Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼ



Ադրբեջանի վարկաբեկումը շարունակվում է: Օրերս Ամերիկյան «Fresno Bee» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանին եւ այդ երկրի բռնապետ Իլհամ Ալիեւին` Ադրբեջանին անվանելով Հարավային Կովկասի Հյուսիսային Կորեա: «Մի փոքրիկ մեկուսացված երկրում կա մի բռնապետ, որը հատուկ հակակրանք ունի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նկատմամբ: Այս բռնապետը եւ իր մտերիմ շրջանակը հարուստ են, մինչդեռ մարդիկ, որոնց նա ղեկավարում է, ապրում են աղքատության մեջ: Բռնապետն անընդհատ սրում է իր սուրը եւ սպառնում իր խաղաղասեր հարեւանին: Խոսքն Ադրբեջանի մասին է: Ադրբեջանը Կովկասի Հյուսիսային Կորեան է, իսկ բռնապետը` Իլհամ Ալիեւը` երկրի նախկին բռնապետ Հեյդար Ալիեւի որդին, գերհարուստ մեկը, որի ժողովուրդը տառապում է աղքատությունից»,-գրում է «Fresno Bee»-ն:

Ադրբեջանի իշխանության համար պետք է ավելի ցավագին եղած լինի այն, որ Կանադայում ապամոնտաժվել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եւ այդ երկրի ներկայիս առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի կիսանդրիները: Այս մասին ադրբեջանական «Ազադլըգ» թերթին հայտնել է կանադական կառավարության Հանրային պալատի անդամ Հասան Սավթարովը: Սա կարելի է համարել ադրբեջանական ընդդիմության փոքրիկ հաղթանակը, քանի որ կանադական Նիագարա օն դը Լեյք քաղաքի իշխանությունները այս քայլին դիմել են ադրբեջանական ընդդիմության գրած նամակին արձագանքելով և համարելով, որ կիսանդրիները «բռնապետության հուշարձաններ են»: Ադրբեջանի ընդդիմության նամակում մասնավորապես նշվում էր, որ «այսօր աշխարհը պատերազմ է հայտարարել բռնապետությանը, ուստի Կանադայում` աշխարհի ամենադեմոկրատական երկրներից մեկում, այնպիսի բռնապետի կիսանդրու տեղադրումը, ինչպիսին Հեյդար Ալիեւն է, լուրջ վնաս է հասցնում Կանադայի հեղինակությանը»: Ալիեւների կիսանդրիները տեղադրվել էին ուղիղ մեկ տարի առաջ` անցյալ տարվա սեպտեմբերին:

Այս իրադարձություններն ուղեկցվում են Ադրբեջանում մեկը մյուսի հետևից ծագող կոռուպցիոն սկանդալներով: Օրերս ադրբեջանական հասարակությունը ցնցվեց Ֆրանսիայում բնակվող` Ադրբեջանի միջազգային համալսարանի ռեկտոր Էլշադ Աբդուլլաեւի` համացանցում տեղադրած տեսանյութից, որում արձանագրված է, թե ինչպես իշխող կուսակցության պատգամավոր Գյուլեր Ահմեդովան Աբդուլաևի հետ սակարկում է վերջինիս պատգամավորական մանդատ տալու «գնի» շուրջ: Գյուլեր Ահմեդովան խոստանում է մեկ միլիոն դոլարի դիմաց Էլշադ Աբդուլաեւին պատգամավոր «ընտրել»: «Հանուն Ադրբեջանի» հասարակական ֆորումի ղեկավար Էլդար Նամազովը, մեկնաբանելով համացանցում հրապարակված սկանդալային տեսանյութը, ասել է. «Դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ այս իշխանության համար գլխավորը փողն է, հանուն որի նա թալանում է ժողովրդի հարստությունը, վաճառվում են պաշտոնները եւ պատգամավորական մանդատները»: Տեսանյութի առնչությամբ «Մուսավաթ» կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ դա ակներեւ վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանում ընտրությունները կեղծվում են, պատգամավորների ցուցակները կազմվում են նախօրոք, իշխանություններն այնտեղ մտցնում են իրենց հարմար մարդկանց, իսկ ժողովուրդը մնում է առանց ընտրության իրավունքի: «Սա ցնցում է ադրբեջանական հասարակության համար: Անհրաժեշտ է ցրել խորհրդարանը եւ նոր ու արդարացի ընտրություններ անցկացնել», -հայտարարել է «Մուսավաթ»-ը:

Իր հերթին, Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը, որն այժմ գտնվում է վտարանդիության մեջ ԱՄՆ-ում, AzNews լրատվական կայքի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով սկանդալային տեսանյութին, ասել է. «Դա ինձ չի զարմացնում: Դեռ մեկ տարի առաջ ես հայտարարել եմ, որ Ադրբեջանում պատգամավորական աթոռները կաշառքի դիմաց վաճառվում են 200 հազարից մինչեւ 2,2 մլն դոլարով»:

Գուլիեւը հավելել է, որ Ադրբեջանում վաճառվում են ոչ միայն պատգամավորական տեղերը, այլև, ընդհանրապես, բոլոր պաշտոնները: «Սկսած նախարարներից, վերջացրած դպրոցների փոխտնօրենների պաշտոններով: Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա»,- հայտարարել է նախկին խոսնակը:

Նաև այս հանգամանքը նկատի ունենալով` Ադրբեջանի «Ումիդ» (Հույս) կուսակցության առաջնորդ, պատգամավոր Իգբալ Աղազադեն մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ երիտասարդ ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանում կաշառակերությունը դարձել է ազգային մտածելակերպի բաղադրիչ եւ ազգային արժեք:

Այդուհանդերձ, Ադրբեջանում համատարած կաշառակերության դեմ ընդվզումներ լինում են: Օրերս Ադրբեջանի նավթի պետական ակադեմիայի ուսանողները բուհի պատերին «Կորչի կաշառքը», «Ենի Ազերբայջան կուսակցություն, հեռացի՛ր համալսարաններից» եւ նման բովանդակությամբ լոզունգներ են գրել: Ադրբեջանական «haqqin.az» լրատվական կայքը հաղորդում է, որ ուսանողները նաեւ պահանջել են բուհի ռեկտորի հրաժարականը եւ կոչ արել վերականգնել ուսումնական այս հաստատությունից հեռացված ուսանող Էլմին Բադալովին: Վերջինս 2010թ. սկզբին հեռացվել է ակադեմիայի 4-րդ կուրսից այն բանի համար, որ «Պոլիգոն» կայքում «Ռեպորտաժ նավթի ակադեմիայից» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում ներկայացրել է նավթի եւ այլ ֆակուլտետներում քննությունների եւ ստուգարքների համար ուսանողներից կաշառք պահանջելու փաստերը:

Բողոքը շփոթեցրել է բուհի ղեկավարությանը: Ռեկտորը կարգադրել է գրություններից մաքրել ակադեմիայի պատերը եւ գտնել «ուղերձների» հեղինակներին: «Ուսանողները խոստացել են այսուհետ եւս բողոքի նման գործողությունների դիմել», -նշում է կայքը և հավելում, որ Ադրբեջանի ապագա նավթագործները մի քանի օր առաջ եւս իրենց բողոքն են արտահայտել` ակադեմիայի պատուհաններից ռեկտորի հրաժարականի պահանջով հազարավոր թերթիկներ նետելով:

Ադրբեջանի հասարակությունն աստիճանաբար արթնանում է: Համենայն դեպս, կան ուժեր, որոնք 2013թ. նախագահական ընտրություններից առաջ փորձում են նպաստել դրան:

Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Ռազմաքաղաքական


10/10/2012