Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱԶՄԱՏՈՒՍԻ ԴՊՐՈՑԸ



Հակարի գետի ձախափնյա սարահարթի վրա է Քաշաթաղի շրջանի Բազմատուս գյուղը: Մինչև տարածքի հայաթափումը՝ գյուղի մոտակայքում եկեղեցի է եղել. սակայն քոչվորներն ավերել են այն. շինության ավերակը պահպանվել է գյուղից դեպի արևելք՝ անտառի մեջ: Ադրբեջանի կազմում գտնվելու տարիներին գյուղն անվանափոխվել էր Ախունդով: Գտնվում է շրջկենտրոն Բերձորից մոտ 20 կմ հյուսիս. մտնում է Գանձայի գյուղական համայնքի կազմի մեջ: Չնայած գյուղը գոյություն ունի շրջանի ստեղծման առաջին օրերից՝ սկզբում առանձին համայնքի կարգավիճակով, սակայն ինչ-ինչ պատճառներով մնաց փոքր ու աննշան: Աշակերտներ չլինելու պատճառով իննսունականների վերջին փակվեց նաև այստեղ գործող տարրական դպրոցը: Եվ ահա 2 տարի է, ինչ վերակենդանանում է բնակավայրը: Այժմ գյուղում 7 ընտանիք է բնակվում: Ինչպես միշտ, եթե որևէ բնակավայրում կա դպրոցահասակ երեխա, նշանակում է՝ պետք է գործի նաև հանրակրթական դպրոցը: 2012-ի ամռանը շրջվարչակազմի միջոցներով սկսվեց դպրոցական շենքի կառուցումը: Սեպտեմբերի 1-ին շինարարությանը զուգընթաց հնչեց առաջին զանգը, և 12 աշակերտի հյուրընկալեց նորաշեն դպրոցը: Փոքրիկ շենքն առայժմ բավարարելու է ընդամենը 12 աշակերտ ունեցող կրթօջախին: Շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Հովհաննես Հակոբյանն ասում է, որ նախատեսված է հետագայում, երբ աշակերտները շատանան՝ մեծ շենք կառուցել: Զրուցում եմ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Հայկ Եղիազարյանի հետ: ՀՀ Արագածոտնի Շենավան գյուղից է. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը: Անցյալ տարի է եկել Քաշաթաղի շրջան և մեկ տարի աշխատել է Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցում: Բազմատուս է տեղափոխվել՝ դասավանդելու հայոց լեզու և գրականություն: Դեռևս ամուսնացած չէ, սակայն որոշել է այստեղ կազմել ընտանիք և իր հնարավորությունների չափ նպաստել գյուղի ու շրջանի շենացման գործընթացին: Ասում է՝ դժվարությամբ է հրաժեշտ տվել Ծաղկաբերդին, որտեղ արդեն մտերմացել էր դպրոցի աշխատակազմի, հատկապես աշակերտների հետ: Տեղեկացնում է, որ դպրոցը գործում է 4 կոմպլեկտ-դասարանով. առաջինից երրորդ դասարաններում կա 4 աշակերտ, 5-12-րդ դասարաններում՝ 8: Չորրորդ, յոթերորդ և տասնմեկերորդ դասարաններում առայժմ աշակերտ չկա: Աշխատում են 8 ուսուցիչներ, որոնց մի մասը գալիս է Գանձայից: Կա բնագիտական առարկաների՝ քիմիա, կենսաբանություն, դասավանդող ուսուցիչների պակաս, բացի այդ՝ դասավանդող ուսուցիչների մի մասը չունի մանկավարժական կրթություն, բայց աշխատանքային փորձ ունի: Դասագրքերի որոշ պակաս նույնպես զգացվում է: Դպրոցական գույքը տրամադրվել է ԼՂՀ ԿԳ նախարարության կողմից: Գրադարանի համար Հայ օգնության ֆոնդը/ՀՕՖ/ մոտ 300 գիրք է հատկացրել: Զրուցում եմ նաև աշակերտների հետ. տարբեր վայրերից են եկել. հիմնականում Մարտակերտի՝ առայժմ Ադրբեջանի կողմից բռնազավթված գյուղերից են նրանց ծնողները: 10 և 12-րդ դասարաններում մեկական աշակերտներ են՝ Մարինե և Մարգարիտա Հարությունյան քույրերը, նրանց եղբայրը՝ Մասիսը, 8-րդ դասարանում է, իսկ փոքր քույրը՝ Քրիստինեն, հինգերորդում: Գյուղում բացի դպրոցահասակ երեխաներից, կան նաև նախադպրոցականներ, որոնք էլ վաղվա առաջին դասարանցիներն են: Գյուղն ապահովված է խմելու ջրով և էլեկտրաէներգիայով: Բնակիչներն սկսել են զբաղվել անասնապահությանբ, հողագործությամբ, այգեգործությամբ: Վերակառուցվում են նաև բնակելի տները: Գործում է անասնապահական համալիր, որը դարձավ գյուղի զարգացման խթաններից մեկը:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Քաշաթաղ

Խորագիր՝ #37 (953) 20.09.2012 – 26.09.2012, Բանակ և հասարակություն


26/09/2012