Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ



ԹՈՒՐՔԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ԱՏՐՊԱՏԱԿԱՆ (ԱԴՐԲԵՋԱՆ)

Թուրքերի պատմության սկիզբը գիտության մեջ թվագրվում է սկսած VI դարի կեսերից։ 552-554թթ. թուրքերը կատաղի մարտեր մղելով չինացիների և տարածաշրջանի այլ ժողովուրդների դեմ, կարողացան նվաճել հյուսիսային Չինաստանը։ Այնուհետև՝ 567-571թթ. ընթացքում նրանք նվաճեցին Կասպից ծովի հյուսիսային ափը, իսկ 558թ., պարտության մատնելով հյուսիսային Կովկասի տեղաբնակ ավարներին, հայտնվեցին Վոլգայի ավազանում։ Նույն թվականին ավարները սասանյան տիրակալ Խոսրով Անուշիրվանի հետ դաշնակցային պայմանագիր կնքեցին։ Այս հանգամանքը թուրքերին անհանգստացրեց և ստիպեց, որ հաշտություն կնքեն Իրանի հետ։

562թ. օգտվելով Խոսրով Անուշիրվանի` Էֆտելիտների դեմ պատերազմից, թուրքերը հյուսիսից մոտեցան Դերբենդ ամրոցին և պաշարեցին այն, բայց ապարդյուն։

583թ. բյուզանդացիները դուրս շպրտեցին թուրքերին Բոսֆորի նեղուցից, իսկ 584թ. թուրքական ցեղերի մեջ պառակտում սկսվեց։ Խոսրով Անուշիրվանի մահից հետո գահ բարձրացած Խորմիզդատ IV-ի օրոք թուրքերը նորից փորձեցին նվաճել Իրանի տարածքը, բայց այս անգամ էլ պարտություն կրեցին։

Շուտով վերականգնելով ուժերը՝ թուրքերը VII դ. ներխուժեցին Եվրոպայի հարավարևելյան հարթավայրերը, իսկ 626թ. խազարների և բյուզանդացիների հետ դաշնակցած` նորից հարձակվեցին Իրանի վրա։ Երկարատև և արյունահեղ կռիվները նույնպես արդյունք չտվեցին։

Խոսելով թուրքերի էթնիկական (ազգագրական) նկարագրի մասին՝ պետք է նշել, որ նրանք միատարր էթնիկական զանգված չեն, չունեն միասնական բնութագիր, ընդհանուրը միայն լեզվական հատկանիշներ են։ Նշված զանգվածից Իրանի, Փոքր Ասիայի և Կովկասի տարածք թափանցած խմբերը պատկանում էին օղուզական ցեղերին, որոնց թվին էին պատկանում ույգուրները, ղփչաղները և այլ ցեղախմբեր։

10-րդ դարից սկսած՝ օղուզները առանց դիմադրության սկսեցին տարածվել Միրդարիայի տարածաշրջանում։

Սասանյանների դարաշրջանի վերջում նույն թուրք-օղուզները սկսեցին թափանցել Արևմտյան Իրան՝ Խորասանի տարածք։ Առաջին ալիքը՝ թվով 50000 մարդ, ներթափանցեց Սարախսե, Աբիվարդ շրջանները և դարձավ նստակյաց։ Այս խմբից շուրջ 16000 հոգի 1033թ. անջատվեց և ուղղություն վերցրեց դեպի Ատրպատական (Ադրբեջան), որի տիրակալն այդ ժամանակ պարսիկ Վախսուդանն էր։

Թուրքերի երկրորդ միգրացիան սկսվեց մոտավորապես 1050թ.։ Վախսուդանն այս խումբը նույնպես ընդունեց, բայց իզուր, քանի որ նորեկները, համաձայն իրենց բնավորության, առաջին հոսքի թուրք-օղուզների հետ միասին սկսեցին Ատրպատականի (Ադրբեջանի) և Հայաստանի բնակչությանը կողոպտել ու կոտորել։

