Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

8-Ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ՝ ՏԱՆԿԻՍՏԻ ՕՐ



Մեկ ամիս առաջ, երբ զրուցում էինք զորամիավորման հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ, նա վստահաբար նշեց, որ զորամասերն առանձնանում են իրենց մարտունակությամբ և գնահատման ցանկացած եղանակով կարող են արժանանալ ամենաբարձր գնահատականին։ ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունը հաստատեց զորամիավորման հրամանատարի լավատեսությունը։ ԱԱՀՈՒ հայկական հատուկ նշանակության բրիգադի բոլոր ստորաբաժանումներն էլ առաջադրանքները կատարեցին առանց թերությունների։ Այդպիսի բարձր արդյունք ակնկալվում էր հատկապես տանկային գումարտակից, որը վերջին երկու տարիների ընթացքում, նախկին հրամանատար, գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ, ազգային բանակում առաջինն էր ճանաչվել, իսկ տանկիստների համաբանակային մրցույթում ներկայացրած անձնակազմերը երեք անգամ անընդմեջ «Լավագույն տանկային անձնակազմ» կոչմանն էին արժանացել։ Զորավարժությունից մեկ շաբաթ անց, երբ այցելեցինք գումարտակ, պարզվեց, որ ներկայիս հրամանատար, փոխգնդապետ Արմեն Գյոզալյանը տանկային երկու անձնակազմերի հետ մեկնել է մասնակցելու տարվա «Լավագույն տանկային անձնակազմ» համաբանակային մրցույթին։

-Ուսումնական պարապմունքներն այնպես ենք կազմակերպում, որ անգամ զորացրման ու նոր համալրման գործընթացը որևէ ազդեցություն չի ունենում վաշտերի մարտունակության վրա,- զրույցի ընթացքում ասաց շտաբի պետ մայոր Արմեն Բալասյանը։ -Առաջին ուսումնական փուլի ավարտական քննություններն ընդունեց զորամիավորման հանձնաժողովը։ Ստուգվեցին ինչպես մեքենավարումը, այնպես էլ կրակային պատրաստությունը։ Արդյունքները գոհացուցիչ էին, և արժանացանք «լավ» գնահատականի։

Երկրորդ՝ ամառային-աշնանային ուսումնական փուլի մեկնարկային եռօրյա մարտավարաշարային պարապմունքների ընթացքին հետևում և գործնական օգնություն էր ցույց տալիս ԶՈՒ ԳՇ հանձնաժողովը՝ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի ղեկավարությամբ։ Պարապմունքներից անմիջապես հետո դուրս եկանք ճամբարային հավաքի, որին հաջորդեց նախապատրաստությունը «Փոխգործակցություն-2012» զորավարժությանը։ Նախապատրաստվում էին կապիտան Վալենտին Բուռնուսուզյանի և ավագ լեյտենանտ Էդգար Ավալյանի վաշտերը, սակայն զորավարժության մեջ ներգրավվեց Էդգար Ավալյանի վաշտը, որի ցույց տված արդյունքը ԱԱՀՈՒ հրամանատարությունը և բոլոր մասնագետները գնահատեցին «գերազանց»։ Մեր տանկիստները լիովին «ծածկեցին» նշանակետը, այսինքն՝ այն տարածքը, որը կողմնորոշիչներով հատկացված էր վաշտին՝ որպես նշանակետ։ Զորավարժության դերը, որպես մարտունակության բարձրացման ուսումնական գործընթաց, անհնար է գերագնահատել։ Յուրաքանչյուր անձնակազմ միայն եզրափակիչ փուլում կատարեց տասը կրակոց, այսինքն՝ նախապատրաստական փուլի և գլխավոր փորձի կրակոցներն էլ հաշված՝ 23-25 կրակոց։

Շտաբի պետն անդրադարձավ նաև հրամանատարական կազմի հմտությունների կատարելագործման, զորավարժությանը մասնակցող ԱԱՀՈՒ մյուս ստորաբաժանումների հետ համագործակցության, ստորաբաժանումների սահուն, բարձր մակարդակով ներդաշնակման խնդիրներին։

Հրամանատար փոխգնդապետ Արմեն Գյոզալյանից, մայոր Արմեն Բալասյանից բացի, կրակի կառավարման և ընդհանրապես, տանկային ստորաբաժանման ղեկավարման գործում ակտիվությամբ և գործողությունների հմտությամբ աչքի են ընկել մայոր Արմեն Մաթևոսյանը, կապիտան Վալենտին Բուռնուսուզյանը, ավագ լեյտենանտ Էդգար Ավալյանը, լեյտենանտ Էդգար Կարապետյանը։ Տեխնիկական ապահովման ուղղությամբ այստեղ բոլորն ընդգծում էին ավագ լեյտենանտ Ալբերտ Գասպարյանի կատարած աշխատանքը։

