Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԹԱԳՆ ՈՒ ՈՐՈՏԱՆԻ ՀԱՌԱՉԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Աղուտնի գյուղով անցնելիս Հրանտ հայրիկը ասում է. «Այս գյուղում ադրբեջանցիներ էին ապրում։ Միայն այս գյուղի դպրոցի աշակերտները ավելի շատ էին, քան մեր մի քանի գյուղերի աշակերտները միասին վերցրած»։

Հրանտ հայրիկը 40 տարի գյուղի դպրոցում հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել։

Տարիներ առաջ մի ամսագրում կարդացել եմ, որ Անգլիայում կանայք 15 տարի մանկավարժությամբ զբաղվելուց հետո անցնում են թոշակի։ Գտնում են, որ արդեն դժվար է լինում նոր բան տալ, ուսուցանել աշակերտներին։ Ասենք՝ մի 25 տարի էլ թող սահմանված լինի տղամարդկանց համար։ Իսկ ես աշխատել եմ 40 տարի… Շատ է, մի ամբողջ կյանք, սակայն պիտի ասեմ, որ ես սիրել եմ իմ գործը։ Ամեն անգամ դպրոց մտնելուց փորձել եմ ինչ-որ մի բան տալ իմ սաներին, նոր մի բառ, մի նոր միտք… Երեխայի հոգին շատ է ընկալունակ, շատ է պահանջկոտ, պիտի բավարարես, պիտի լցնես այդ դատարկությունը։ Հետո մեր բնությունը, մեր ընտանիքը ինչ-որ տեղ հանդիսացել են սնուցող աղբյուր, ես դա հասկացա տարիներ հետո… Կինս՝ Ամալյան, լույս իջնի նրա շիրիմին, վաղ հեռացավ կյանքից, մեր գյուղի գրադարանավարուհին էր։ Գրադարանի պահարաններում իրենց նորամուտը տոնող ամեն մի գիրք պետք է մուտք գործեր մեր օջախ՝ հերթով անցներ 4 երեխաներիս ձեռքերով ու վերջում պիտի ընտանիքով կատարեինք քննարկումը, «շնորհանդեսը»…

Հիմնականում Աշոտիս ու Աղվանիս մտքերն էին լինում տարբեր, բանավիճում էին, փորձում էին մեկմեկու համոզել իրենց տեսակետները։ Երկուսն էլ ստեղծագործում էին։ 11 տարվա տարբերություն կա։ Առաջնեկը Աշոտս է, տաշտաքերիկը՝ Աղվանս… Երկուսն էլ գրում էին բանաստեղծություններ։ Հիմա ես էլ եմ գրում՝ հիմնականում իմ հարազատների մասին՝ որդիներիս, Աշոտիս, Աղվանիս, դուստրերիս, կնոջս՝ Ամալյայի…

Կնոջս՝ Ամալյայի հետ երբեք մեր զավակների հոգում ատելություն չենք սերմանել, փոխարենը սիրո մեծ պաշար ենք ամբարել։ Խորենացի, Նարեկացի, Եղիշե, Օրբելյան, Տաթեւացի եւ մեր բազում մեծերին ծանոթ, կարդացած մեկին ինչ ասես, ինչպես բացատրես թշնամու կերպարը։ Նրանք ամեն անգամ անցնելով կիսով չափ ադրբեջանցիներով լցված մեր պատմական Ծղուկ գավառ Ույծ, Աղիտու, Վաղիտու, Որոտն գյուղերով, տուն հասնելուն պես խոսում էին, վիճաբանում, ծրագրեր էին մշակում, ոգեկոչում մեր անցյալի հերոսներին… Խեղաթյուրվել էին գյուղերի անունները, այնտեղ ապրող բնակչությունը օր օրի ավելանում էր ադրբեջանցիներով։ Ու երբ սկսվեց պատերազմը, Աշոտս դարձավ հրամանատար, դարձավ Աշոտ Երկաթ։ Որքան էլ համոզեց, որ Աղվանս մնա տանը, ինքն էլ գիտեր, որ հնարավոր չէ։ Ու Աղվանս էլ միացավ եղբորը…

Աշոտիս ընկերները պատմում են, որ մի անգամ ադրբեջանական մի գյուղ գրավելու ժամանակ գերեվարվածների մեջ լինում է տարեց մի թրքուհի, որի ձայնը, ողբը մերթ բարձրաձայն, մերթ ցածր հոգի էր մաշում։ Ասում են, որ ծանր կորուստ է ունեցել, որդին է զոհվել։ Ասում են, Աշոտս մոտենում է այդ թրքուհուն, մխիթարում։ Թրքուհին տեսնելով հրամանատարի վարմունքը, զարմանքից քար է կտրում, ձայնը կտրում է ու սկսում է օրհնել տղայիս։ Հիշու՞մ եք ֆիդայական մի հին երգ կա, որը մնացել է Խանասորի արշավանքից.