Երրորդ միգրացիան արդեն ուղղված էր դեպի Հայաստան և Փոքր Ասիա։

Մի քանի տարի անց, մոտավորապես 1056թ., օղուզները չորրորդ անգամ ներխուժեցին Ատրպատական և շարունակեցին արդեն սովորույթ դարձած իրենց չարագործությունները։

Այսպիսով՝ գիտնականների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ թուրքերը Ատրպատական-Ադրբեջան և Անդրկովկաս ներթափանցել են 11-րդ դարից ոչ ուշ։

Թուրքերը բնակություն էին հաստատում գյուղական վայրերում՝ ջրամբարների և արոտավայրերի մոտ, քանի որ տեղաբնակների խտությունը այս շրջաններում այնքան էլ մեծ չէր, և կարճ ժամանակում ստիպեցին տեղի ազգաբնակչությանը թրքանալ։ Բացառություն էին կազմում միայն լեռնային գոտում ապրողները, որոնք տեղանքի մեկուսացվածության պատճառով ավելի ուշ թրքացվեցին։

13-րդ դարում Ատրպատականը (Ադրբեջանը) գտնվում էր մոնղոլական տիրապետության տակ, իշխում էին Ակ-Կոյունլու ու Կարա-Կոյունլու ցեղերը, որոնք նույնպես պատկանում էին թուրքմեն՝ օղուզական խմբին։

ԱՐԱՆԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ

Ռուս-պարսկական պատերազմից հետո, հայտնի Թուրքմենչայի պայմանագրի համաձայն, Ռուսաստանի և Իրանի սահմանը դարձավ Արաքս գետը։ Կովկասն ամբողջությամբ անցավ Ռուսական կայսրության տիրապետության ներքո։

Պատերազմի արդյունքից դժգոհ Անդրկովկասի թուրքալեզու բնակչությունը մերձեցման ճանապարհներ էր փնտրում Օսմանյան կայսրության հետ։

XIX դ. վերջին- XX դ. սկզբին Օսմանյան կայսրությունում ձևավորվում է երկու հասարակական-քաղաքական հոսանք։ Առաջինը կապված էր «իսլամական միսանության» գաղափարի, իսկ երկրորդը` «թուրքական միասնության» գաղափարի հետ։ Վերջինիս կարկառուն ներկայացուցիչներից էին «երիտթուրքերը»։ Նրանք պահանջում էին միավորել աշխարհի բոլոր թուրքալեզու ազգություններին ու ցեղերին մեկ ընդհանրության մեջ։ Այդ գաղափարներով տոգորված` նրանք 1907թ. ստեղծեցին Երիտթուրքական կուսակցությունը։

1911թ. Բաքվում ստեղծվեց Մահմեդական դեմոկրատական կուսակցություն՝ «Մուսավաթը», որի գաղափարական հիմքն ուներ երկու սկիզբ՝ կրոնական և քաղաքական։ Կուսակցությունն իր առջև ծրագրային խնդիրներ էր դրել՝ Թուրքիայի հովանու ներքո միավորել բոլոր մահմեդականներին։

1917թ. տեղի ունեցավ մուսավաթականների և «Թուրքական ֆեդերալների» կուսակցության համատեղ համագումարը, որի ընթացքում նշված կուսակցությունները միավորվեցին` ընտրելով նոր անվանում՝ «Մուսավաթ-ֆեդերալների թուրքական դեմոկրատական կուսակցություն»։ Կուսակցության հիմնական խնդիրն էր պայքարել Անդրկովկասի թուրքալեզու բնակչության անկախության համար։

Հոկտեմբերյան հեղափոխությունից և Անդրկովկասից Ռուսաստանի հեռանալուց հետո թուրքերը սկսեցին Կովկասում ընդլայնել իրենց ազդեցության ոլորտը։ 1918թ. մայիսի 27-ին Թբիլիսիում մուսավաթականները հայտարարեցին, որ ստեղծվում է «Ադրբեջանի անկախ հանրապետություն»։

