ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
Սեպտեմբերի 16 -22-ը ՌԴ ԶՈՒ Մշակույթի տանը (ք. Մոսկվա) կայացավ ԱՊՀ անդամ երկրների ռազմամասնագիտական վարպետության lV միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին բարեկամ յոթ երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, ՈՒկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ղրղըզստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ` շարքայիններ, սերժանտներ և ավագներ։ Այս տարվա մրցաշարը նվիրված էր ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցության 20-ամյակին։
Հայաստանը ներկայացրին Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի երրորդ կուրսի կուրսանտ Արթուր Հովհաննիսյանը, պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ, հետախույզ-պայթեցնող Սեդրակ Ավետիսյանը և շարքային, հետախույզ-վարորդ Վահե Մուրադյանը։ Հարկ է նշել, որ այս մրցաշարին չմասնակցեց շարքային դիպուկահար Մարիամ Գևորգյանը, որը նախապատրաստական փուլի մարզումների ժամանակ վնասել էր ոտքը։
«Համագործակցության մարտիկ» անունը կրող մրցաշարում «Դիպուկահար» անվանակարգում իրեն գերազանց է դրսևորել և առաջին մրցանակի արժանացել կուրսանտ Արթուր Հովհաննիսյանը։ «Ասպետ» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել շարքային Վահե Մուրադյանը, իսկ «Մարզիկ» անվանակարգում ավագ սերժանտ Սեդրակ Ավետիսյանը արժանացել է երրորդ մրցանակի։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Ազգային բանակ