ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
«Փոխգործակցություն-2012» զորավարժությանը քաղաքական գնահատականներ են տվել ռազմական փորձագետներն ու քաղաքագետները: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` (ՀԱՊԿ) Հայաստանում անցկացվող համատեղ զորավարժությունն իր ռազմաքաղաքական ուղղակի նշանակությունից բացի, նաև Ադրբեջանին ուղղված հստակ ուղերձ է այն մասին, որ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի համար Հայաստանը իբրև գործընկեր կենսական նշանակություն ունի: «Այս զորավարժությունները կարևոր են թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի համար: Հայաստանի համար սա այն ուղին է, որով կարող ենք ուղերձ հղել Ադրբեջանին, որ եթե այդ երկիրը պատերազմ սկսի, կպարտվի: Սա հիշեցում է այն մասին, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաուժեղ պետությունն է»,- ընդգծել է Ռ.Կիրակոսյանը:
Քաղաքագետի կարծիքով, Հայաստանը ներկայումս ինչպես դիվանագիտական առումով, այնպես էլ ռազմական ոլորտում միջազգային համագործակցության տեսանկյունից հայտնվել է բավական ուժեղ և շահեկան դիրքերում: Դրա վկայությունն է այն, որ «Հայաստանին այսօր միաժամանակ առավել կարևոր և ռազմավարական գործընկեր են համարում ինչպես Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը, այնպես էլ ՆԱՏՕ-ն ու Միացյալ Նահանգները»,-ասել է նա:
Ռուսաստանի սեւծովյան-կասպյան տարածաշրջանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Էդուարդ Պոպովի կարծիքով, Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների անցկացումը` տարածաշրջանում իրավիճակի անվտանգության եւ կայունացման տարր է։ «Տարածաշրջանը «լիցքավորված» է։ Իրավիճակը Սիրիայում, Իրանում միջուկային զենքի ստացման հնարավորության մասին հայտարարությունները, Բաքվի ռազմատենչ հայտարարությունները, այս ամենը լավատեսություն չեն ներշնչում։ Այս համատեքստում ՀԱՊԿ զորավարժությունները անվտանգության աստիճանը բարձրացնող տարր են ներմուծում եւ կանխում են ռազմատենչության չափազանցված դրսևորումները»,- ասել է փորձագետը։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն էլ նշել է. «Այս զորավարժությունները ՀԱՊԿ-ի` իբրև ռազմաքաղաքական միավորի կայացման գործում ունեն առանցքային նշանակություն: Բացի դրանից, «Փոխգործակցություն-2012»-ը հարկ է դիտարկել նաև տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում: ՀԱՊԿ-ը օրըստօրե վերածվում է մեր տարածաշրջանն ապակայունացնող զարգացումները զսպող գործոնի, և տվյալ դեպքում խոսքը բնավ միայն Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները զսպելու մասին չէ: «Փոխգործակցություն-2012»-ը ևս մեկ կարևոր քայլ է այդ ուղղությամբ»:
Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Ռազմաքաղաքական