Կարկուտ տեղաց Խանասորի դաշտումը

Մի՛ լա, բա՛ջի, մի՛ վախենա

Կանանց երբեք ձեռք տալու չէ հայ ֆիդան…

Եվ Աշոտս այդպես է վարվում որդուս՝ Աղվանիս, իր կրտսեր եղբորը կորցնելոց հետո, Աղվանիս զոհվելուց հետո…

Թրքուհուն սփոփելուց հետո շրջվում է տղաս ու առաջին անգամ նրա աչքերից արցունքի կաթիլներ են թափվում…

Որդի կորցրած մայրը սգում է, ու Աշոտս… մխիթարում է… Աղվանի նման եղբայր կորցրած տղաս… Վաղ հասակում մորից զրկված տղաներս… Հետո Աղվանս՝ զոհված թշնամու գնդակից… Եվ որդի կորցրած թրքուհու ողբ…

Սա համամարդկային հումանիստական երեւույթ է՝ միայն գրիչ ունեցողը կարող է այս դեպքը նկարագրել։ Սա է մեծ սերը, այն մեծ սերը, երբ ասում եմ, որ ես ու կինս՝ Ամալյան, մեր երեխաների մեջ ատելություն չենք սերմանել, փոխարենը սերմանել ենք բարություն, սեր… Մեր չորս զավակները սիրո ծնունդ են։ Իմ ու Ամալյայի սերը այնքան վաղ է սկսվել, այնքան շուտ, մի դասարանում ենք եղել, մի նստարանի… Պատմելու բան շատ կա…

Պատմում է Հրանտ հայրիկը. հուզմունքից հաճախ է թաշկինակը տանում աչքերին… Ու ճանապարհը ոլոր-մոլոր ձգվում է Որոտանի կիրճով։

Ես չեմ լսել, որ ժողովուրդն ասի՝ Որոտանի հովիտ։ Արփայի հովիտ, Աղստեւի հովիտ եւ էլի՝ Դեբեդի հովիտ, սակայն միշտ Որոտանի հետ լսել եմ կիրճ բառը՝ Որոտանի կիրճ։ Այսպես դար ու դարեր, անթիվ ժամանակներ Որոտանի ջրերը մաշել են պղնձակոփ ժայռերն ու բազալտե որձաքարերը եւ ճեղքել են քարը եւ բացել են հունը։ Տեղ-տեղ ինչպես վայրի նժույգի փորձել են սովորեցնել-հանգստացնել եւ ենթարկել մարդու կամքին, սակայն երկաթբետոնե պատնեշներից, խողովակներից դեռ դուրս չեկած՝ նորից որոտում է, նորից անսանձ է, նորից անաղարտ է, ինչպես նախաստեղծ բնությունը…

Զանգեզուրյան լեռնաշղթայից դուրս է գալիս Բարգուշատի հովիտ, Քաշաթաղ իջնող Հագարո-Աղավնո գետը գալիս միախառնվում է Որոտանին ու միասին հոսում են դեպի մայր գետը՝ Արաքսը, ու գնում են արդեն հասնելու Քուռ գետին, որ պատմեն, ասեն, խոսեն դարերի մեր պատմությունից… Տեսնես որքան մասունք են իրենց հետ տարել ջրերը, տեսնես խաչքարի քանի մասունք տարավ իր հետ Արաքսը Ջուղայի խաչքարերից, տեսնես քանի՞ մասունք իր հետ ցած բերեց Հագարո-Աղավնո գետը Բերձորից, Քաշաթաղից… Տեսնես մեր խաչքարերը, որոնք դար ու դարեր օծվել են աղոթքներով, ջուրն ընկնելիս, ջուրը նետելիս ինչ են լինում այդ աղոթքները, նրանց տերերը… Հրանտ հայրիկի այս խոհերով բարձրանում ենք Լծեն…

Շարունակելի

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս. ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (953) 20.09.2012 – 26.09.2012, Հոգևոր-մշակութային


26/09/2012