Ն.ԲՈՐԴՅՈՒԺԱ. «ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՊԿ ԶՈՐՔԵՐ»
ՀՀ Ազգային ժողովում սեպտեմբերի 18-ին կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների անդամների եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների մասնակցությամբ համատեղ նիստը: Նիստի ընթացքում «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության համընդհանուր և տարածաշրջանային անվտանգության ապահովման ներկա իրավիճակն ու հեռանկարները» թեմայով ելույթ ունեցավ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով կարեւորել է անդամ պետությունների միջեւ ռազմական համագործակցության ուժեղացման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ իրենք հետևում են Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, և այնտեղ նկատվող անկայունությունն ու լարվածությունը բավարար հիմք են` ուժեղացնելու զգոնությունը և պատրաստվելու սպառնալիքների չեզոքացմանը: Սա ենթադրում է բացի ՀԱՊԿ-ի շրջանակում գործող ստորաբաժանումներից, ՀԱՊԿ ընդհանուր ԶՈՒ ստեղծում, որոնք իրենց մեջ կներառեն և խաղաղապահ զորամիավորումներ և արագ արձագանքման խմբեր: Այս համատեքստում ՀԱՊԿ քարտուղարը տեղեկացրեց, որ նախատեսում են նաև ՀԱՊԿ օդուժի ձևավորում, որի գլխավոր առաքելությունը կլինի ցամաքային գործողությունների թիկունքային ապահովումը: «Այսօր մենք ռազմական համագործակցությունը խորացնելու առավել արդյունավետ միջոցներ պետք է ձեռնարկենք: Առաջին հերթին առաջարկում ենք ստեղծել ՀԱՊԿ-ի զորքեր` միավորելով բոլոր բաղադրիչները», – մի քանի անգամ շեշտեց Նիկոլայ Բորդյուժան:
Նա փաստել է, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ նորմատիվ բազա, որը թույլ է տալիս ոչ միայն ուժ կիրառել, այլ նաեւ տեղափոխել զորքերը դաշնակից երկրների սահմաններով: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծվել են արագ արձագանքման ուժեր, որոնց թվաքանակը հասնում է 22 հազարի: Կազմակերպության շրջանակներում ձեւավորվել է նաեւ խաղաղապահ ստորաբաժանումը, որը կազմված է 4500 զինվորականներից: Անդամ երկրների զինվորականները եւ հատուկ ծառայության ներկայացուցիչներն անվճար ուսուցում եւ վերապատրաստում են անցնում:
Ն.Բորդյուժան անհրաժեշտ է համարել անդամ երկրների ռազմական ուժերի փոխգործակցության արդյունավետության բարձրացումն ու լրացուցիչ հատուկ ուժերի ներգրավումը, բանակային ուժերի արագ ձեւավորումը, խաղաղապահ ուժերի, տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության, ռազմատեխնիկական, ռազմատնտեսական համագործակցության կատարելագործումն ու կադրերի վերապատրաստումը: Նա խոսելով ՀԱՊԿ-ում լրացուցիչ ուժեր ներգրավելու խնդրի վերաբերյալ՝ մասնավորապես նշել է.
«Երբ համաձայնություն ձեռք բերվեց ՀԱՊԿ շրջանակում արագ արձագանքման ուժեր ստեղծելու վերաբերյալ, նախագահները պայմանավորվեցին դրանցում ներառել լավագույն ուժերը: Ռազմական ստորաբաժանումներում ներգրավվեցին, մասնավորապես՝ Տաջիկստանի և Ղազախստանի հատուկ նշանակության ջոկատները, Բելառուսի հռչակավոր 103-րդ դեսանտային դիվիզիան, Ռուսաստանից` Իվանովյան ռազմաօդային դեսանտային դիվիզիան, Ուլյանովյան գրոհային ջոկատը` լավագույնը, որ ունենք: Այնպես որ՝ ընդլայնման խնդիր մեր օրակարգում դրված չէ: ՀԱՊԿ շրջանակում գործում է ճգնաժամային արձագանքման համակարգ, որով մասնավորապես նախատեսված է ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսներ` ուժի կիրառման վերաբերյալ արտակարգ որոշումների ընդունման համար»:
Նիստի ժամանակ քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի հրետակոծման հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը: «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկացված է ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին»,-ասել է նա:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ն.Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, որոնք անցկացվում են Հայաստանում, հնարավորություն են տալիս կատարելագործելու ԱԱՀՈւ կազմավորումների մարտական պատրաստվածությունն ու փոխգործակցությունը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայտնաբերված թերություններից է սահմանի հատման խնդիրը և զենքի տեղափոխումը, ինչն անհրաժեշտ է դարձնում համապատասխան ուղղումները ՀԱՊԿ անդամ ազգային օրենսդրություններում: «Մենք անշուշտ ունենք խնդիրներ, և դա չենք թաքցնում: Սակայն զորավարժությունները հենց նրա համար են անցկացվում, որպեսզի հայտնաբերվեն թերություններն ու չեզոքացվեն»,-ասել է նա:
Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Ռազմաքաղաքական