Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ



Հարգելի «Հայ զինվոր»

Վերջերս Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի հուշահամալիրում նշվեց Վահանի սահմանահատվածի պաշտպանության ժամանակ զոհված քաջորդիների Հիշատակի 20-րդ տարելիցը։

Արծվաշենի տեղահանության օրերին նահատակվեցին նաև Հայաստանի տարբեր շրջաններից եկած մեր սահմանը պաշտպանող քաջորդիները։ Փառապանծ այդ տղաներից 12-ը Վանաձորի մոտոհրաձգային-դեսանտային գնդի տղաներն էին, որոնք իրենց կյանքով ապահովեցին խաղաղ բնակչության դուրսբերումը (1992թ. օգոստոսի 4-ից 8-ը) կրակի գոտուց (գնդի հրամ.՝ գնդապետ Ալեքսանդր Թազագուլյան)։

Նրանցից շուրջ 2 ամիս լուր չկար։ Ռուս դիտորդների օգնությամբ կայացած դիափոխանակության միջոցով հայրենիք հասած աճյունները հոկտեմբերի 6-ին ամփոփվեցին մայր հողում՝ Եռաբլուրում, հայոց նորօրյա ազատամարտի պանթեոնում, որտեղ վեր է խոյանում Արծվաշենի հերոս պաշտպանների հիշատակը հավերժացնող «Սխրանք» հուշակոթողը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսը հուշակոթողի բացման ժամանակ ասաց. «Այս հուշակոթողը ես պիտի կոչեմ մշտաբարբառ հուշարար, քանզի անցյալը չէ, որ պիտի հիշենք, մեր քաջ տղոց զոհողությունը չէ միայն, որ պիտի հիշենք։ Այս հուշարձանը մեզ պետք է հիշեցնե մեր պարտքը դեպի մեր ներկան, դեպի ապագան… Նրանք ուսուցիչ են իրենց մահից հետո, որովհետև աշակերտը եղան հերոսական մեր մյուս նահատակների…»։

Ես, որպես վահանցի, պարտքի խորին զգացումով և սրտիս ու հոգուս խոնարհումով երախտիքի խոսքեր եմ հղում իմ գյուղի մարդկանց անունից բոլոր զոհված և ապրող տղաներին, որոնք այդ օրհասի ժամանակ պաշտպանելու էին եկել մեզ։ Հավերժ հիշատակ բոլոր զոհվածներին։

Երախտիքի խոսքեր նրանց ծնողներին, հարազատներին։

Տարիներ են անցել, բայց մենք չենք մոռացել, հիշում ենք ու ակնածում, հիշում ենք ու խնկարկում նրանց լուսե հիշատակի առաջ։

Հիշում ենք ու հիշատակում՝

Հովհաննիսյան Հրայր (1973-92, ք. Երևան), Խեչոյան Յապոն (62-92, Նաիրի շրջ.), Խառատյան Արմեն (68-92, ք. Վանաձոր), Կիրակոսյան Յուրիկ (47-92, Արագած), Հայրապետյան Արայիկ (72-92, ք. Սևան), Ալոյան Գագիկ (72-92, Ջրաշեն), Դավթյան Ռոստամ (58-92, Երևան), Սարգսյան Ժորա (50-92, Երևան), Խաչատրյան Ռաֆայել (44-92, Աշտարակ), Չոբանյան Պավել (66-92, Աբովյան), Մովսեսյան Արամ (72-92, Էջմիածին), Խաչատրյան Անդրանիկ (72-92, Երևան), Հակոբյան Գոռ (65-92, Վարդենիս), Եդիգարյան Արթուր (72-94, Երևան), Շահբազյան Համլետ (73-94, Երևան), Ոսկանյան Դավիթ (73-94, Երևան), Ավագյան Աշոտ (72-94, Երևան), Գյուրջյան Մնացական (73-94, Երևան), Կիրկորյան Գրիգոր (76-91, ք. Երևան), Ասրյան Արմեն (75-95, Եղեգնաձոր), Զարգարյան Վիգեն (75-95, Չարենցավան), Ուսուբյան Ալի (76-95), Սարգսյան Կարեն (75-95, Երևան),…

Փա՜ռք ձեզ հավերժական։

Բոլորիդ քույր՝ ԱԶԻԶ ԹՈՐՈՍՅԱՆ
ք. Վահան

Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Բանակ և հասարակություն


10/10/2012