Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ Մ. ՍԻԼԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ



Այս տարի լրանում է Հայաստանի առաջին Հանրապետության խոշոր ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` պաշտպանության նախարար Ս. Օհանյանի գլխավորությամբ, և հաստատվել է միջոցառումների պլան: Համաձայն պլանի` ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրակային պատրաստության ամբիոններից մեկը անվանակոչվել է Մ. Սիլիկյանի անունով: Այս առիթով 2012 թվականի սեպտեմբերի 24-ին Ռազմական ինստիտուտում կազմակերպվել է միջոցառում, որին ներկա էր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ, ՔՀԾ երկրորդ դասի պետական խորհրդական Ֆելիքս Պողոսյանը: Միջոցառմանը մասնակցում էին Ռազմական ինստիտուտի ղեկավար կազմը, սպաներ, կուրսանտներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ռազմական ինստիտուտի ուսման գծով պետի տեղակալ-ուսումնական մասի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը: Ապա խոսքը տրվեց Ֆ. Պողոսյանին: Կարևորելով Մ. Սիլիկյանի ունեցած անգնահատելի դերը` վերջինս նշեց, որ այսուհետ Ռազմական ինստիտուտի ցանկացած կուրսանտի և դասախոսի համար մեծ պատիվ է լինելու դասապրոցեսն անցկացնել մեծ զորավարի անունը կրող լսարանում:

Լսարանի բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու պատվին արժանացան Ռազմական ինստիտուտի առաջին կուրսի լավագույն կուրսանտները:

Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես եկավ ՌԻ հասարակագիտական առարկաների և լեզուների ամբիոնի պետի տեղակալ, գնդապետ Մ.Խաչատրյանը` հանգամանալից ներկայացնելով Մ. Սիլիկյանի փառքի և ողբերգության պատմությունը: Խոսելով 1918 թվականի հերոսամարտերում Մ. Սիլիկյանի ունեցած մեծ ավանդի մասին` գնդապետ Մ.Խաչատրյանը նշեց. «Իր եռանդուն և վճռական գործողություններով Մ. Սիլիկյանը կարճ ժամանակում ստեղծեց մարտունակ, կանոնավոր զորամասեր, որոնք հետագայում հաջողությամբ մարտնչեցին թուրքական զորքերի դեմ և փառքով պսակեցին իրենց Սարդարապատում և Բաշ-Ապարանում»:

Լսարանը Մ. Սիլիկյանի անունով կոչելը յուրօրինակ հարգանքի ու երախտագիտության տուրք էր անվանի զորավարին, որի անձնական օրինակը կոգևորի ու նաև կպարտավորեցնի կուրսանտներին հայրենիքին ծառայել այնպես, ինչպես ծառայել է քաջարի զորավարը:

Ե. ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

Խորագիր՝ #38 (954) 27.09.2012 – 3.10.2012, Բանակ և հասարակություն


03/10/2012