Զորավարժության խնդիրները հաջողությամբ կատարելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փոխգնդապետ Արմեն Գյոզալյանին պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով, իսկ լեյտենանտ Է. Կարապետյանը Տաջիկստանի պաշտպանության նախարարի անունից արժանացել է գերատեսչական մեդալի։

♦♦♦

Բավական ժամանակ է ճանաչում ու միշտ հիանում եմ ավագ լեյտենանտ Էդգար Ավալյանով։ Նա, իրոք, շատ երիտասարդ ու հեռանկարային սպա է։ Իրավաբանի կրթությամբ Էդգարը, ծառայության անցնելով ազգային բանակում, կարճ ժամանակում դարձել է առաջնակարգ տանկիստ, օրինակելի սպա ու հրամանատար։ Նա և իր ստորաբաժանումը միշտ և ամենուր առաջինն են։ 2010 և 2011թթ., մասնակցելով ՀՊՊ խմբերի ղեկավարների համաբանակային մրցույթներին, նա գրավել է առաջին տեղը, իսկ օրեր առաջ՝ սեպտեմբերի 24-ին, նույն մրցույթում գրավեց երկրորդ տեղը։

-Զորավարժության եզրափակիչ փուլում մասնակից տանկային անձնակազմերից յուրաքանչյուրը կատարեց տասը կրակոց, բոլորն էլ՝ նշանակետին, ոչ մի շեղում չի եղել։ Հրամանատար Ա. Գյոզալյանը կրակը շատ լավ էր ղեկավարում։ Բոլոր տանկերը Տ-72 տիպի էին, և հրաձգությունը կատարում էինք ինչպես ընթացքից, այնպես էլ կանգնած տեղից։ Ճամբարային հավաքի և զորավարժության ընթացքում անձնակազմը կատարեց նաև ինժեներական ծավալուն աշխատանքներ և այդ գործում էլ մեծ փորձ ձեռք բերեց, որովհետև աշխատանքներն էականորեն տարբերվում էին մինչ այդ կատարված նմանատիպ աշխատանքներից։ Այս անգամ ամեն ինչ արվում էր միլիմետրի ճշգրտությամբ։ Ընդհանրապես, ամեն ինչ շատ էր մոտեցված պատերազմական իրավիճակին, և մենք անգնահատելի փորձ ձեռք բերեցինք։ Կարծում եմ, շատ օգտակար էր նաև շփումը, աշխատանքը ոչ միայն գործընկերների, այլ նաև վերադաս հրամանատարության հետ։ Զինվորները, որոնք տղամարդավարի տարան շոգը, ծանրաբեռնվածությունը, ամեն ինչ անում էին մեծ ոգևորությամբ։ Նրանք արժանապատվորեն ներկայացրին մեր երկրի զինված ուժերը։ Բոլորը տեսան և համոզվեցին, որ մեր բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում և միաժամանակ էլ վստահելի գործընկեր է,- ասաց ավագ լեյտենանտը։ -Զորավարժության ընթացքում ճամբարային հավաքում ամենաբարձր կարգապահությամբ առանձնանում էին մեր տանկիստները, ինչի մասին զեկուցվել էր անձամբ զորավարժության ղեկավարին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Մեր տղաները ակտիվորեն էին մասնակցում նաև այդ օրերին անցկացվող սպորտմասսայական միջոցառումներին։ Լավ ներկայացուցիչներ ունեինք ֆուտբոլի և պարանի ձգման թիմերում։

Ասենք նաև, որ ավագ լեյտենանտ Է. Ավալյանը ճամբարային հավաքի էր մեկնել որպես դասակի հրամանատար, իսկ զորավարժությանը մասնակցեց արդեն որպես վաշտի հրամանատար։

♦♦♦

Զորավարժությունից վերադարձած տանկիստների առօրյան հագեցած է։ Նրանք կամաց-կամաց վերադառնում են ուսումնական գործընթացին ու միաժամանակ մաքրում, ստուգում, կարգի են բերում 52 օր դաշտային պայմաններում աշխատած տեխնիկան։

Շվաքարանում մեխանիկ-վարորդներ շարքայիններ Գոռ Խաչատրյանը, Վարդան Գրիգորյանը, Սեյրան Ղալումյանը, Արարատ Անտոնյանը աշխատում էին տանկերի վրա, մաքրում, ստուգում-ամրացնում էին հանգույցները։ Բոլորն էլ մասնակցել էին զորավարժության եզրափակիչ փուլին։

-Զորավարժարանում քանի՞ կիլոմետր վարում կատարած կլինեք,- հարցրի նրանց։

-Շա՜տ, ավելի քան 150 կմ,- պատասխանեց Սեյրանը։

Հետո նա ամոթխած նշեց, որ զորավարժությանը մասնակցելու համար հրամանատարությունն իր ծնողներին շնորհակալական նամակ է ուղարկել։

Զրուցեցինք նաև վաշտի նշանառու-օպերատոր, կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանի, շարքայիններ Արտուշ Կոստանյանի և Հակոբ Ավդալյանի հետ։

