Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈ՛ՒՐ ՁԵՌՔԴ, ԶԻՆՎՈ՛Ր



-Տոնավաճառներից մեկում հանդիպեցի իմ ջոկատի ազատամարտիկ, քաջարի մարտիկին, որն զբաղվում էր բեռնակրությամբ,- վերհիշում է հրամանատարը,- ինձ տեսնելով՝ նախկինի պես ընդառաջ եկավ, որ բարևի։ Սակայն, երբ ուզում էինք բարևել-ողջագուրվել, իմ զինվորը մի պահ տատանվեց, կանգ առավ և մրոտած, ճաքած ու կոշտացած ձեռքերը ամաչելով սկսեց քսել շորերին, ասես ուզում էր թաքցնել։ Ես գրկեցի դժվարին օրերի իմ ընկերոջը, փորձեցի բառերով փարատել նրա տխրությունը.

-Տուր ձեռքդ, զինվո՛ր, իմ դժվարին օրերի ընկեր։ Մի՛ ամաչիր, քո այդ կոշտացած, մրոտ ձեռքերը հայելի պիտի լինեն անմաքուր խղճով ու նենգ հոգով ապրող մարդկանց համար։ Հայելի, որպեսզի տեսնեն իրենց պատկերի ճիշտ արտացոլանքը։ Մի՛ ամաչիր, տուր ձեռքդ, որովհետև, հավատա՛, քո այդ ձեռքով տնկած ծառը բար է տալու, պատին դրած քարը տան ամուր սյուն է դառնալու, քո այդ բազուկներով գրկած հայուհին, հայրենի հող ու ջուր սիրող, հալալ կաթնակեր զավակներ է ծնելու, այդ ձեռքերով քո պարը հիացմունք է պատճառելու։ Եվ այդպես է կանգուն մնալու երկիրը։ Աստված մի արասցե, այդ ձեռքերը դողան, այդ ձեռքերը ողբան, երկինք պարզվեն ու անեծք տեղան մեր խիղճն ու հոգին լափողների գլխին, որովհետև ես տեսել եմ, որ քո այդ ձեռքով արձակված գնդակը ինչպես է դիտապաստ տապալել թշնամուն, լսել եմ, թե այդ հարվածից ինչպես է նա ոռնացել։ Եվ այդ հարվածի զորությունից ինչպես է փրկվել հայ մանուկը, հայ աղջնակը, հայ մամիկն ու պապիկը՝ ուրախություն լցնելով հայոց օջախներում…

Տուր քո կոշտացած, մրոտ ձեռքը, զինվո՛ր, և հիշի՛ր, որ առնական այդ ձեռքերով զենք էիր վերցրել ընդդեմ թշնամու, զենք էիր վերցրել՝ սիրելով քո հայրենիքը…

-Բարև, ի՛մ զինվոր, ինձ համար մեծ պատիվ է սեղմել քո կոշտացած, մրոտ ձեռքերը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #37 (953) 20.09.2012 – 26.09.2012, Հոգևոր-մշակութային


26/09/2012