Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ



Սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համազորային զորավարժարանում տեղի ունեցավ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության երկրորդ՝ եզրափակիչ փուլը։

Զորավարժության ընթացքին հետևում էին Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, մասնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության, միավորված շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, ԱՊՀ, ՄԱԿ, Երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, բարձրաստիճան սպաներ, պաշտոնական այլ անձինք։

Առավոտյան ժամը 9-ին, ժամանելով զորավարժարան, նախագահ Սերժ Սարգսյանը, զորավարժության պաշտոնական ներկայացուցիչները ծանոթացան պաշտպանության նախարարության ցուցադրած ռազմական, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական տեխնիկային։ Այնուհետև ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, զեկուցելով նախագահ Սերժ Սարգսյանին, ներկայացրեց ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի «Փոխգործակցություն-2012» զորավարժության թեման, կողմնորոշիչները, ինչպես նաև տեղեկացրեց մասնակիցների զենքերի և ռազմական տեխնիկայի թվաքանակի մասին։ Գեներալ-մայոր Ի. Մաթևոսյանը նշեց, որ հայկական կողմից զորավարժության մեջ ներգրավված է գնդապետ Ա. Սմբատյանի հրամանատարությամբ գործող հատուկ նշանակության բրիգադը, աերոմոբիլային մեկ վաշտ Բելառուսից, ՌԴ 98-րդ օդադեսանտային դիվիզիայի և 217-րդ պարաշյուտադեսանտային գրոհային զորամասի ստորաբաժանումները, Ղազախստանից դեսանտագրոհային մեկ վաշտ։ Միաժամանակ, ասվեց, որ զորավարժության մեջ ընդգրկված են մասնակից երկրների ոստիկանության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի, արտակարգ իրավիճակների նախարարությունների փրկարարական խմբեր, բուժծառայողներ… Զորավարժությանը մասնակցում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

Սեպտեմբերի 15-ից մեկնարկած զորավարժությունն անցկացվում է երկու փուլով. առաջինը տևում է երեքուկես, երկրորդը, համատեղ գործողությունների կատարումով, մեկուկես օր։

♦♦♦

Մարտական գործողությունների մեկնարկից առաջ ԱԱՀՈՒ հրամանատար գեներալ-մայոր Կամո Քոչունցը տեղեկացրեց, որ զորավարժության ղեկավարը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է, տեղակալը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Ներկայացնելով ստեղծված պայմանական իրավիճակը՝ օգոստոսի կեսերին և սեպտեմբերին կտրուկ սրվում է իրադրությունը երեք հարևան երկրներից մեկի՝ «Սևանիայի» սահմանում։ Հրաձգային տարբեր զենքերով, հակատանկային միջոցներով զինված անօրինական ահաբեկչական և ավազակային խմբավորումները, մոտավորապես երկու գումարտակի կազմով, հատում են սահմանը. ահաբեկչական գործողություններ, զանգվածային անկարգություններ հրահրելու, տեղական իշխանություններին տապալելու նպատակով։ Հրամանատարական կետում ստացվում են սահմանային գոտում տեղակայված սահմանապահ ուժերի և մյուս ստորաբաժանումների հրամանատարների զեկույցները, որոնցից պարզվում է, որ զինված հարձակումներ, ահաբեկչական գործողություններ են եղել նաև սահմանամերձ գոտու տարբեր հատվածներում։

Զինված անօրինական խմբավորումները միաժամանակ կատարում են նաև օդային հետախուզում, ինչն էլ նպաստում է հարձակման նախնական հաջողությանը։ Հարձակումը կանխելու, անօրինական զինված կազմավորումներին ոչնչացնելու համար որոշվում է օգտագործել ԱԱՀՈՒ ուժերն ու միջոցները։

Իրավիճակը ներկայացնելուց հետո ԱԱՀՈՒ հրամանատարը դիմեց երկրի նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին՝ խնդրելով կրակային միջոցներով զինված հարձակմանը դիմակայելու թույլտվություն։ Ստանալով դրական պատասխան՝ նա առաջապահ զորային ՀՕՊ ստորաբաժանմանը հրամայեց ոչնչացնել զինված բանդաների համար օդային հետախուզություն կատարող ինքնաթիռը։

Կարմիր ազդանշանից հետո առաջինը մարտի մեջ մտած սերժանտ Գրիգորյանի ԴԶՀՀ («Իգլա») հաշվարկի հենց առաջին կրակոցը խոցեց նպատակակետը։ Արկն անցավ շոշափելով լուսակիր թիրախը։ Ապահովության համար գործի անցավ «Շիլկան» և «սանրեց» ողջ օդային տարածքը։

