Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՏՐՎԱԾ ԽԱՉՔԱՐԵՐՆ ԷԼ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ



«Սա Հայաստան է և վերջ»…
Լեոնիդ Ազգալդյան

Հակարի գետի Հոչանց և Շալուա վտակների միջանկյալ սարալանջերի վրա են գտնվում Քաշաթաղի շրջանի մի քանի գյուղեր, որոնցում ազատագրվելուց հետո հայտնաբերվել են պատմական հուշարձաններ՝ հաստատելով տարածքի դարեր ի վեր հայկական լինելը: Եթե նույն սարալանջերի աջ ու ահյակ ընկած նմանատիպ տարածքներում պահպանվել են եկեղեցիներ՝ կանգուն կամ կիսավեր, ապա այս մասում միայն խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ են մնացել՝ այն էլ թուրքա-քրդաշեն տների ու այլ կառույցների պատերի մեջ: Հիմնահատակ քանդվել է մինչև 1918 թվականը տարածքում գոյատևած միակ հայկական բնակավայրի՝ Ալիղուլիի/այժմ՝ Ղազարապատ/, եկեղեցին. գյուղում մի քանի տապանաքարի մնացորդներ են պահպանվել: Հարևան Գողթանիկ/Փիրջահան/ գյուղում մոտ մեկ տասնյակ խաչքար ու տապանաքարեր են պահպանվել՝ հատված ու բեկորների վերածված, դարձյալ հանված պատերի միջից: Գողթանիկից հարավ ընկած Գանձա գյուղում միայն մի աղբյուր է պահպանվել, իսկ գյուղից ներքև՝ Շալուա գետի վրա քարակերտ ու հետաքրքիր հորինվածքով կամուրջը, որն ունի մոտ 10 մետր բարձրություն և նույնքան թռիչք եւ այսօր էլ պատմում է մեր պապերի հանճարեղ շինարար լինելու մասին: Այս կամրջով Մեծ հայքի Արցախ աշխարհի Վայկունիք և մոտակա գավառները Շալուա գետի ձախ ափից կապ են հաստատել Սյունյաց նահանգի Աղահեջք-Քաշաթաղ գավառի և դեպի արևմուտք ընկած բնակավայրերի հետ: Գյուղից դեպի արևմուտք՝ ավելի բարձր դիրքում, քրդական 19-20-րդ դարերի դամբարաններ ու մի քանի գերեզմանաքարեր կան, որոնք պատկանել են քուրդ սեյիդների, և այդ պատճառով գյուղը կոչվել է Սեյիդլար: Այստեղով մի ճանապարհ էլ բարձրանում է ավելի վեր և ձգվում տարածքի մնացած 2 գյուղերը՝ Դրախտաձոր և Անի: Մինչև վերջերս այս տարածքներում որևէ պատմական հուշարձան չէր հայտնաբերվել, բացառությամբ մի տան պատերի մեջ եղած անարձանագիր երեք տապանաքարերի: Աշխատելով շրջանի կրթության բնագավառում, այնուհետև շրջանային թերթի խմբագիր, հաճախ եմ լինում տարբեր բնակավայրերում և հետաքրքրվում նաև գոյություն ունեցող պատմական հուշարձաններով: Շրջանի գրեթե բոլոր բնակավայրերում շատ բնակիչներ, նաև դպրոցականները, որևէ հուշարձանային հետաքրքրություն առաջացնող երևույթ նկատելիս՝ անպայման տեղյակ են պահում: Վերջերս Արտաշավի և Դրախտաձոր գյուղերում նման քարեր են հայտնաբերել: Արտաշավիում աշակերտները դաշտում քարեր են տեսել, որոնց վրա գրեր և պատկերներ են եղել: Դպրոցի տնօրեն Վոլոդյա Հարությունյանի, պատմության ուսուցիչ Վահե Դոխոլյանի, մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ Արթուր Արամյանի և 7-րդ դասարանի աշակերտ Գոռ Օհանջանյանի հետ եղանք գյուղից հյուսիս-արևմուտք ընկած նախկինում երևի ավտոճանապարհի եզրին գտնվող քարաժայռի մոտ: Պարզվեց, որ գրությունները տարածքի ազատագրումից առաջ ադրբեջանցիներն են թողել՝ գրելով իրենց անունները, իրենց ճաշակին համահունչ ինչ-որ խզբզոցներ անելով: Այնուամենայնիվ, շնորհակալ եմ Գոռին ու իր ընկերներին, որ ցավում են հայրենի երկրի հուշարձանների համար և դրանք հայտնաբերելիս տեղյակ են պահում դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, ինձ: Իսկ ահա այլ է Դրախտաձորի փաստը:

