Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԻ 21-Ի ԼՈՒՍԱԲԱՑԸ



-1992 թվականի մարտ ամիսն էր։ Ջոկատի տղաներով գտնվում էինք Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղի պաշտպանական դիրքերում։ Մարտի 21-ը իմ ծննդյան օրն է, ու տղաներով որոշեցինք նշել այդ օրը,- վերհիշում է Հմայակ Զաքարյանը։ -Ամսի 20-ին, երբ մարտը դադարեց, սկսեցինք պատրաստություն տեսնել։ Հյուրասեր գյուղացիները, երբ իմացան, որ հաջորդ օրը իմ ծնունդն է՝ օգնեցին ինչով կարող էին։ Ինչ հնարավոր էր, պատրաստեցինք ու սպասեցինք հաջորդ օրվա լուսաբացին։ Կեսգիշերն անց էր, երբ պառկեցինք քնելու։ Նոր-նոր աչքներս կպել էր։ Օրը սկսում էր բացվել, երբ սկսվեց ահավոր մի հրետակոծություն։ Մարդիկ արդեն ոտքի վրա՝ արթնացել ու երեխաներին, ծերերին օգնում էին պատսպարվել նկուղներում, գետնատնակներում։ Աղմուկ էր, վայնասուն, ճիչ, աղաղակ։ Թափվում էին արկերը գյուղի վրա։ Արդեն պատրաստվում էինք դուրս գալ, երբ արկերից մեկը պայթեց ուղիղ մեր սենյակի կենտրոնում։ Ծուխն ու փոշին ծածկեց սենյակը։ Ձայն էինք տալիս մեկս մյուսին, տնքում էին վիրավոր տղաները, զոհվել էին Արմենն ու Շիրակը…

1992 թ.-ի մարտի 21-ի լուսաբացն էր՝ իմ ծննդյան օրը, և ծննդյան օրվա համար նախատեսված ամեն ինչ փոխվեց տխրության ու սգո սեղանի…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #37 (953) 20.09.2012 – 26.09.2012, Հոգևոր-մշակութային


26/09/2012