ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԸ. ԳԵՆԵՐԱԼ ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՅԱՆ
«Կյանքս` հայրենիքիս, հոգիս` Աստծուն, պատիվս` ոչ մեկին»,-գեներալ Մովսես Սիլիկյանը հաճախ էր կրկնում սպայական այս վաղեմի ասացվածքը, որը դարձավ նրա կյանքի անբեկանելի ուղենիշը: Հավատարիմ մնալով այս խոսքին` նա երբեք չարատավորեց հայոց բանակի սպայի անբասիր պատիվը: Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում տեղի ունեցավ «Մովսես Սիլիկյան զորավարը» խորագրով գիտաժողով:
ՀՀ պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը գիտաժողովի բացման իր խոսքում ընդգծեց, որ այն հրավիրվել է ողջ հայ ժողովրդի համար հիրավի թանկ, նվիրական, բայց նաև դեռ լրիվ չիմաստավորված մի տարելիցի առթիվ. «Սարդարապատի հաղթական ճակատամարտի հերոս հրամանատար, ականավոր զորապետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ապրած կյանքը, անցած ուղին, մարդու, քաղաքացու ու զինվորականի նրա կերպարը, որը հիրավի, պիտի օրինակ դառնա բոլորիս և հատկապես` զինվորականների համար, դեռևս չի դարձել լայն հանրության սեփականությունը: Նրա անունը բոլորիս հայտնի պատճառներով հիմնականում անծանոթ մնալով հայրենիքում հասակ առած բազմաթիվ սերունդների, հպանցիկ հիշվում է միայն Սարդարապատի ճակատամարտի ու Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տարեդարձներին: Մենք այսօր մասնակիցն ենք ինչ-որ առումով պատմական մի գիտաժողովի, որը ոչ միայն Սարդարապատի հաղթանակի ճարտարապետին նվիրված առաջին գիտական հավաքն է մայր հայրենիքում, այլև կոչված է տալու Մովսես Սիլիկյանի կերպարի ժողովրդականացման ու վերաիմաստավորման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների հիմնական ուղենիշները»: Նախարարը նշեց, որ գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը թանկ անուն է ոչ միայն որպես Սարդարապատի դարձակետային ճակատամարտի հրամանատար, այլև որպես օրինակելի հրամանատարի կերպար.«Մովսես Սիլիկյանն այն տոհմիկ զինվորականների շառավիղին է պատկանում, ով երբեք չկտրվեց հայ իրականությունից, պահպանեց իր հայեցի կերպարը, տեսավ իր ժողովրդի տառապանքներն ու միշտ հաղորդակից եղավ նրա ձգտումներին: Թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից ծայրահեղ բարդ իրավիճակում այդ զորավարն ընդունեց միակ ճիշտ, համակողմանիորեն կշռադատված և, առանց չափազանցության, տաղանդավոր որոշում. ոտքի հանել զորքը և բոլոր նրանց, ովքեր ունակ էին զենք կրելու` հայոց բազմադարյան պետականությունը թուրքերի բարբարոս ներխուժումից պաշտպանելու համար»: Սեյրան Օհանյանը ներկայացրեց Մովսես Սիլիկյանի անցած ուղին եւ նշեց, որ որպես իր ժողովրդին ու հայրենիքին նվիրված իսկական զինվորական, Սիլիկյանը երբեք չձգտեց փառքի ու պաշտոնների:
Ելույթներով և դասախոսություններով հանդես եկան մի շարք պատմաբաններ` առավել մանրամասն ներկայացնելով գեներալ-լեյտենանտի տոհմի պատմությունը, ինչպես նաև ռազմական գործչի կյանքի հերոսական դրվագները: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ Ամատունի Վիրաբյանը իր «Սիլիկյանների տոհմը» թեմայով զեկույցում նշեց, որ Մովսես Սիլիկյանը տոհմիկ ազնվական էր.