Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ



Աշխարհի բոլոր բանակները յուրովի տարբեր են, բայց և յուրովի նման: Յուրաքանչյուր պետության զինված ուժերը ուրույն խնդիրներ են լուծում` անհամեմատելի իրենց ռազմաքաղաքական նշանակությամբ, տարածաշրջանային ներգրավվածությամբ: Սակայն բոլորն էլ մեկ ընդհանուր բան ունեն` ցանկացած դեպքում զինված ուժերի բնականոն գործունեության, խնդիրները հաջողությամբ կատարելու, անդադար զարգացման համար անհրաժեշտ են համապատասխան կադրեր և հստակ մշակված կադրային քաղաքականություն առաջիկա տարիների համար: Ի վերջո, ինչքան էլ որևէ պետություն զինվի նորագույն զինատեսակներով, դրանք գործածում է մարդը, և նրանից է կախված, թե ինչքանով արդյունավետ կկիրառվի այդ զինատեսակը կամ, ասենք, ինչպես կօգտագործվեն այս կամ այն տիպի ստորաբաժանման ներուժն ու կարողությունները: Առաջիկա համարներում պարբերաբար կանդրադառնանք այս ոլորտում միջազգային փորձին, ապա կներկայացնենք նաև հայկական բանակում տարվող կադրային քաղաքականությունը և դրա զարգացման հեռանկարները` ակնկալելով ընթերցողների լայն շրջանակների արձագանքը, ինչու չէ, նաև՝ առաջարկները եւ համապատասխան ելույթները սույն խորագրի ներքո:

Այսօր Ռուսաստանում ռազմական լուրջ բարեփոխումներ են իրականացվում, որոնց նպատակը զինված ուժերի արդիականացումն է, բանակի նոր կերպարի ստեղծումը: Խորհրդային Միության փլուզումից հետո ռուսական բանակը զգալի ձևափոխումների է ենթարկվել: Զինծառայողների թվի կրճատմանը զուգահեռ փոխվել են կառավարման մարտավարական օղակները, ավելացել են նոր ստորաբաժանումներ և զինատեսակներ, աստիճանաբար ավելանում է պայմանագրային ծառայության մասնաբաժինը և այլն: Իհարկե, այդ ամենն իրագործելու համար հարկավոր են նորովի մտածողությամբ, ժամանակակից կրթություն ստացած մասնագետներ: Բարեփոխումների առանցքային բաղադրիչներից մեկն էլ հենց կադրային քաղաքականությունն է: Այդ ոլորտում ևս փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորվում է մի քանի պատճառներով: Նշենք դրանցից մի քանիսը` աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությամբ պայմանավորված` հետաքրքրություն ներկայացնող որոշակի շրջաններում բախումների հավանականություն և դրանց համարժեք պատրաստվելու անհրաժեշտություն, զինված ուժերի համապատասխանեցում պետության իրական հնարավորություններին, ժողովրդագրական ոչ բարվոք իրադրության պայմաններում սպայական հաստիքների համաչափ և ճիշտ համալրում, զինվորական դասի հեղինակության բարձրացում և այլն: Ընդ որում ամենից առաջ հենց սպաներն են լուրջ շարժառիթներ ստանում ծառայության համար: Նրանց սոցիալական, կենցաղային խնդիրներին աստիճանաբար լուծում է տրվում, ֆինանսական փոխհատուցումը զգալի բարձրացել է հատկապես այս տարվանից, զորամասերը հերթով համալրվում են նորագույն տեխնիկայով, իրենք էլ զգում են հզորացող ռազմական գերատեսչության աջակցությունը մասնագիտական հարցերում և, բնականաբար, ավելի են նվիրվում ծառայությանը:

Իհարկե, ամեն ինչ այնքան էլ լավ չէ, ինչպես թվում է: Որպես զինված ուժերի կադրային ներուժի ապահովման հիմնական միջոց դիտարկվում է ռազմական կրթության համակարգի զարգացումը: Այն սկսվում է դեռ նախազորակոչային տարիքի պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությունից: Ընդունվել է մինչև 2020թ. ՌԴ քաղաքացիների նախազորակոչային պատրաստության հայեցակարգ, գործում են մի քանի սուվորովյան վարժարաններ, ուսուցում է ընթանում ՊՄՏԸ-ում, սակայն վերջինիս մասնաճյուղերի տեխնիկական հնարավորությունները այնքան էլ մեծ չեն: Օրինակ` ավիացիոն խմբակների թիվը վերջին քսան տարվա ընթացքում կրճատվել է վեց անգամ: Բացի այդ, արդեն զորամասերում սպառազինություն են վերցնում զինտեխնիկայի նորագույն նմուշներ, որոնց տիրապետելու հմտություններ թե՛ սպայակազմի, թե՛ ժամկետային զինծառայողների զգալի մասը չունի: Խնդիրները շատ են, և դրանց արդյունավետ լուծման մասին կարելի կլինի խոսել միայն տարիներ անց:

Ընդհանրապես, ռազմական կրթության համակարգի զարգացումը Ռուսաստանում մի քանի փուլով է ընթացել` ավելի շատ տվյալ ժամանակահատվածներին բնորոշ խնդիրներին լուծում տալով: Իսկ այսօր շատերը ռազմական կրթության ոլորտում բարեփոխումների իրականացումը կապում են հիմնականում կրճատումների հետ: Երկրի ռազմական բուհերից մի քանիսը վերջին տարիներին փակվեցին կամ վերակազմավորվեցին: Սակայն պաշտպանության նախարարության ներկայացուցիչները նման գործընթացը միանգամայն բնական են համարում: Վերջերս ՌԴ ՊՆ կրթության դեպարտամենտի տնօրեն Եկատերինա Պրիեզժաեվան լրագրողների հետ զրույցում այսպիսի տվյալներ էր բերել: Այսպես, ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին բանակի համար կադրեր էին պատրաստում 166 ռազմաուսումնական հաստատություններ` ամեն տարի տալով շուրջ 60000 սպա շրջանավարտ: ԽՍՀՄ փլուզումից և ռուսական բանակի թվակազմի նվազումից հետո նման ահռելի համալրման կարիքն այլևս չկար, սպաների պատրաստման անհրաժեշտությունը կրճատվեց յոթ անգամ: Իսկ ահա ռուհերի և դրանց մասնաճյուղերի քանակը կրճատվեց միայն 3,5 անգամ: Այս անհամաչափությունը հանգեցրեց նրան, որ ռազմական կրթօջախներում սովորողների թիվը նվազեց, իսկ դրանց պահպանման և շահագործման ծախսերը էականորեն ավելացան: Էլ չենք խոսում արդեն ավարտած սպաներին ծառայության տեղավորելու մասին: Դա թույլ չէր տալիս գիտամանկավարժական հզոր կոլեկտիվներ ստեղծել, իսկ բյուջեից էլ տարեկան մեկ միլիարդ ռուբլի էր հատկացվում թերբեռնված կառույցների պահպանության համար: Յուրաքանչյուր ռազմաուսումնական հաստատությունում համապարփակ ուսումնասիրությունից հետո միայն շահագրգիռ տարբեր օղակների համատեղ որոշում է ընդունվել` փակել, միացնել մեկ այլ ռազմական հաստատության կամ թողնել նույն կարգավիճակում` ընդլայնելով ուսուցման հնարավորությունները և մակարդակը: Ամեն դեպքում, պատասխանատուները որոշում ընդունելիս տարբեր գործոններ են հաշվի առել: Ներկայումս գործում են 17 բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ, որոնցից երեքը զորատեսակների ռազմական գիտաուսումնական կենտրոններ են, 11-ը` ռազմական ակադեմիաներ, մյուս երեքը` ռազմական համալսարաններ` 25 մասնաճյուղերով և 3 գիտահետազոտական կազմակերպություններով:

Ձեռնարկված միջոցառումների և նախապատրաստական աշխատանքների շնորհիվ պաշտպանության նախարարությունում ակնկալում են ռազմաուսումնական հաստատություններ ընդունվել ցանկացողների թվի աճ: Դիմորդներին այս տարի որոշակի նորամուծություններ են սպասում: Նախևառաջ ռազմական վարժարանների սաները զրկվելու են մյուս դիմորդների նկատմամբ ունեցած առավելությունից. բուհ կընդունվեն առավելագույն բարձր գնահատականներ ստացած երիտասարդները: Նպատակը կրթական առավել բարձր մակարդակ ապահովելն է: Ուսումնառության ընթացքում կուրսանտները ավելի քան 6 հազար ռուբլի կրթաթոշակ կստանան, գումարի չափը կախված կլինի բուհի գիտաուսումնական գործընթացում տվյալ կուրսանտի ներգրավված լինելու աստիճանից: Նրանք այլևս ստիպված չեն լինի նաև ներգրավվել տնտեսական գործունեության մեջ: Օպտիմալացման շրջանակներում տնտեսական բոլոր գործառույթները հանձնվել են քաղաքացիական կազմակերպություններին:

Սակայն ռազմական կրթօջախներում հիմնական փոփոխությունը այլ է: Ձևափոխվում են կուրսանտների ուսուցման համակարգն ու բովանդակությունը: Մինչև վերջերս նախատեսվում էր, որ զինծառայողը աստիճանական աճի ընթացքում պետք է երեք անգամ ուսուցում անցնի` ռազմական ինստիտուտում, զորատեսակի ակադեմիայում և գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում: Յուրաքանչյուր դեպքում պատրաստությունն ընթանում էր երեք-չորս հաստիքների մասով: Հինգ տարին մեկ սահմանված վերապատրաստման պարագայում ստացած գիտելիքները հնանում էին, մոռացվում, կորցնում իրենց արդիականությունը: Արդյունքում՝ ծառայության 25 տարիներից 8-9-ը սպաները անցկացնում էին դասասենյակներում, շատ հաճախ անիմաստ: Մշտական մարտական պատրաստականության վիճակում գտնվող զորամասերում նման իրավիճակն անընդունելի է, ինչի հետևանքով պաշտպանության նախարարությունում անցել են զինծառայողների պրոֆեսիոնալ անձնակազմի պատրաստման համակարգին: Դրա էությունը հետևյալն է` ապագա սպան միայն մեկ անգամ հինգ տարի տևողությամբ ստանում է հիմնարար բարձրագույն պրոֆեսիոնալ ուսուցում և ամբողջական ռազմամասնագիտական պատրաստություն: Դա սպային հնարավորություն է տալիս պաշտոններ զբաղեցնելու ղեկավարման մարտավարական օղակում, հիմք է ստեղծում մասնագիտական ունակությունների հետագա զարգացման համար, ինչը սակայն, չի նշանակում, թե սպան կբավարարվի միայն ինքնակրթությամբ: Ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ պարբերականությամբ կամ նոր հաստիքի նշանակվելուց առաջ սպան պետք է վերապատրաստման կարճատև դասընթաց անցնի:

Կան նաև բարձրագույն օպերատիվ-մարտավարական կամ օպերատիվ- ռազմավարական օղակներում լրացուցիչ կրթության ծրագրեր 10 ամիս տևողությամբ:

Պետք է նշել, որ կադրային քաղաքականություն մշակելիս մեծ դեր է խաղում ոչ միայն երիտասարդ մասնագետներին պատրաստելու, տեղավորելու, այլև արդեն փորձառու սպաների ներուժը ամբողջությամբ օգտագործելու խնդիրը: ՌԴ պաշտպանության նախարարությունում նախապատրաստված նոր օրինագիծը զորքերում ծառայելու, մարտական և վարչարարական մեծ փորձ ունեցող զինծառայողների ծառայության սահմանային շեմը բարձրացնելու նպատակ ունի: Նախատեսվում է սպայական յուրաքանչյուր խմբի, ներառյալ բարձրագույն սպայակազմինը, ծառայության առավելագույն շեմը ավելացնել 5 տարով: Բնականաբար, նման որոշումն ազդեցություն կունենա նաև ռազմական բուհերի դիմորդների թիվը սահմանելու ժամանակ, ինչպես նաև կպարտադրի պահեստազորի մասնագետների տարիքային, հաստիքային խմբերի ճշգրտումը:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Ռազմական


10/10/2012