ՍՐԲԱՏԵՂԻ ՏԱՃԱՐԻ ԲԱՑՈՒՄԸ
Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում տեղի ունեցավ «Եզդիների Սրբատեղի» նորակառույց տաճարի հանդիսավոր բացման արարողությունը։ Հանդիսությունը բազմամարդ էր։ Ներկա էին ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր վայրերում բնակություն հաստատած եզդի ժողովրդի ներկայացուցիչներ։ Եկել էին ՌԴ բնակավայրերից, նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից, ինչպես նաև հարևան Իրանից, Իրաքից, Թուրքիայից և այլ վայրերից։ Հանդիսությանը մասնակցում էին հոգևորականներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, ՀՀ պաշտպանության, սփյուռքի, մշակույթի նախարարություններից, Ազգային ժողովի պատգամավորներ։ Հյուրերի թվում էր համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թասիմ Բեկը, որը ժամանել էր տասնհինգ հոգևորականների հետ։ Հանդիսավոր պայմաններում նրանք օրհնեցին-օծեցին նորակառույց տաճարը, ապա ելույթ ունենալով՝ Միր Թասիմ Բեկը բարեմաղթանքի, օրհնանքի խոսքեր ասաց տաճարի հովանավոր Միրզա Սլոյանի հասցեին։ Խոսեց ինչպես եզդի, այնպես էլ հայ ժողովրդի բարեկամության, եղբայրության մասին։
-Շնորհավորում եմ, տաճարը օծյալ է ամենայն մարդու համար, բոլոր նրանց, ում համար հոգևորը բարձրագույն արժեք է,- ասաց համայն աշխարհի հոգևոր առաջնորդը։ -Բարեմաղթանքի և հարգանքի է արժանի եզդի ժողովրդի զավակ Միրզա Սլոյանը, ում հովանավորությամբ կառուցվել է սրբավայրը։
Այնուհետև ելույթ ունեցավ Հայաստանում եզդիների հոգևոր առաջնորդ, հարգարժան Հասան Հասանյանը.
-Սրբատեղին կառուցվել է Միրզա Չոլոյի Սլոյանի կողմից, որը բնակվում է Մոսկվայում և զբաղվում է գործարարությամբ։ Մեր հիմնական սրբատեղին գտնվում է Իրաքի հյուսիսային մասում և կոչվում է Սուրբ Լալիշ։ Նախկին ԽՍՀՄ-ում սա եզդի ժողովրդի առաջին սրբատեղին է։ Հեռու էր մեր սրբատեղին։ Այսօր բոլոր եզդիները կարող են գալ և պաշտել Սուրբ Լալիշին։ Սրբատեղին կառուցվել է բարերարի ծնողների և եղբայրների գերեզմանների հարևանությամբ։ Միրզայի ծնողները, եղբայրները հարգված, պատվով մարդիկ են։ Միրզան իր բարեգործությամբ արդեն հայտնի է։ Պատերազմական մութ ու ցուրտ օրերին նա շտապօգնության մեքենա նվիրեց Էջմիածնի քաղաքային հիվանդանոցին։ Վերջերս հովանավորեց հունահռոմեական մրցումների անցկացումը Հայաստանում։ Ցանկանում ենք, որ Միրզայի նման մարդիկ շատ լինեն հայ և եզդի ժողովուրդների մեջ։ Նա դեռ շատ նպատակներ ունի։ Նպատակ ունի կառուցել հայ և եզդի ժողովուրդների բարեկամության հուշարձան։ Խորին շնորհակալություն ենք հայտնում նրան և ցանկանում ամենայն բարիք, երջանկություն, առողջություն։
Բոլոր ելույթ ունեցողները շնորհակալական, երախտիքի խոսք ուղղելով բարերարի հասցեին՝ միևնույն ժամանակ խոսում էին հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին։ Խոսում էին Անդրանիկ փաշայի ու Ջահանգիր աղայի մտերմության մասին, Սարդարապատի, Բաշ-Ապարանի ճակատամարտերի մասին, որտեղ իրենց մասնակցությունն են ունեցել նաև եզդի կամավորականները։ Խոսվեց նաև դարավերջի Արցախյան ազատամարտի մասին, որին զինվորագրվեցին նաև եզդի ժողովրդի ներկայացուցիչներ։ 43 զոհ և երեք անհայտ կորած… Եվ պատահական չէր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Արցախյան պատերազմի հերոս Սիաբանդ Սադոյանին տրված պարգևը` «Մարտական ծառայության համար» մեդալը, հանձնվեց այդ օրը։
-Եզդիները կռվել են մեզ հետ կողք կողքի։ Մենք միասին պայքարել ենք մեր դարավոր թշնամու դեմ և հաղթել։ Փառք ու պատիվ եզդի ժողովրդի այն զավակներին, ովքեր դուրս եկան հանուն Արցախի, հանուն Ազատության,- ասաց Էջմիածնի ԵԿՄ նախագահ Նվեր Հովհաննիսյանը։
«Եզդիների Սրբատեղի» տաճարից քիչ այն կողմ, կողք կողքի հուղարկավորված են երկու ազատամարտիկներ՝ եզդի Հասան Օսեյանը և հայ Սիմոն Թաթոսյանը։ Նրանք միասին հերոսացել են Ֆիզուլիում, ոչնչացրել են թշնամու տանկերը, սակայն ընկել են հերոսի մահով։
-Հասանը Արշալույս գյուղից էր, Սիմոնը՝ Ակնալիճ,- մեկը մյուսին լրացնելով պատմում են Նաչո Տալոյանը, Քյարամ Մստոյանը, Ասադ Շամոյանը և Համզե Շամոյանը,- հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրը թաղման թափորի առջեւից գալիս էր Արշալույսից, մեր հոգևորականն էլ՝ մեր գյուղի կողմից, նրանք հանդիպեցին և հերոսներին որոշեցին հողին հանձնել կողք կողքի, դպրոցի մոտ…
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբատեղի» տաճարի բացումը միևնույն ժամանակ հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության հաստատումն էր.
-Հարգելի ժողովուրդ, բարեկամներ, հյուրեր, ճակատագրի բերումով այս հողի վրա հայն ու եզդին ապրել են դարերով, ապրել են իրենց քրտինքով, իրենց արդար վաստակով։ Ուրախացել են մեկմեկու ուրախությամբ, տխրությամբ տխրել։ Միշտ սատար են կանգնել մեկմեկու։ Հարգանք և պատիվ բարեգործ, գործարար. այս Տաճարի հովանավոր Միրզա Սլոյանին, որն իր կատարած գործով էլ ավելի ամրացրեց մեր երկու ժողովուրդների բարեկամությունը, սերը դեպի այս հողը, դեպի իր ժողովուրդը,- ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Բանակ և հասարակություն