Հայտնաբերելով հարձակվող երկու շարասյուները՝ հրամանատարը որոշեց զինված այդ խմբավորումները ռմբահարել ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռներով։ Զորամասի հրամանատար գնդապետ Ա. Ներսիսյանի ղեկավարությամբ գրոհային չորս ՍՈՒ-25 ինքնաթիռները ռմբահարեցին հայտնաբերված շարասյուները՝ աջակցելով հարձակմանը դիմակայող ցամաքային ուժերին։ Նրանք միաժամանակ կատարեցին հետախուզություն։

Հարձակմանը դիմակայելու համար մարտակարգով առաջանալով՝ բացազատվեցին գնդապետ Ա. Սմբատյանի ուժեղացված մոտոհրաձգային վաշտերից մեկը, փոխգնդապետներ Սարգսյանի, Պողոսյանի և Մ. Մարտիրոսյանի հրետանային դիվիզիոնները։ Հակառակորդը դեռևս շատ ուժեղ էր և շարունակում էր առաջանալ, և ԱԱՀՈՒ-ի հրամանատարությունը որոշեց կորուստներ չտալու համար կազմակերպել սահմանապահ ուժերի նահանջը հրետանային կրակի աջակցությամբ։ Գործողությանը մասնակցեց նաև ուժեղացված մոտոհրաձգային վաշտը։ Դրանից հետո պարզվեց, որ ահաբեկիչները գրավել են «Արևիկ» բնակավայրը։ Իրավիճակը վտանգավոր էր այնքանով, որ ահաբեկիչները կարող էին համագործակցել տեղի կենտրոնախույս ուժերի հետ և սպառնալ պետական կարևոր նշանակության օբյեկտներին։ Կատարվեց տեղանքի օդային հետախուզում, որից հետո Բելառուսի և Ղազախստանի դեսանտագրոհայինները շրջափակեցին բնակավայրը։ Այդ նույն ժամանակամիջոցում ահաբեկչական շարասյուները կանգնեցնելու և հակահարձակում նախապատրաստելու համար առաջնագծին են մոտենում տանկային գումարտակը, մոտոհրաձգային վաշտերը, ականանետային, հակատանկային մարտկոցները։ Կրակային տարբեր միջոցների ինտենսիվ կրակով ահաբեկիչների առաջխաղացումը կանգնեցվեց, և սկսվեցին հակահարձակման նախապատրաստական աշխատանքները։ Միաժամանակ, կանխելով ավտոբուսով պատանդներ տանելու փորձը, անվտանգության ուժերը նախապատրաստեցին ծուղակ ահաբեկիչներին դիմագրավելու և ոչնչացնելու համար։ Մի-8 ուղղաթիռով պարանի օգնությամբ դեսանտ իջեցվեց եռահարկ այն շենքի տանիքին, որում թաքնվել էին ահաբեկիչ գրոհայինները, իսկ հիմնական խմբավորումների մասին տեղեկություններ ստանալու համար կատարվեց օդային հետախուզություն անօդաչու թռչող սարքի միջոցով։ ԱԱՀՈՒ հրամանատարության որոշմամբ՝ մարտական գործողություններում ներգրավվեցին ՌԴ 98-րդ դիվիզիայի և 217-րդ զորամասի օդադեսանտային գրոհայինները։ Նրանք զբաղեցրին դիրքեր, որպեսզի համագործակցեն հիմնական ուժերի հետ և թույլ չտան ահաբեկիչների առաջխաղացումը դեպի ատոմակայան։

♦♦♦

Եռահարկ շենքում թաքնված խմբի չեզոքացումը կատարվեց ոստիկանության ստորաբաժանման մասնակցությամբ։ Գրոհն սկսվեց շենքի ներսը նռնակի նետումով, որին հաջորդեցին տարբեր կողմերից ներխուժումը և խմբի ոչնչացումը, ողջ մնացածների ձերբակալումը։ Գործողությանը ոստիկանությունը մասնակցեց հատուկ նշանակության մեքենաներով։

♦♦♦

Գնահատելով իրավիճակը՝ ԱԱՀՈՒ հրամանատարությունը որոշեց անցնել վճռական հարձակման, զինված խմբավորումների մնացորդներին հասցնել ջախջախիչ հարված և վերականգնել պետական սահմանը։ Գործողությանը մասնակցեցին ինչպես օդուժը՝ ՍՈՒ-25, Մի-24, այնպես էլ հրետանին, հակատանկային մարտկոցները՝ «Ֆագոտ» և «Մետիս» կառավարվող հրթիռներով, մոտոհրաձգային, զրահատանկային գումարտակները։