Արանի և Շիրվանի անվանափոխումը «Ադրբեջանի», ըստ երևույթին, անմիջականորեն կապված էր թուրքերի յուրահատուկ քաղաքականության հետ։ Բանն այն է, որ Թուրքիայի ուժային հավակնությունը Իրանի Ատրպատական նահանգի նկատմամբ ոչ մի արդյունք չտվեց։ Այդ պատճառով թուրքերը նախընտրեցին գործել այլ կերպ՝ սկզբում միավորել անդրկովկասյան թուրքալեզու հանրապետությունը՝ Ադրբեջան անվան տակ, իսկ հետո միաձուլել մեկ քաղաքական ընդհանրության մեջ Ատրպատականի մյուս մասը։ Հետագայում, երբ Անդրկովկասում հաստատվեցին խորհրդային կարգեր (ելնելով քաղաքական շահից), նոր իշխանությունները պահպանեցին Ադրբեջան անվանումը։

1956 թվականին բնակչությունը Ադրբեջանական ԽՍՀՄ-ում կազմում էր 2 մլն 481 հազար, իսկ այսօր, վիճակագրական տվյալների համաձայն, եռապատկվել է։ Հարց է առաջանում` ո՞ր ազգերի հաշվին և ինչպե՞ս։

ԼԵԶԳԻՆԵՐ

Լեզգիները հին ազգ են՝ կովկասյան լեզվաընտանիքի ներկայացուցիչ, պատմական Ալբանիայի բնիկ ազգերից։ Հայկական և արաբական աղբյուրներում կովկասյան լեռնային ժողովուրդներին լեզգի են կոչել, ինչը վկայում է այս ժողովրդի մեծաքանակության ու ազդեցիկ եղած լինելու մասին։ Լեզգիները քաջ և համարձակ զինվորներ են եղել, դարերի ընթացքում բազում հարձակումներ են գործել և պաշտպանվել լեռներում։ Բայցևայնպես՝ չկարողացան դիմակայել «ադրբեջանացմանը»։

1813թ. Գյուլիստանի պայմանագրով՝ լեզգիների երկիրը նույնպես միացվեց Ռուսաստանին։ Ազատ երկիրը գաղութացվեց, սկսվեցին ազգային ընդվզումները։ Լեզգիները ոտքի ելան և 1834-1859թթ. Շամիլի գլխավորությամբ պայքարեցին ողջ ռուսական բանակի դեմ։ Ցարական կառավարությունը «բաժանիր, որ տիրես» ծրագրի համաձայն` 1860թ. Լեզգիստանը բաժանեց երեք մասի՝ Դաղստանյան մարզի, Ելիզավետպոլյան և Բաքվի գավառների։

Խորհրդային իշխանության տարիներին Լեզգիստանի հարավային տարածքները միացվեցին նորաստեղծ Ադրբեջանին։ 1938թ. տպագրված Սովետական մեծ հանրագիտարանում գրված է. «Խախտվել է լեզգի ժողովրդի ազգային միասնությունը, որը բերում է ազգի թուրքացման» (36 հատոր, էջ 238)։ Ադրբեջանցի թուրքերի նպատակը մեկն է՝ հեռացնել լեզգիներին իրենց պատմական տարածքից և այնտեղ բնակեցնել երեկվա քոչվորներին։ Այդ ծրագիրն այսօր մասամբ հաջողված է՝ Լեզգիստանի Կուսարի և Կուտկաշեն շրջաններում տեղաբնակները փոքրամասնություն են կազմում (1936 թվի 96 տոկոսի դիմաց), միայն Խաչմասի, Վարդաշենի, Իսմայիլի շրջաններում է առայժմ պահպանվել ժողովրդագրական հավասարակշռությունը։ Քաղաքական գործունեությունն ամենուր նույնն է՝ հետապնդում ազգային հողի վրա, անանցանելի խոչընդոտներ մայրենի լեզգիերենի տարածման ճանապարհին, ազգային մտավորականության վերացում, լեզգիների մասսայական ադրբեջանացում։

