:

Սեպտեմբերի 11-ը զոհված ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի հիշատակի 20-րդ տարելիցի օրն էր: Վարդանի մարտական ընկերներն ու հարազատները, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, աշակերտներ Երեւանի թիվ 142 միջնակարգ դպրոցից, որտեղ սովորել եւ գերազանցությամբ ուսումը ավարտել էր ազատամարտիկը, ուսանողներ այցելեցին Եռաբլուր պանթեոն` հարգելու Վարդանի եւ նրա զոհված մարտական ընկերների հիշատակը:

1992թ., երբ հնչեց Վազգեն Սարգսյանի հայտնի հեռուստակոչը, Վարդանը ծնողներից գաղտնի զինվորագրվեց մահապարտների «Արծիվ» գումարտակին: Նա ամենաերիտասարդներից էր: Մեծ ոգեւորությամբ Վարդանը մասնակցում էր կազմակերպված տասնօրյա զինավարժություններին: Վահեն` Վարդանի եղբայրը, հիշում է. «Եղբայրս հիացած էր Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանով, որ տղաներին զինվորական գործի հմտություններին էր ծանոթացնում»: Զինավարժությունների ընթացքում Վարդան Հովհաննիսյանը յուրացրել էր գնդացրորդի մասնագիտությունը եւ 1992 թ. օգոստոսի 30-ին «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմում մեկնեց Արցախ. «Ես իրենից փոքր էի երկու տարով եւ զարմանքով ու հիացմունքով էի հետեւում նրա կյանքին: Ուզում էր ամեն ինչ փորձել, ամեն ինչ հասցնել` կենդանիներ էր պահում, երաժշտական դպրոց էր հաճախում, մարտարվեստ էր ուսումնասիրում: Արցախյան պատերազմի առաջին օրերից փորձեց անդամագրվել երկրապահ ջոկատներին եւ մեկնել ռազմի դաշտ: Ջոկատների հրամանատարները մերժեցին` պատճառաբանելով, թե ուսանող է: 1992թ. հանձնեց կիսամյակի քննությունները եւ փոխադրվեց ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս, սակայն Արցախ գնալու մտադրությունից երբեք չհրաժարվեց: Բոլորից թաքուն անդամագրվեց Վազգեն Սարգսյանի հավաքագրած մահապարտների ջոկատին»: Ահա և մոր` Սալբի Հովհաննիսյանի խոսքը. «Մենք չգիտեինք, որ գնալու է Արցախ: Այդ մասին իմացանք վարորդից, որը տղաներին տեղափոխել էր մարտի դաշտ. Վարդանը նրան խնդրել էր տեղեկացնել մեզ: Վեց տարի անց, երբ մահապարտների մասին պատմող գիրք պետք է հրատարակվեր, հաղթահարեցի տարիների հուզմունքս ու վերջապես մոտեցա որդուս գրասեղանին, բացեցի դարակն ու գտա հին աշակերտական տետրը, որտեղ նրա խոհերն էին հայրենիքի, ազնվության, մարդասիրության եւ ընդհանրապես կյանքի մասին: Եվ կարդացի. «Ուրիշներից արժանապատվություն, հարգանք կարող է պահանջել լոկ նա, ով արժանապատվության զգացում ունի»»:

«Արծիվ» մահապարտների գումարտակի գլխավոր համակարգող գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը պատմում է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը արգելեց 20 տարեկան երիտասարդին Արցախ տանել, սակայն նա անդրդվելի էր. «Վարդան Հովհաննիսյանը յուրացրել էր գնդացրորդի մասնագիտությունը եւ նրան չկարողացանք մերժել: Նա ասում էր` ինձ ավտոմատ չտաք, ես գնդացիր եմ ուզում: Գնդացիրը ներդաշնակ էր Վարդանի հասակին ու ամուր կազմվածքին. զենքն ու նա ասես միաձույլ լինեին»: Սեպտեմբերի 1-11-ը Վարդան Հովհաննիսյանը մասնակցեց Մարտակերտի շրջանի Չլդրան, Դրմբոն, Հարությունագոմեր բնակավայրերի ազատագրման մարտերին:

Արթուր Զաքյանն ընդամենը 18 տարեկան էր, երբ անդամագրվեց մահապարտների ջոկատին, միշտ Վարդանի կողքին էր, նրա օգնականն էր. «Տաքարյուն էր, առաջ մղվող: Վարպետորեն բանեցնում էր գնդացիրը, որը մեր հիմնական հարվածային ուժն էր: 1992թ. սեպտեմբերի 11-ին` Վաղուհասի բարձունքի ազատագրման ժամանակ, նա շատերի կյանքը փրկեց»:

1992թ. Վաղուհասի բարձունքը գրոհելու ժամանակ «Արծիվ» մահապարտների գումարտակի 5-րդ դասակի գնդացրորդ Վարդանը զոհվեց զենքն ամուր գրկած. նա չէր կարող բաժանվել իր սիրելի գնդացրից:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (953) 20.09.2012 – 26.09.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


26/09/2012