Նարեկը ավագ նշանառու է, կրտսեր սերժանտի կոչումն ստացել է զորավարժությունից անմիջապես հետո։ Նա այս աշնանը զորացրվելու է։

-Մեր անձնակազմի հրամանատարը ավագ սերժանտ Գոռ Սարգսյանն է, մեխանիկ-վարորդը՝ Սուրեն Կարապետյանը, կատարեցինք տասը դիպուկ կրակոց,- ասաց Նարեկը։

-Ես դեռևս մեկ տարի ունեմ ծառայելու, հրամանատարս կրտսեր սերժանտ Սարգիս Պապիկյանն է։ Նա պարգևատրվեց շնորհակալագրով, իսկ ես և մեխանիկ-վարորդ Գոռ Գևորգյանը՝ պատվոգրերով,- ընկերոջ խոսքը շարունակեց շարքային Ա. Կոստանյանը։

Հակոբ Ավդալյանի ծնողներին նույնպես շնորհակալական նամակ է ուղարկվել։ Նա էլ առջևում դեռ ծառայության մեկ տարի ունի, և նրա համար էլ սա առաջին և ամենամեծ զորավարժությունն էր։ Կարևորելով նաև գործընկերների աշխատանքը, նա ասաց.

-Անձնակազմի հրամանատար, կրտսեր սերժանտ Աշոտ Սարգսյանն է, մեխանիկ-վարորդը՝ Ալյոշա Թովմասյանը։ Նրանք այժմ վերակարգում են։ Մենք նույնպես տասը դիպուկ կրակոց կատարեցինք։

♦♦♦

Լեյտենանտ Գոռ Միրզոյանը և շարքային Հարություն Թելունցը տանկն էին լվանում։ Այստեղ էին նաև տանկի հրամանատարներ կրտսեր սերժանտներ Վարդան Այվազյանը, Դավիթ Հունանյանը, նշանառու օպերատորներ, շարքայիններ Տարոն Մկրտչյանը, Էդվարդ Փանոսյանը, մեխանիկ-վարորդներ, շարքայիններ Արա Խլոյանը, Ժիրայր Հարությունյանը և Արսեն Մինասյանը։ Վերջինս նույնպես ծանոթ է մեզ, նրան հանդիպել ենք նախորդ այցի ժամանակ։ Արսենը ֆուտբոլիստ է, մինչ բանակ զորակոչվելը խաղացել է «Շիրակի» հիմնական կազմում։ Զորավարժության ժամանակ նա ընդգրկվել է ֆուտբոլի հայկական թիմում, ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ ու խրախուսվել պատվոգրով։ Այս տանկիստները զորավարժության եզրափակիչ փուլին չեն մասնակցել, սակայն մասնակցել են նախապատրաստան աշխատանքներին, որոնց ընթացքում յուրաքանչյուր անձնակազմ կատարել է 10-13 կրակոց։

♦♦♦

Մյուս տանկիստների հետ նույնպես հանդիպեցինք։ Նրանք «Փոխգործակցություն-2012»-ին չեն մասնակցել, սակայն հպարտանում են Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար։

Ավագ մեխանիկ-վարորդ, կրտսեր սերժանտ Արսեն Համբարձումյանը և մեխանիկ-վարորդ, շարքային Արտյոմ Մանուկյանն այնքան հմտորեն էին տանկի անվաթրթուրների ամրությունն ու առանձին սարքավորումների աշխատանքը ստուգում, որ թվում էր՝ ոչ թե ժամկետային զինվորներ, այլ վերանորոգման արտադրամասի փորձառու վարպետներ են։ Նրանց կողքին իրենց տանկի սպասարկմամբ էին զբաղված Ռաֆիկ և Սևադա Ասատրյան զույգ եղբայրները։ Սևադան կրծքին «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշան ուներ։

-Սյունիքի մարզի Քարաշեն գյուղից ենք, շուտով կդառնանք քսան տարեկան, իսկ նոյեմբերի վերջին կզորացրվենք,- ասաց Ռաֆիկը։

Զրույցի ընթացքում պարզվեց, որ չորս եղբայր են, քույր չունեն։ Մեծերը՝ Վահագնը և Վախթանգը, հայրենիքի հանդեպ իրենց զինվորական պարտքը կատարել են և այժմ սովորում են Գորիսի պետական համալսարանում։ Սևադան շարունակեց եղբոր խոսքը.

-Մենք էլ ենք որոշել բանակից հետո սովորել, մասնագիտություն ձեռք բերել։ Անցած տարի մասնակցել ենք զորահանդեսին, ոչինչ, որ այս զորավարժությանը մեր վաշտը չմասնակցեց, մասնակիցներին չենք նախանձում, թեև նրանցից պակաս տանկիստներ չենք ու մասնակցության դեպքում նրանց պես բարձր արդյունքներ կունենայինք։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/10/2012