Այս պայմաններում Ադրբեջանում դեռևս պահպանվել է 700 հազար լեզգի, որոնք խոսում են մայրենի լեզվով և գիտեն ու համոզված են, որ իրենք են տեղաբնակ և հավատակից թուրքալեզու եկվորներին մեկ մետր հող անգամ զիջելու ցանկություն չունեն։ Երիտասարդները խուսափում են ադրբեջանական բանակում ծառայելուց, մեկնում են Դաղստան կամ Ռուսաստանի խորքերը՝ աշխատանք փնտրելու, և չեն վերադառնում։ Զորակոչը լեզգիաբնակ տարածքներում 30%-ից ավելի ցուցանիշ չի ապահովում։

Մեծ է ադրբեջանական բանակում ադրբեջանցի դարձած սպա լեզգիների քանակը՝ ծառայական բարձր ցուցանիշներով և «թայֆայականությամբ» նրանք լուրջ ազդեցություն և կշիռ ունեն։

ԹԱԼԻՇՆԵՐ

Անհիշելի ժամանակներից թալիշներն ապրում են այսօրվա Ադրբեջանի հարավ-արևելքում և հյուսիսարևմտյան Իրանում։ Նրանք նույնպես եկվոր չեն, ապրում են իրենց իսկ պատմական հայրենիքում, խոսում են հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական խմբի լեզվով։ Մեծամասամբ մահմեդական շիաներ են, կան նաև թալիշ սուննիներ։

Թալիշները սկզբում Մեդական, ապա Իրանական պետության ենթակայության տակ էին, իսկ 18-րդ դարի կեսերին Նադիր շահի սպանությունից հետո ձեռք բերեցին անկախություն։ Ստեղծվեց Թալիշական խանությունը՝ Լենքորան մայրաքաղաքով։ 1795թ. Թալիշի խան Միր Մուստաֆան, Իրանի կողմից սպառնալիք տեսնելով, խնդրում է Ռուսաստանի հովանավորությունը։ 1813թ. Գյուլիստանի պայմանագրի համաձայն` Թալիշական խանությունը միացվեց Ռուսաստանին։ Հետագայում՝ 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով, պետական սահմանը թալիշ ազգին բաժանեց Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։

1926թ. մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանում ապրում էր 80624 թալիշ, իսկ 1931թ. տվյալներով՝ 89398 մարդ, որոնց մեջ չէին հաշվառվել Լենքորան քաղաքի 11688 թալիշ բնակիչները։ Կոպիտ հաշվարկներով կարելի է ասել, որ այդ թվականներին թալիշների թիվը 100 հազարի էր հասնում։ Համեմատության համար կարելի է նշել, որ 1926թ. Ադրբեջանի բնակչությունը կազմում էր 1 մլն 241 հազար 758 մարդ։

Պարզ է, որ հետագայում թալիշների թիվը պետք է աճեր, քանի որ նրանք հայտնի են իրենց երկարակեցությամբ և շատ երեխաներ ունենալու ավանդույթով, սակայն ոչ միայն աճ չգրանցվեց, այլև, ընդհակառակը, թալիշները սկսեցին պարզապես վերանալ։ 1970թ. մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանում արդեն թալիշներ չկային։ Իսկ իրականում թալիշների թիվն անցնում է կես միլիոնից։

Ժամանակն է, որ ամբողջ մարդկությունն իմանա թալիշ ազգի այսօրվա գոյության ու պատմական առաքելության մասին, այդքան հեշտ չեն վերանում հազարավոր տարիների քաղաքակրթություն ունեցող ազգերը։

Շարունակելի

ԱՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #40 (956) 11.10.2012 – 17.10.2012, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


17/10/2012