Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ



Ռուս ժողովրդի հոգեբանությունն էապես տարբերվում է Ասիայի և Եվրոպայի ժողովուրդների հոգեբանությունից: Ռուս փիլիսոփա Ն.Ա.Բերդյաևը նշում էր, որ ի տարբերություն արևմտյան ժողովուրդների` ռուսների հոգևոր կյանքն ավելի արտահայտիչ է` իռացիոնալ, անկազմակերպ և չկանոնակարգված տարրերով լի, նրանք ավելի մեծ նշանակություն են տալիս հասարակական կարծիքին և ավելի շփվող են:

Բերդյաևի տեսակետը հիմնավորվում է ռուս ժողովրդի պատմական զարգացման առանձնահատկություններով` դաստիարակության, դավանության, իշխանության և այլ գործոնների ազդեցությամբ:

Մինչ Պետրոս Առաջինի իշխանության գալը պետության կառավարումը տեղի էր ունենում հասարակության մեջ կառավարման հանդեպ հետաքրքրության ստեղծման շնորհիվ: Պետրոս Առաջինի օրոք իրավիճակը փոխվեց: Կայսրը եռանդուն անձնավորություն էր և իր ակտիվության շնորհիվ էլ կարողացավ գահի համար մղված պայքարում հաղթել քրոջը: Սակայն ժողովրդին օտար էին նման շտապողականությունն ու ակտիվությունը, նա դեռ անցյալի իներցիայի ազդեցության ներքո էր, որը կարելի էր վերացնել միայն իշխանության պահանջկոտությամբ և խստությամբ, որոնք էլ դարձան Պետրոսի կառավարման հիմնական գործիքները: Բնական է, որ դա պետք է հակակրանք առաջացներ ժողովրդի մեջ, սակայն նրա դեմ որևէ նշանակալի խռովություն չեղավ, ինչից կարելի է ենթադրել, թե կայսրին հաջողվել էր ժողովրդի մեջ արմատավորել վախ իշխանության հանդեպ: Մինչդեռ վախի տևական վիճակը մարդկանց մեջ ենթագիտակցաբար ցանկություն է առաջացնում վախ առաջացնելու նաև այլոց մեջ, ու թերևս հենց սրանով կարելի է բացատրել հետագայում բռնկված արյունալի և աննպատակ խռովությունները:

Հայտնի է, որ մարդու հոգեկանն ունի միջավայրի փոփոխվող գործոններին հարմարվելու հատկություն: Երբ մարդուն ճնշում են, նրա հնարավոր արձագանքները հետևյալն են`

♦ բողոքելը` աջակցություն փնտրելով,

♦ շփոթվելը և գործելը` փորձելով պահպանել կայունություն և վստահություն իր ուժերի նկատմամբ,

♦ հարմարվելը:

Վերջինս արտաքին ուժեղ ճնշման պայմաններում գործունեությունից և պատասխանատվությունից խուսափելու միջոց է: Պատասխանատվությունից խուսափելու արդարացումը դրսևորվում է այսպես` «Ես փոքր մարդ եմ, ինձնից ոչինչ կախված չէ»: Թերևս այս մեխանիզմը գործեց նաև ռուս ժողովրդի պարագայում. հարմարվելու ծայրահեղ դրսևորումները հանգեցրին ֆունկցիոնալ ինքնապաշտպանության` կառավարման հանդեպ անտարբերության տեսքով: Հասարակ մարդկանց մեջ գերակշռում էր «Միայն թե ոչ ինձ» (խորհրդային հասարակության մեջ` «Միայն թե պատերազմ չլինի») դիրքորոշումը: Մարդիկ սկսեցին սպասել, թե ինչ է լինելու: Փաստորեն, ռուսական իրականության մեջ սպասելը անգործությունն է, արտաքին աշխարհի փոփոխություններին չարձագանքելը: Այստեղից էլ` անգործության միջոցով հարմարավետության հասնելու ցանկությունը. «Աշխատանքը գայլ չէ, անտառ չի փախչի», պնդում է ռուսական ժողովրդական ասացվածքը: Միգուցե այստե՞ղ է ռուսների` որպես «ուրախ», «խնջույքասեր ազգի» մասին ձևավորված կարծրատիպի ակունքը:

Բազմաթիվ հեղինակներ միակարծիք են, որ ռուս ժողովրդին հատուկ է «համայնքային», «կոմունիստական» հոգեբանությունը. ֆրանսիացի քաղաքական գործիչ Ալեքսիս դե Տոկվիլի այն աֆորիզմը, որ «Հավասարության և ազատության միջև ընտրելիս մարդիկ նախապատվությունը տալիս են հավասարությանը», ամբողջովին վերաբերում է ռուս ժողովրդին: Բայց այդ ընտրությունը հազիվ թե գիտակցված էր, քանի որ դրան նպաստել էին պատմական մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, Պետրոս Առաջինը ձգտում էր մեծացնել Ռուսաստանի սահմանները, ինչի համար անհրաժեշտ էին ֆինանսական ռեսուրսներ: Այն ժամանակ դրանք գտնել հնարավոր էր միայն ժողովրդին աղքատության մատնելու հաշվին: Եվ մարդիկ գոյատևելու համար սկսեցին միավորվել` համատեղ ուժերով հաղթահարելու դժվարությունները, ապավինել ոչ միայն իրենց ուժերին, այլև բարեկամներին, մտերիմներին ու հարևաններին, ակամա սկսեցին ավելի սերտորեն շփվել միմյանց հետ, մարդկային հարաբերությունները դարձան ավելի «բաց», ուժեղացավ համայնքի դերը մարդկանց կյանքում:

Մարդիկ ենթագիտակցաբար ձգտում էին աչքի չընկնել և ուրիշներից չտարբերվել: Այնինչ կյանքում հասարակ, սովորական, «փոքր մարդ» երևալու ձգտումը ուներ նաև հակառակ ազդեցությունը. սեփական նշանակալիությունը վերականգնելու ցանկությունը շատերի մեջ վերաճեց սեփական բացառիկության գիտակցման: Իսկ այդ որակը ժխտում է օտարի փորձն ու գիտելիքը («Մենք կգնանք մեր ճանապարհով» կարգախոսը դրա արտահայտությունն է): Դժվար չէ նկատել, որ կենսական նման դիրքորոշումը մեծացնում է սխալների հավանականությունը, և հաճախ այնպես է ստացվում, որ «մարդն ինքն իր համար խնդիրներ է ստեղծում, ապա սկսում է հերոսաբար հաղթահարել դրանք»:

Ռուսներն իրենց մասին ասում են. «Մենք չենք սիրում նրանց, ովքեր գլուխ են գովում և չափից ավելի լավատես են, նույնիսկ նրանց, ովքեր միշտ ժպտում են… Չենք սիրում: Մենք յուրաքանչյուրին վերաբերվում ենք կասկածանքով»: Այս առումով հետաքրքիր է «World Values Survey» (WVS, «Արժեքների համաշխարհային ուսումնասիրություն») կազմակերպության` վերջերս կատարած ուսումնասիրությունը: Արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանում բավականին ցածր է «երջանկության վարկանիշը», ինչը այնքան մտահոգիչ է, որ նույնիսկ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Ինգլհարտը հրավիրվեց Ռուսաստան` սոցիալական այդ «հիվանդությունը» ախտորոշելու և բուժելու:

Փաստորեն, ռուսներն այնքան էլ երջանիկ ազգ չեն, որքան թվում է առաջին հայացքից:

Շարունակելի

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #40 (956) 11.10.2012 – 17.10.2012, Ռազմական


17/10/2012