«Ուսումնասիրելով այս տոհմը, պարզ դարձավ, որ նրանք եղել են ռազմական գործիչների տոհմ: Սիլիկյանները բնակվել են Ելիզավետպոլի նահանգի Նուխի գավառի Վարդաշեն գյուղում, գյուղը բազմազգ էր: Սիլիկյանները ազգությամբ ուտի էին, դավանանքով` հայ առաքելական: Չնայած ուտիների մի մասը ուղղափառ եկեղեցու հետեւորդ էին: Առաջին Սիլիկյանը, որ գրանցված է արխիվային փաստաթղթերում, Պյոտրն է: Նա Վարդաշենի մոտ կառուցել է ուղղափառ վանք, սակայն նրա ժառանգները հետագայում հայ առաքելական դավանանքի են անցել, վանքն էլ գործել է հայ առաքելական եկեղեցու ենթակայությամբ: Հաջորդ Սիլիկյանը, որ հիշատակվում է, ունի Իվան անունը: Նրա երկու որդիները ` Մարտիրոսը եւ Հարությունը, զինվորական էին, նաեւ` բեկեր: Նրանց երեք ժառանգները` Մովսեսը, Հայրապետը, Ստեփանը, ցարական բանակում հասել են գեներալ-մայորի կոչման: Գնդապետների քանակն էլ թիվ չունի: Ստեփանի որդին` Արտեմ Սիլիկովը, փոխգնդապետի աստիճանով ստացել է Գեորգյան շքանշան, զինվորական էր նաեւ Ստեփանի եղբայրը` Ռոստոմը, որ շտաբս կապիտանի աստիճանով ղեկավարում էր Բաքվի տեղական հրետանային ջոկատը: Ռոստոմի երկու զավակները` Ալեքսանդր եւ Արշակ, հայտնի են նրանով, որ ծառայել են հայկական բանակում եւ 1919 թ. փետրվարի 27-ին զոհվել են թուրք-թաթարական խռովությունները ճնշելու ժամանակ: Մովսես Սիլիկյանը Կարսում ամուսնացել է իր ծառայակից սպաներից մեկի դստեր` Նատալյա Զդանովսկայայի հետ եւ շուտով ծնվել է նրանց միակ որդին` Գեորգին: Երբ Մովսես Սիլիկյանը ձերբակալվեց, որդին 12 տարեկան էր: Հայտնի է, որ նա մինչեւ 1990թ. բնակվում էր Բաքվում, բայց հունվարյան կոտորածների ժամանակ հեռացել է: Այժմ նրա ճակատագիրը անհայտ է»:
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հասարակագիտության եւ լեզուների ամբիոնի պետ, գնդապետ Մնացական Խաչատրյանը անդրադարձավ գեներալ Սիլիկյանի ռազմական գործունեությանը. «Սիլիկյանը «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքի կողմնակիցն էր և պաշտպանության անցնելիս էլ իրականացնում էր ակտիվ պաշտպանություն, որից ցանկացած հնարավորության դեպքում կարող էր անցնել հակահարձակման: Սարդարապատում` մայիսի 22-ից 28-ը և Բաշ-Ապարանում` մայիսի 24-ից 29-ը մղված մարտերի ընթացքում դա հստակ արտահայտվեց: Սիլիկյանը հիանալի ըմբռնում էր թևային հարվածի կարևորությունը և կարողանում էր հմտորեն օգտագործել թևային հարվածը` հակառակորդին ջախջախելու համար: Դրա վառ օրինակն է Սարդարապատի ճակատի աջ թևում Կոշ-Խզնաուզի ջոկատի ստեղծումը գնդապետ Կարապետ Ղասաբբաշյանի (Հասանփաշայան) գլխավորությամբ (Երզնկայի հետևակային գունդը, հրամանատար` գնդապետ Կ.Ղասաբբաշյան), Մակուի առանձին գումարտակը, հատուկ հեծյալ գնդի (հրամանատար` կապիտան Ամիրխանով) կազմից վերցված երկու էսկադրոն, Խնուսի գնդի մեկ վաշտ և չորս հրանոթ: Կոշ-Խզնաուզի ջոկատին առաջադրված խնդիրը հիանալի կատարվեց, որի արդյունքում թուրքական 36-րդ կովկասյան դիվիզիայի զորամասերը հայտնվելով Ղասաբբաշյանի զորախմբի թևային և ճակատից գրոհող Պողոս Բեկ-Փիրումյանի 5-րդ գնդի ու մյուս գրոհող զորքերի հարվածների միջև, տալով մեծ կորուստներ, թողեցին իրենց դիրքերն ու խուճապահար նահանջեցին Ալեքսանդրապոլի ուղղությամբ: Թուրքերի կորուստները միայն սպանվածներով կազմում էին մոտ 3.500: Սիլիկյանը հնարավորության դեպքում աշխատում էր հակառակորդին ճակատամարտ տալ ոչ թե երկրի կենսական կարևորության կենտրոնների մատույցներում, այլ դրանցից հնարավորինս հեռու: Դրա վառ օրինակն էր Ապարանի ճակատամարտը, որը նա կազմակերպեց Դրոյի միջոցով, նրան տրամադրելով մի շարք զորամասեր ու ստորաբաժանումներ, այդ թվում` գնդապետ Դոլուխանյանի 6-րդ հրաձգային գունդը: Սիլիկյանի հաստատակամության, նաև` սառնասրտության, հաշվենկատության և իսկական զորավարին վայել անհողդողդ կամքի մասին է վկայում այն հանգամանքը, որ Սարդարապատի ճակատամարտի ժամանակ նա հրամայել էր ստեղծել ևս մեկ պաշտպանական բնագիծ` թուրքերի դեմ արյունահեղ կռիվներ մղող իր զորքերի թիկունքում` Երևանից ընդամենը մի քանի կիլոմետր դեպի արևմուտք` Ուչթափալարի (ներկայիս Եռաբլուրի) շրջանում: Այսինքն՝ այնպիսի բարձր մակարդակի պրոֆեսիոնալ զինվորականը, ինչպիսին էր Սիլիկյանը, պատրաստ էր հակառակորդին մարտ տալ ցանկացած պարագայում, անգամ` եթե հակառակորդին հաջողվեր մեր զորքերին հետ մղել դեպի Երևան: Սիլիկյանը թերևս միակն է մեր այն ժամանակվա բոլոր զորավարներից, որ զորքերին տվել է դեպի Ալեքսանդրապոլ արշավելու հրամանը: Այս հրամանի մեջ արտահայտվում են մեր վերջնական հաղթանակի նկատմամբ Սիլիկյանի հավատքն ու կամքը: Մովսես Սիլիկյանի գլխավորած զորախումբը` շրջապատված ընդհանուր առմամբ Երևանյան զորախմբին քանակապես գրեթե երկու անգամ գերազանցող թշնամու զորքերով, պատկերավոր ասած, գրեթե շրջանաձև պաշտպանության էր անցել: Եվ իր տաղանդավոր զորահրամանատարի ղեկավարությամբ Երևանյան զորախումբը կատարեց տրված մարտական առաջադրանքը: Փրկվեց Երևանը, փրկվեց Արարատյան դաշտում կուտակված գաղթական և տեղաբնիկ հայությունը, ապա և` թշնամին ստիպված եղավ ճանաչել Հայաստանի անկախությունը…Պատահական չէ, որ մարշալ Բաղրամյանն իր հուշերում այդքան բարձր է գնահատել Սիլիկյանին ու գրել. «Հարկավոր է ասել, որ գեներալ Սիլիկովն այդ բավականին բարդ իրադրությունում ընդունել է, ես կասեի, տաղանդավոր որոշում..»»:
Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մինասյանն էլ նշեց, որ երբ Հայաստանում հաստատվեց խորհրդային իշխանություն, ըստ ստորագրված համաձայնագրի 3-րդ կետի, հայկական բանակի հրամանատարական կազմը չպետք է ենթարկվեր պատասխանատվության այն գործերի համար, որ կատարել է բանակի շարքերում մինչեւ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը, սակայն 1921 թ. հունվարի 24-ից սկսվեց հայ սպաների զանգվածային աքսորը: Ձերբակալվեց եւ աքսորվեց նաեւ Սիլիկյանը. «1921թ սեպտեմբերին Մ. Սիլիկյանը ազատ է արձակվում եւ վերադառնում է Երեւան, աշխատանքի է անցնում «Բալթիկա» բաժնետիրական ընկերությունում՝ որպես հաշվապահ եւ վաճառող: 1923 թ. ծառայության է անցնում «Մերձավոր Արեւելքի օգնության ամերիկյան կոմիտեում», որտեղ աշխատում է մինչեւ 1930 թ.: Կոմիտեն զգալի դեր խաղաց հայ գաղթականության եւ հատկապես որբ երեխաների փրկության գործում: 1927 եւ 1935 թթ. նշանավոր զորահրամանատարը ձերբակալվել է, սակայն հանցանքների ապացույցներ չլինելու պատճառով ազատվել կալանքից: Սիլիկյանը կրկին ձերբակալվել է 1937 թ. ազգայնամոլության մեջ մեղադրվելու պատրվակով: Հարցաքննվել է միայն մեկ անգամ: Նա մեղադրվել է նաեւ իբրեւ սպայական ֆաշիստական կազմակերպության անդամ, բայց երբեք չի հարցաքննվել այդ գործի շրջանակներում: Առանց լրացուցիչ հարցաքննության մահապատժի վճիռ կայացվեց, եւ նշանավոր զորահրամանատարին 1937թ. նոյեմբերի 22-ին գնդակահարեցին Ավանի ձորում: Մովսես Սիլիկյանի բարի անունը վերականգնվեց միայն 1987 թ. նոյեմբերի 10-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց ՀԽՍՀ ՆԳ ԺԿ-ի որոշումը»:
Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