Արտաշավիի դպրոցի պատմության և ռազմագիտության ուսուցիչներ Վահե Դոխոլյանի և Վահրամ Հարությունյանի հետ մեկնում եմ Դրախտաձոր: Մինչ այդ, արդեն գյուղի բնակիչները նույնիսկ պահանջում էին, որ գնամ և լուսանկարեմ հայտնաբերված նոր խաչքարերը: Գանձայից մինչև Դրախտաձոր մոտ 20 կմ ճանապարհը ձգվում է անտառապատ ու գեղատեսիլ տարածքով, այնուհետև շարունակվում Հոչանց գետի ձախափնյա լանջերով: Մինչև Դրախտաձոր հասնելը, ձախում՝ ձորի մեջ, մի առանձնացած ժայռակտոր կա, որի վրա հնամենի բերդի պարիսպներ են երևում: Իսկ ողջ տարածքում ժայռերը ուղղաձիգ իջնում են մինչև գետը: Հրաշագեղ տեսարանները հաջորդում են իրար: Գետի աջափնյա սարալանջերին երևում են Սոնասար, Մշենի և Սրվական գյուղերը, իսկ ավելի հյուսիս Շրվականն է՝ իր անկրկնելի գեղեցիկ Սպիտակաջուր ջրվեժով, որը թռչում է վերևից ու սպիտակ փրփրի վերածված գահավիժում ցած՝ հաճախ դառնալով ծիածան: Դրախտաձորի դպրոցում մեզ են միանում ռազմագիտության և աշխարհագրության ուսուցիչ Արշակ Ղազարյանը և խաչքարերը գտած բնակիչներից Արտակը: Անի գյուղը ձորի պռնկին է՝ հարուստ այգիներով, ցավոք՝ այժմ առանց բնակիչների: Մի հրվանդանի վրա երկու անավարտ շինություններ են. ադրբեջանցիները չեն հասցրել վերջացնել շինարարությունը: Արտակը ցույց է տալիս մի քանի փոսորակներ, որոնք քանդված շիրիմներ են: Հայոց երբեմնի գերեզմանատեղին հիմնովին ոչնչացվել է, հավանաբար տարածքի ազատագրումից քիչ առաջ, երբ սկսվել է նշված շինությունների շինարարությունը: Բոլոր տապանաքարերը, որոնք հիմնականում սպիտակ քարից են, բուլդուզերով ձորն են լցրել, կտորների բաժանել, և պատահաբար են դրախտաձորցիները տեսել դրանք: Ձորալանջին մնացել են մի քանի կտորներ, որոնց վրա խաչեր են քանդակված, ցավոք՝ առանց արձանագրությունների: Խաչքարերը հիմնականում սալաքարեր են՝ մարմարի նման սպիտակ: Գերեզմանոցի մոտակայքում նույն տեսակի քարհանքի հետքեր կան. հավանաբար այդ տեղից են միջնադարում մեր պապերը բերել գերեզմանաքարերը և թեկուզ հասարակ, սակայն խաչքար կերտել՝ որպես առհավատչյա տեղանքի հայոց ոստան լինելու: Քոչվորները, 18-րդ դարի կեսերից տիրանալով տարածքին, տարիների ընթացքում հիմնովին ավերել են հայոց հանգստարանը, սակայն ինչ էլ անեին, միևնույն է, որևէ ապացույց մնալու էր:

Ձորի միջով հոսում է Հոչանցը՝ փայլեցնելով իր ժապավենը արևի տակ: Աշնանային անտառի հետ մի անկրկնելի տեսարան է բացվել: Այս մասում միջնադարյան երկու կամրջի հենասյուներ են պահպանվել: Սրանցից մեկը դեռ վերջերս կանգուն էր: Իսկ ավելի ներքև՝ գետի աջ ափին, 9-10-րդ դարերի հայոց եկեղեցու՝ Կատեսավանքի ավերակներն են: Բարձրանում ենք վեր, շրջում տարածքով: Ցանցապատ մի շիրիմ կա այստեղ. տարիներ առաջ Անիում բնակվող մի ընտանիքի մանկահասակ դստեր գերեզմանն է: Զարմանալի բան. առանց իմանալու, որ այստեղ դարերի պատմություն ունեցող հայոց հանգստարան է եղել, մեր բնակիչները Աստծո կամոք հենց այստեղ են թաղել հիվանդության պատճառով մահացած փոքրիկին:

Վերադառնում ենք՝ առայժմ ձորալանջին թողնելով խաչքարերի բեկորները, որոնք մի օր պետք է նորից իրենց տեղը դրվեն, հակառակ դեպքում՝ կկորչեն:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Բերձոր-Արտաշավի-Դրախտաձոր

Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Հոգևոր-մշակութային


10/10/2012