Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ԶԻՆՎՈՐ ՈՐԴԻՆ



Ծնողների հպարտությունը, կյանքի իմաստը իրենց զավակներն են։ Երջանիկ են այն ծնողները, ովքեր արժանավոր զավակներ են մեծացնում։ Տարոնիկցի Հովսեփյանների ընտանիքն այս առումով իրավամբ հպարտանալու տեղ ունի. զավակները մեծի հարգն իմացող են, մեծի հոգսը կիսող, ուսումնատենչ, աշխատասեր, պարզ ու շիտակ։ Խորհուրդներ ու քարոզներ այս հարկի տակ չեն հնչում, պարզապես փոքրերը դաստիարակվում են մեծերի օրինակով։

-Հայրս հայի ավանդական ու ավանդապաշտ կերպար էր. զուսպ, մի քիչ էլ խիստ, խոսքը՝ հատու։ Գովերգող կամ խրախուսող բառեր չէր ասում,- պատմում է «Լեռնային Հայաստան» առողջարանի պետի տեղակալ մայոր Սամվել Հովսեփյանը,- դպրոցն էլ, համալսարանն էլ գերազանց ավարտեցի, բայց մի բառ չասաց։ Միայն մի անգամ, երբ ոսկե մեդալ էի ստացել, լոկ թեթեւակի ուսիս թփթփացրեց ու վերջ… Հայրս չէր սիրում իր զգացմունքները, զգացողությունները ցուցադրել, տղամարդը նրա պատկերացմամբ պիտի անհաս բարձունքի նման լիներ, ժայռի պես պինդ։ Ես երեք զավակ ունեմ՝ աղջիկ եւ երկու տղա։ Ավագ որդիս՝ Հովսեփը, հորս անվանակիցն է ու զարմանալիորեն նման է նրան՝ եւ՛ տեսքով, եւ՛ մտածողությամբ ու գործելակերպով։ Չափազանց լուրջ է, խոհեմ, զուսպ։ Չորս տարեկանից արդեն կարդում էր, ամեն ինչ արագ ընկալում, դպրոցում էլ գերազանց էր սովորում, տարբեր մարզաձեւերով զբաղվում։ Դպրոցից հետո ընդունվեց գյուղակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետը, այսօր ծառայում է մեր ազգային բանակում, սերժանտ է։

♦♦♦

Սերժանտ Հովսեփ Սամվելի Հովսեփյանը N զորամասի օրինակելի եւ կարգապահ ծառայողներից է։ Նվիրված ծառայությունը չի անտեսվել՝ «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր մարզիկ» կրծքանշաններով է պարգեւատրվել։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պատվոգրի է արժանացել լավ ծառայության համար։ Զրուցում եմ սերժանտ Հովսեփ Հովսեփյանի հետ։

-Դժվա՞ր է բանակում,- հարցնում եմ ու ինքս փոշմանում տվածս հարցից. 1,92 սմ հասակ ունեցող, գյուղի կոփված, մարզված տղայի համար դժվարությունը ո՞րն է։

-Բանակում դժվարը միայն կարոտն է,- ասում է Հովսեփը,- մնացած ամեն ինչ կարգին է։ Յուրաքանչյուր հայ երիտասարդի պարտականությունն է պատվով ծառայելը՝ հանուն հայրենի հող ու ջրի, հանուն պատվի եւ արժանապատվության։

-Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է տալիս բանակը երիտասարդին։

-Կյանքին ավելի սթափ եւ ճիշտ նայելու, ավելի կշռադատված գործելու հնարավորություն։ Բանակը բեկումնային ազդեցություն է ունենում երիտասարդի վրա, կոփվում ես եւ՛ ֆիզիկապես, եւ՛ հոգեպես, ինքդ քեզ ավելի լավ ես ճանաչում, ավելի ինքնուրույն դառնում։

-Իսկ ի՞նչ կմաղթես ծառայության մեկնող նորակոչիկին։

-Թող յուրաքանչյուր զինվոր իր ծառայության ժամանակը զուր չվատնի, լավ յուրացնի բանակի տված դասերը ու ամեն քայլ կատարելիս մտածի իր արածի մասին եւ միշտ հիշի, որ իրեն սպասում են թանկ ու հարազատ մարդիկ։

-Հաշված օրեր են մնացել ծառայությանդ ավարտին, կվերադառնաս ու…

-…Ու կկարոտեմ զինվոր ընկերներիս, բանակային առօրյաս։ Որոշել եմ զինվորական դառնալ,- ասում է Հովսեփը վստահ եւ հպարտ…

♦♦♦

Երբ մայոր Սամվել Հովսեփյանին հայտնեցի որդու զինվորական դառնալու մտադրության մասին, նախ մի փոքր անակնկալի եկավ, ապա ասաց.

-Հայրենիքի պաշտպանի գործը սուրբ է եւ պատվաբեր: Ողջունում եւ հարգում եմ որդուս որոշումը։ Հովսեփը միշտ էլ ոգեւորվածությամբ է խոսում զինվորական կյանքից։ Փոքր եղբայրն էլ, նկատել եմ, միշտ կլանված լսում է, չեմ զարմանա, եթե մի օր նա էլ նման որոշում կայացնի։ (Ինքը՝ մայոր Սամվել Հովսեփյանը, երեք մասնագիտություն ունի՝ իրավաբանի, ծրագրավորողի եւ զինվորականի։ Ամենահարազատը, ամենասրտամոտը նրա համար զինվորականի գործն է-Ա. Ա.)։ -Թող բոլոր զինվորականներն էլ խաղաղ պայմաններում ծառայեն, վառոդի հոտը միայն զորավարժության ժամանակ զգան։ Ու թող բոլորն էլ լինեն խաղաղ օրերի տերն ու պաշտպանը,- բարեմաղթում է մայոր Սամվել Հովսեփյանը։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Ազգային բանակ


10/10/2012