Կրակային հզոր տեղատարափի տակ զինված անօրինական կազմավորումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց։ Մոտ հիսուն ահաբեկիչներ, որոնք ուզում էին շարժվել դեպի ատոմակայան, ընկան Բելառուսի զինծառայողների կրակի տակ։ Վերականգնվեց պետական սահմանը։ Ահաբեկիչները ժամանակավորապես իրենց ենթակայության տակ մնացած տարածքում ոչնչացրել էին ամեն ինչ։ ԱԻՆ ստորաբաժանումները կազմակերպեցին որոնողական աշխատանք։ Փլատակների տակից դուրս բերված մարդիկ տեղափոխվեցին, ցուցաբերվեց համապատասխան բուժօգնություն։ Կասկածելով, որ տարածքը կարող է թունավորված լինել, ռուսական ԱԻՆ հատուկ մշակման մեքենաների միջոցով կատարվեց տարածքի ախտահանում։ Ահաբեկիչներից ազատված բնակավայրում բնակչությունը հումանիտար օգնություն ցուցաբերեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

♦♦♦

Զորավարժությունն ավարտվեց ահաբեկիչների լիակատար ձախողմամբ։ Լիովին կատարվեցին «Փոխգործակցություն-2012»-ի առջև դրված ուսումնական նպատակները։ Դրանք էին՝ համատեղ գործողությունների ընթացքում ՀԱՊԿ ԱԱՀՈՒ հրամանատարության և շտաբի պլանավորման, զորքերի ղեկավարման գործնական հմտությունների կատարելագործումը, ԱԱՀՈՒ զորախմբերի, ուժային միավորումների և հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև գործողությունների համադրումը և զորքերի փոխգործակցության ներդաշնակումը, գործնական հմտությունների կատարելագործումը, բարոյահոգեբանական և ֆիզիկական պատրաստության մակարդակի բարձրացումը։

Զորավարժության ընթացքում խաղարկվեցին պետական սահմանի պաշտպանության, գրոհային խմբերի չեզոքացում, ահաբեկչության կանխարգելում, նահանջ, հակահարձակում, ծուղակ, խաղաղ բնակչության և պատանդների ազատ արձակում, առաջին բուժօգնության ցուցաբերում, փրկարարական աշխատանքներ, քիմիական և այլ նյութերի տարածման կանխարգելում, հումանիտար օգնության ցուցաբերում։

Զորավարժության արդյունքները ցույց տվեցին, որ ԱԱՀՈՒ կարող են լավագույնս համագործակցել և համարժեք պատասխան տալ ցանկացած սպառնալիքի։

Զորավարժության շրջանակներում տեղի ունեցան նաև մարզական, մշակութային բազմազան միջոցառումներ, որոնք լավ առիթ էին տարբեր ժողովուրդների զինծառայողների միջև ընկերության, բարեկամության հաստատման համար։

♦♦♦

«Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և պատշաճ անցկացման համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալագրերով պարգևատրեց.

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության վարչության ուղղության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Ալեքսեյի Ուստինովին:

ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք զորամասերի հրամանատարների և ժամկետային ու պայմանագրային զինծառայողների՝ գնդապետ Հայկ Գառնիկի Կարապետյանին, գեներալ-մայոր Կամո Գրիգորիի Քոչունցին, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նորիկ Միսակի Պետրոսյանին, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Գոռ Թաթուլի Հակոբջանյանին,

Ռուսաստանի Դաշնության 98-րդ օդադեսանտային դիվիզիայի 217-րդ օդադեսանտային գնդի 2-րդ օդադեսանտային գումարտակի հրամանատար, կապիտան Պյոտր Պյոտրի Պոպովին,

Բելառուսի Հանրապետության զինված ուժերի 357-րդ առանձին գվարդիական աերոմոբիլային գումարտակի 3-րդ աերոմոբիլային վաշտի նռնականետորդի օգնական, շարքային Անդրեյ Վասիլիի Բելոդեդին,

Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի օպերատիվ պատրաստության վարչության բաժնի պետ, գնդապետ Աբդուալի Գանիի Տուգաևին,

Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ, գնդապետ Գուլոմ Տավարի Պիրոևին,

Ղրղըզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արագ արձագանքման հատուկ ջոկատի բաժնի պետ, ոստիկանության մայոր Ժիրգալբեկ Բոլոտբեկի Ժումալիևին,

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վարչության 249-րդ կենտրոնի հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների անցկացման ավագ սպա, փոխգնդապետ Ալեքսեյ Ալեքսեյի Ինյակինին,

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումների և ավիացիայի վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Վալենտինի Գորշուկովին,

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ավագ հրահանգիչ, մայոր Համբարձում Ռաֆիկի Սարգսյանին:

Զորավարժություններին մասնակցած և առավել աչքի ընկած զինծառայողներին, ոստիկանության, ԱԻՆ հայ, ռուս, բելառուս, ղազախ, ղրղըզ և տաջիկ ներկայացուցիչներին խրախուսական տարբեր միջոցներով պարգևատրեցին մասնակից գերատեսչությունների ղեկավարները։

Զորավարժություններն ավարտվեցին տոնական համերգով։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Կապիտան

Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Ազգային բանակ


03/10/2012