ԱՆՏԻԿ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԸ
Կայսր.- Եվ այսպես, թարգմանիչ, ի՞նչ է պահանջում գերմանների առաջնորդը։
Թարգմանիչ.- Անտիկ աշխարհի կործանումը, ձերդ մեծություն։
Եվ որ մենք ստորագրենք կապիտուլյացիան։
Գերմանների առաջնորդ։- Յավո՛լ։
Կայսր.- Ի՞նչ է դա նշանակում։
Թարգմանիչ.- Ստորագրեք, ասում է, կապիտուլյացիան։
Կայսր.- Ի՛նչ լկտիություն։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ստորագրենք։
Թարգմանիչ.- Աշխարհը կկործանվի, ձերդ մեծություն։
Գերմանների առաջնորդ.- Յավո՛լ։
Կայսր.- Ի՞նչ է ասում այդ վայրենին։
Թարգմանիչ.- Ասում է՝ աշխարհը կկործանվի։
Կայսր.- Ի՞նչ լկտիություն։ Իսկ ի՞նչ կլինի, եթե չստորագրենք։
Թարգմանիչ.- Աշխարհն էլի կկործանվի, ձերդ մեծություն, միայն թե բռնի կերպով։
Գերմանների առաջնորդ.- Յավո՛լ։
Կայսր.- Ի՞նչ է ասում։
Թարգմանիչ.- Ասում է՝ աշխարհը կկործանվի բռնի կերպով։
Կայսր.- Ի՛նչ լկտիություն։ Դե ինչ, ստիպված ենք բանակցություններ վարել։
Թարգմանիչ.- Նա բանակցություններ վարել չգիտե, ձերդ մեծություն։ Նա դեռ երբեք բանակցություն չի վարել. վայրենի է։
Կայսր.- Աստված իմ, գոնե մեկ ուրիշը մեզ հաղթեր։ Ասա նրան, որ մարդկությունը շատ կափսոսա անտիկ աշխարհի համար։
Գերմանների առաջնորդ.- Յավո՛լ։
Կայսր.- Ի՞նչ է ասում։
Թարգմանիչ.- Ասում է՝ ձեր անտիկ աշխարհը նրանց այնքան է պետք, որքան գայլաձկանը՝ հովանոց։
Կայսր.- Չէ, ա՛յ քեզ լկտիություն։ Երեւի կյանքում ո՛չ գայլաձուկ է տեսել, ո՛չ էլ հովանոց, բայց դեռ հանդգնում է համեմատություն անել։ Գուցե սա ընդդիմությունն է, որ գերման ձեւանալով փորձում է մեզ վախեցնել։
Գերմանների առաջնորդ.- Յավո՛լ։
Կայսր.- Ի՞նչ է ասում։
Թարգմանիչ.- Ասում է՝ սա ընդդիմություն չէ։ Եվ, ընդհանրապես, ասում է՝ շտապե՛ք։
Կայսր.- Ինչ-որ տարօրինակ ես թարգմանում։ Դու պատահմամբ հո կաշառված չես։
Գերմանների առաջնորդ.- Յավո՛լ։
Կայսր.- Ի՞նչ է ասում։
Թարգմանիչ.- Ասում է, ինչպես կարող եք այդպիսի բան մտածել։
Կայսր.- Բայց դու իրո՞ք նրան հասկանում ես։
Թարգմանիչ.- Ես չեմ հասկանում, թե նա ինչ է ասում, բայց գիտեմ, թե ինչ է ուզում ասել։
Հենրիկ ԲԱՐԴԻԵՎՍԿԻ
Թարգմ.՝ Մ. ՀՐԱՉՅԱՆԻ